Facebook   Twitter
 
Մեկնարկում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը. մեր պատվիրակներն ակտիվ նախապատրաստվում են

Մեկնարկում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը. մեր պատվիրակներն ակտիվ նախապատրաստվում են

21 Ապրիլի 2017 - 19:27

Ապրիլի 24-ին՝ հայերիս համար խորհրդանշական այդ օրը մեկնարկում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքը, որին կմասնակցի հայկական պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ և ԵԽԽՎ փոխնախագահ , պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Նստաշրջանի օրակարգում քննարկվելիք հարցերի շուրջ ավելի մանրամասն զրուցեցինք տիկին Նաղդալյանի հետ:


- Երկուշաբթի մեկնարկող ԵԽԽՎ նստաշրջանը հետաքրքիր քննարկումներով լի է լինելու, այնպես չէ՞:


- Նստաշրջանը առանձնահատուկ է, կասեի՝ բացառիկ: Թեմատիկ կարևորություններն ու առանձնահատկություններն , իհարկե, շատ են և ակներև՝ ելնելով, նախևառաջ, այն զարգացումներից, որոնք առկա են այսօր միջազգային քաղաքական ասպարեզում և համաեվրոպական քաղաքական գործընթացներում: Դրանցից, բնականաբար, որևէ մեկը չեն կարող շրջանցվել կամ չբարձրաձայնվել ԵԽԽՎ-ի այս նստաշրջանի քննարկումների ընթացքում: Բայց, թերևս կարևորագույն առանձնահատկությունը կոռուպցիոն սկանդալներն են , որոնք ցնցում են և շարունակում են ցնցել Եվրոպայի խորհուրդը: Դրանցից մեկը՝ դեռևս չավարտված՝ Լուկա Վոլոնտեի գործի հետ կապված զարգացումներն ընթացքի մեջ են , դրանց վերաբերյալ ԵԽԽՎ-ն որոշումներ է կայացրել նախորդ նստաշրջանի ժամանակ , և հաջորդող Բյուրոյի նիստերում կոռուպցիայի դեմ պայքարի համար ԵԽԽՎ-ի կողմից հատուկ անկախ հետաքննական քաղաքական մարմին ստեղծելու մասին: Եվրոպայի խորհրդի մի շարք ազգային պատվիրակություններ և քաղաքական խմբեր շատ լուրջ վերաբերմունք ՝ հետևողականություն և հաստատակամություն են արտահայտում այդ խնդիրները դիտարկելով որպես Եվրոպայի խորհրդի պատվի և վստահության խնդիր: Այս ամենին վերջին շաբաթների ընթացքում ավելանում է նաև ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի անվան հետ կապված ևս մեկ ճգնաժամ՝ կոռուպցիոն մեղադրանքի տեսքով, որը, բնականաբար , գլխավոր թեմա է լինելու ԵԺԿ քաղաքական խմբում , և արծարծվելու է նաև լիագումար քննարկումների ժամանակ:


Պետք է նշել, որ, ընդհանուր առմամբ, աննախադեպ իրավիճակ է Եվրոպայի խորհրդում և վեհաժողովում, երբ կազմակերպության ղեկավարի՝ ամենաբարձր դիրքում կանգնած անձնավորության հասցեին հնչեցվում են նման մեղադրանքներ և դրսևվորվում խորը անվստահություն: Այդ առումով ԵԺԿ քաղաքական կուսակցությունների խումբը և ԵԽԽՎ ԵԺԿ խմբակցությունը շատ լուրջ խնդիրների առաջ են կանգնած, նման քաղաքական ճգնաժամը լրջագույն փորձություն է և խումբը չի կարող դա շրջանցել ,այլ պարտադրված է լինելու ինչ-որ որոշում կայացնելու և ելք գտնելու այդ փակուղուց, մանավանդ , որ արդեն իսկ մի շարք պատվիրակությունների կողմից տարբեր նախաձեռնություններ են շրջանառվում: Ուզում եմ ընթերցողին տեղեկացնել նաև, որ օրերս անգլիական ,,Գարդիանը,, հրապարակեց ևս մեկ տեղեկատվություն՝ ԵԽԽՎ ում ադրբեջանական լայնածավալ կոռուպցիայի մասին, որի ծավալը, ըստ ադրբեջանական նախկին դիվանագետի / իրազեկ մարդ է ասողը/, կազմում է 30 մլն. ԱՄՆ դոլար,կամ 25 մլն. ֆունտ ստեռլինգ: Սրանք բոլորը դառնալու են քննարկման առարկա, այսինքն՝ այս իմաստով նստաշրջանը բավականին սուր և լարված է ընթանալու:


-Օրակարգում ընդգրկված հարցերից որո՞նք կառանձնացնեիք իրենց կարևորությամբ:


-Օրակարգում բազմաթիվ կարևոր հարցեր կան և ներառված են արդի ժամանակի կարևոր խնդիրները, նկատի ունեմ և՛ սիրիական ճգնաժամը և՛ Մերձավոր Արևելքում զարգացումներն ընդհանուր վերցված, և՛ ահաբեկչության դեմ միջազգային պայքարը, և՛ Թուրքիայի իրադարձությունները, որոնք արդեն մի քանի ամիս շարունակ միջազգային հանրության , այդ թվում և՝ ԵԽԽՎ-ի ուշադրության կենտրոնում են: Երկուշաբթի մեկնարկելիք նստաշրջանի օրակարգում է Թուրքիայի խնդիրը՝ այս անգամ արդեն ոչ թե հատուկ կամ հրատապ քննարկման ձևաչափում, այլ որպես կանոնավոր քննարկում, որը վերաբերելու է Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության խնդիրներին: Ինչպես գիտեք, զեկուցողներ նորվեգացի պատգամավոր Գոդսքեսընը և Էստոնիայի ներկայացուցիչ Միքքոն բավականին լուրջ, բազմակողմանի առաջարկներով զեկույց են պատրաստել, սրան կգումարվի նաև Թուրքիայում վերջերս անցկացված հանրաքվեն, որի նկատմամբ ծանրակշիռ վերապահումներ ու պնդումներ ունի միջազգային հանրությունը՝ կապված թե՛ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե անցկացնելու հետ, թե՛ մարդու իրավունքների համատարած խախտումներին, որոնք տեղի են ունեցել հանրաքվեի ժամանակ: Այսինքն՝ Թուրքիա-Եվրոպա, նաև՝ Թուրքիա- ԵԽԽՎ հարաբերությունները լինելու են օրակարգային, քանզի միջազգային հանրությունը պարզ տեսնում է մարդու իրավունքների պաշտպանության նահանջն ու ժողովրդավարական զարգացումների հետընթացն այդ երկրում:


-Հայաստանին առնչվող հարցեր կա՞ն:


- Ուղղակիորեն մեզ առնչվող որևէ խնդիր չունենք, միայն խորհրդարանական ընտրությունների հետ կապված արձագանքն ունենք, որը դեռ քննարկման փուլում է: Անշուշտ, կարևոր է նաև , որ նստաշրջանը մեկնարկում է ապրիլի 24-ին՝ հայոց ցեղասպանության օրը, և մեր պատգամավորները անպայմանորեն եվրոպական պատվիրակների ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռելու են ցեղասպանության դեմ համամարդկային պայքարի խնդիրների վրա: Շատ կարևոր հանգամանք է լինելու Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մուժնիեքսի տարեկան զեկույցը՝ 2016 թ-ի գործունեության մասին, որի մեջ կան հետաքրքիր շեշտադրումներ , մի ամբողջ գլուխ ՝ նվիրված Ադրբեջանին առնչվող բազմապիսի ,,քեյսերին,,/գործերին/ : Բավական լուրջ անդրադարձ է կատարված Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված խնդիրներին, մինչդեռ Հայաստանը չի արծարծվում:


Մեր պատգամավորները բավականին ակտիվ մասնակցելու են օրակարգային հարցերի քննարկմանը՝ ինտերպոլ համակարգի չարաշահման վերաբերյալ հարցին, որի ընթացքում մենք անդրադառնալու ենք և՛ Լապշինի ապօրինի արտահանձման նախադեպին, և՛ ինտերպոլ համակարգի՝ ի չարս օգտագործման անթույլատրելիությանը, և՛ իրավական երաշխիքների հստակեցման խնդիրներին: Մեր պատվիրակներն անդրադառնալու են նաև խոսքի , մտքի ազատության սահմանափակման, լրագրողների մասնագիտական աշխատանքների խափանման դեպքերին և այս ոլորտում առկա խնդիրներին:


-Տիկին Նաղդալյան, իսկ ո՞վքեր են մեր պատվիրակության կազմից այս անգամ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին:


-Մեր պատվիրակությունը նստաշրջանին մասնակցում է կրճատված կազմով, չեն մասնակցելու ԲՀԿ պատգամավորներ՝ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, ՕԵԿ-ից ՝Մհեր Շահգելդյանը: Պետք է նաև փաստեմ, որ մեր պատվիրակները , անկախ պատվիրակության կազմից և օրակարգում մեզ ուղղակիորեն առնչվող հարցերի առկայությունից , բոլոր ուղղություններով ակտիվ նախապատրաստվում են և աշխատելու են՝ ևս մեկ անգամ առիթն օգտագործելով Հայաստանին հուզող խնդիրների բարձրաձայնման համար:



 
Նմանատիպ նորություններ
Կարեն Կարապետյանն ու Բակո Սահակյանը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը
24 Ապրիլի 2018 - 12:00
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին Երևան քաղաքում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ:
7 երկրների ԱԳ նախարարները Տորոնտոյում քննարկել են ահաբեկչության դեմ պայքարը եւ ժողովրդավարության ամրապնդման ջանքերը
24 Ապրիլի 2018 - 11:25
«Մեծ յոթնյակի» (Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա եւ ԱՄՆ) արտաքին գործերի նախարարները եւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Տորոնտում հանդիպման ժամանակ պայմանավորվել են համատեղ պաշտպանել աշխարհակարգը եւ պայքարել ահաբեկչության դեմ։ Այս մասին նշված է նրանց համատեղ հայտարարությունում, որը տարածել է Կանադայի ԱԳՆ–ն, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Այսօր մեր նորագույն պատմության հերթական դժվարին փուլն ենք անցնում. Կարեն Կարապետյան
24 Ապրիլի 2018 - 11:17
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:
Մեր ժողովուրդը կարողացավ վերապրել այդ արյունալի աղետը եւ ոչ միայն վերապրել, այլեւ նորից կառուցել տուն ու օջախ. Բակո Սահակյանի ուղերձը
24 Ապրիլի 2018 - 10:23
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ուղերձ է հղել ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուղերձով դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին
24 Ապրիլի 2018 - 10:17
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ին ուղերձով դիմել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Ուղերձում ասվում է.
Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության չմոռացվող էջը. Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից
24 Ապրիլի 2018 - 09:57
1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Սերժ Սարգսյանը կմնա ՀՀԿ-ի ղեկավար. Գագիկ Մինասյան
23 Ապրիլի 2018 - 23:11
«Սերժ Սարգսյանի քայլը, նրա լայնախոհության և իր՝ ժողովրդի զավակ լինելու երևույթն է ընդգծում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3943
 
Լրահոս`