Facebook   Twitter
 
Արցախն ավելի մոտ է անկախության միջազգային ճանաչմանը, քան Կոսովոն ու Հարավային Սուդանը, բայց չի ճանաչվում, որովհետև մեծ խաղացողներն ունեն իրենց շահերը. կոնֆլիկտաբան

Արցախն ավելի մոտ է անկախության միջազգային ճանաչմանը, քան Կոսովոն ու Հարավային Սուդանը, բայց չի ճանաչվում, որովհետև մեծ խաղացողներն ունեն իրենց շահերը. կոնֆլիկտաբան

12 Հոկտեմբերի 2017 - 20:37

Ադրբեջանը կսկսի լայնամասշտաբ պատերազմ, երբ ալիևյան կլանն իշխանությունը կորցնելու վտանգի առջև կանգնի և պատերազմով իրենք կփորձեն շեղել ժողովրդի ուշադրությունը, որպեսզի մարդիկ համախմբվեն արտաքին թշնամու դեմ՝ մոռանալով իշխանության փոփոխության մասին:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց կոնֆլիկտաբան, բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը: Վերջինս նշեց, որ Ադրբեջանի համար կա հակամարտության կարգավորման երկու տարբերակ՝ բանակցություններ ու պատերազմ, բայց բանակցություններում Ալիևը որդեգրել է «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքը, իսկ ռազմական ճակատում, ինչպես ցույց տվեց ապրիլյան պատերազմը, հաջողության չեն հասնում: Նա նշեց, որ Ղարաբաղն ավելի մոտ է անկախության միջազգային ճանաչմանը, ավելի մոտ՝ քան Կոսովոն ու Հարավային Սուդանը, բայց չի ճանաչվում, որովհետև մեծ խաղացողներն ունեն իրենց շահերը:

- Արդյոք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա կարո՞ղ են ազդել Կատալոնիայի անկախության հանրաքվեն և դրա շուրջ միջազգային հիմնարար սկզբունքների, մասնավորապես՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վերաբերյալ տեղի ունեցող փոփոխությունները:

- Ոչ: Թվում է, որ կա միջազգային օրենք, միջազգային մեխանիզմ, որով ճանաչվում են նոր պետությունները, բայց այդպես չէ: 2008թ.-ին Սերբիան դիմեց ՄԱԿ Ընդհանուր ժողովին` խնդրելով, որ միջազգային դատարանը կարծիք հայտնի` արդյոք կարո՞ղ է Կոսովոյի ժողովուրդն առանց հանրաքվեի անցկացման միակողմանի հայտարարել, որ անկախ պետություն է իրեն հռչակում: Այդ ժամանակ ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովն ասաց, որ կարող է։ Ամեն ինչ արվեց, որ Կոսովոն չդիտարկվի որպես նախադեպ: Մինչև միջազգային դատարան դիմելը Կոսովոն ճանաչվել էր մի շարք պետությունների, այդ թվում՝ ԱՄՆ կողմից, և տարօրինակ կլիներ, որ միջազգային դատարանը եզրակացներ, որ Կոսովոյի ժողովուրդը անկախություն հռչակելու իրավունք չունի: Հետաքրքիրն այն է, որ երբ Սերբիան դիմեց ՄԱԿ Ընդհանուր ժողովին, Իսպանիան կողմ էր, որ միջազգային դատարանը եզրակացություն աներ Կոսովոյի վերաբերյալ:

Կոսովոյի մասին միջազգային դատարանի հիմնավորումը կարդալիս կարելի է համոզվել, որ Ղարաբաղն ավելի մոտ է կանգնած անկախության հռչակումը ընդունելու վերաբերյալ նրանց տված չափանիշներին: Ղարաբաղը ոչ միայն մոտ է անկախության ճանաչման նրանց տեսակետին, ավելին՝ անկախության հանրաքվե է անցկացրել, ունի պետական ինստիտուտներ: Համոզված եմ, որ անկախության ճանաչման միջազգային ընդհանուր մեխանիզմ չկա, կա քաղաքական կամք, կան մեծ խաղացողների շահեր:

Միջազգային դատարանի հիմնավորման մեջ ասվում է, որ Սերբիան մարդու իրավունքների զանգվածային խախտումներ է իրականացրել և Կոսովոն ունի անկախանալու իրավունք: Իսկ Ղարաբաղի խնդիրը Կոսովոյից շուտ է առաջացել, բայց միջազգային հանրության դիրքորոշումն այլ է: Լինի Քրդստանը, Կատալոնիան կամ մեկ այլ տարածաշրջան, որը ցանկանում է անկախանալ, ուզում է, որ անկախությունը ճանաչվի, ապա պետք է «հովանավոր» ունենա: Երկու շաբաթ առաջ Հայաստանում մեծ ոգևորություն կար, ասում էին, որ Կատալոնիայի անկախությունը կճանաչվի, դա ազդեցություն կունենա Ղարաբաղի վրա, բայց մենք պետք է ռեալ մոտենանք այս հարցին: Իհարկե, լավ կլիներ, որ նրանց անկախությունը ճանաչվեր, բայց դա, ինչպես անգլերենում են ասում՝ wishfull thinking հարթության մեջ է, այսինքն՝ ցանկալին ընդունում ես որպես իրականություն:

- Եթե Ղարաբաղն այդքան մոտ է անկախության ճանաչման միջազգային չափանիշներին, և անգամ ավելին է, քան այդ միջազգային չափանիշներով ճանաչված Հարավային Սուդանն ու Կոսովոն, ի՞նչն է այդ դեպքում խանգարում միջազգային հանրությանը ճանաչել Ղարաբաղի անկախությունը:

- Այո, Ղարաբաղն ավելի մոտ է անկախության ճանաչման սկզբունքներին և ավելին, որովհետև Ղարաբաղն արդեն կայացած պետություն է: Բայց Ղարաբաղը չի ճանաչվում, որովհետև կա մեծ խաղացողների շահերի կոնֆիգուրացիա: Երեք մեծ խաղացողների շահերը՝ ԱՄՆ, Եվրամիություն, Ռուսաստան, Ղարաբաղի պարագայում ինչ-որ չափով համընկնում են, նրանք չեն ուզում, որ պատերազմ լինի, ուզում են, որ տարածաշրջանը խաղաղ լինի, կայուն լինի, միաժամանակ չեն ուզում աջակցել հակամարտության կողմերից մեկին, որպեսզի մյուսը չդառնա «տուժած»: Իսկ պատճառն այն է, որ ունեն մի շարք շահեր:

- Երբ հարց են տալիս, թե ինչո՞ւ գերտերությունները չեն ճանաչում Ղարաբաղի անկախությունը, նրանք պատասխան հարց են տալիս՝ իսկ ինչո՞ւ չի ճանաչում Հայաստանը:

- Կա երկու պատճառ, թե ինչու Հայաստանը չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը: Առաջինն այն է, որ դրանից հետո, չեմ կարծում, որ կսկսվի ճանաչման լայնածավալ փուլ և մի շարք պետություններ անմիջապես հետո կճանաչեն ԼՂ անկախությունը: Երկրորդ պատճառն այն է, որ Հայաստանը դուրս կմնա բանակցային գործընթացից, իսկ դա կմեծացնի լայնածավալ պատերազմի հավանականությունը: Պատերազմը ոչ միայն գերտերությունների շահերից չի բխում, այլև՝ մեր:

Ո՞րն է մեզ համար ավելի կարևոր, որ Ղարաբաղը կայացած պետությո՞ւն է, թե՞ որ մյուս պետությունները ճանաչեն Ղարաբաղի անկախությունը: Կարծում եմ, որ, իհարկե, շատ լավ կլիներ, եթե Ղարաբաղի անկախությունը միջազգայնորեն ճանաչվեր, բայց ավելի կարևոր է, որ Ղարաբաղն ավելի հզորանա: Այդ պարագայում մնացածը կդառնա ժամանակի հարց և անգամ կգա մի պահ, երբ Ադրբեջանին դժվար կլինի չընդունել Ղարաբաղի անկախությունը: Կատալոնիան հազար կապերով կապված է Մադրիդի հետ: Իսպանիային միլիոնավոր դոլարներ բերող ֆուտբոլային ակումբը որտե՞ղ է խաղալու՝ իսպանական լիգայո՞ւմ, թե՞ առանձին միավոր կդառնա: Իսկ Ղարաբաղը Բաքվի հետ որևէ կապերով շղթայված չէ, 25 տարի է` անկախ է, առաջին հերթին` Ղարաբաղը անկախ է Ադրբեջանից:

- Ինչո՞ւ եք կարծում, որ կգա մի օր, երբ Ադրբեջանը կընդունի Ղարաբաղի անկախությունը. չէ՞ որ անկախության 25 տարիների ընթացքում Ադրբեջանն այդպես էլ չհամակերպվեց Ղարաբաղի կարգավիճակի հետ:

- Ադրբեջանը չի համակերպվում Ղարաբաղի անկախ կարգավիճակի հետ, որովհետև համոզված է, որ տնտեսությամբ հզոր է, ռազմական մեծ հնարավորություն ունի ու խաղաղ կարգավորմանն, իրենց տեսանկյունից, կա այլընտրանք՝ ռազմական ճանապարհը: Բայց իրենց միայն թվում է, որ ունեն ռազմական այլընտրանք, իրենց միայն թվում է, որ մեկ օրում կարող են գրավել Ղարաբաղը:

Նրանք 25 տարի է ապրում են այդ միֆով: Նրանց քարոզչությունը հիմնված է այն թեզի վրա, որ իրենք ճիշտ են, որ ունեն տնտեսական առավելություններ, որոնք հիմնված են նավթային ռեսուրսի վրա և մտածում են, որ կհասնեն իրենց նպատակին: Երբ կսպառվի Ադրբեջանի նավթային ռեսուրսը, գուցե Ադրբեջանը փոխի իր դիրքորոշումը, բայց քանի դեռ նավթային ռեսուրսները կան, Ադրբեջանը չի համակերպվում, ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները չի ընդունում: Եռանախագահներն առաջարկում են կարգավիճակ` տարածքների դիմաց կարգավորման տարբերակը, բայց Ադրբեջանի համար դա անընդունելի է, նրանք ուզում են կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ: Լուծումը պետք է լինի փաթեթային, եթե մենք պայմանավորվում ենք, ապա պայմանավորվում ենք ամեն ինչի մասին: Նման մոտեցումն էլ անընդունելի է Ղարաբաղի, Հայաստանի համար:

- Այդ դեպքում, անտեղի՞ են բոլոր ջանքերը, որոնք գործադրվում են բանակցային գործընթացը փակուղուց դուրս բերելու համար:

- Կարելի է պատկերացնել, որ Ալիևը միջազգային ճնշումների տակ համաձայնի փոխել իր դիրքորոշումը, բայց դրա համար հարկավոր է կողմերի վստահությունը միմյանց նկատմամբ, հակառակ դեպքում՝ փոխզիջումներ չեն կարող լինել: Բայց ես չեմ կարծում, որ Ալիևը պատրաստ է նման քայլերի դիմել, որովհետև իր երկրի ներսում ինքն այնպիսի մթնոլորտ է ստեղծել, որ չի կարող արդարացնել դիրքորոշման փոփոխությունը:

Բանակցություններում կարևոր է, որ քեզ դնես մյուս կողմի տեղը, փորձես իրավիճակը հակառակորդի աչքերով նայել, ինչպես շախմատում, և երբ ես ինձ դնում եմ Ալիևի տեղը, տեսնում եմ, որ նրա համար հեշտ չի լինի փոփոխություններ անել: Սա տեսնում են նաև միջնորդները: Սա է պատճառը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կողմերի միջև վստահություն ամրագրելու քայլեր է անում: Բայց Ալիևն ուզում է ամեն ինչ կամ ոչինչ, ուզում են, որ Ղարաբաղը գտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ և քանի դեռ չփոխվի այս մտածելակերպը, առաջընթաց չի գրանցվի:

- Պարո՛ն Մարտիրոսյան, ստացվում է, որ մենք ավելի շատ հեռանում ենք մեծ խաղաղություն հաստատումից, քան մոտենո՞ւմ:

- Չէի ասի, թե մենք հեռանում ենք ԼՂ հակամարտության կարգավորումից, խաղաղության հաստատումից, որովհետև բանակցությունների այլընտրանք՝ պատերազմը, ինչպես տեսանք ապրիլյան իրադարձությունների ժամանակ, անհաջող էր նրանց համար: Թեև իրենք քարոզչության շրջանակներում ասում են, որ հաղթել են այդ պատերազմում, բայց իրականում հասկանում են, որ հաջողություն չունեցան, հասկանում են, որ եթե չդադարեցնեին այն, հայկական կողմը հակագրոհ էր նախաձեռնելու և գուցե պատերազմն ավարտվեր իրենց համար տարածքային կորուստներով: Կարծում եմ, որ Ադրբեջանը կսկսի պատերազմ, երբ ալիևյան կլանը իշխանությունը կորցնելու վտանգի առաջ կանգնի և պատերազմով իրենք կփորձեն շեղել ժողովրդի ուշադրությունը, որպեսզի մարդիկ համախմբվեն արտաքին թշնամու դեմ՝ մոռանալով իշխանության փոփոխության մասին: Բայց ադրբեջանական կողմի վրա պատերազմը նման ազդեցություն չի կարող ունենալ, իրենք խուճապի մեջ են հայտնվում, իսկ Հայաստանում հակառակն է, ապրիլյան պատերազմի ժամանակ, չնայած բոլոր տարաձայնություններին, մենք համախմբվեցինք:

- Ռուսական փորձագիտական շրջանակները հակամարտության կարգավորման նոր թեզ են առաջ քաշում՝ ելնելով այն տեսակետից, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներն ընդունելի չեն կողմերից առնվազն մեկի համար: Նրանք ասում են, որ եթե Ղարաբաղն ու Ադրբեջանը դառնան Եվրասիական տնտեսական միության մաս, ինչպես ժամանակին ԽՍՀՄ պարագայում էր, ապա մեկ ընտանիքում, մեկ միությունում տարածքային վեճեր այլևս չեն լինի: Ողջամտության հատիկ տեսնո՞ւմ եք:

- Համոզված եմ, որ Մոսկվայում կան մարդիկ, ովքեր ուզում են տեսնել «ԽՍՀՄ 2»-ը, վերականգնեն ռուսական կայսրությունը, բայց նույն գետը երկու անգամ չեն մտնում: Մենք եղել ենք ԽՍՀՄ-ում, գիտենք, թե դա ինչ էր, Ղարաբաղը կորցնում էր հայությանը, մենք տեսել ենք Նախիջևանի օրինակը, ու այս ամենից հետո նորից մտնել նույն հարաբերությունների մեջ, մտածել, որ այլ կերպ կլինի… Դա հնարավոր չէ: Բացի դրանից` չեմ կարծում, թե Ադրբեջանն ուզում է դառնալ ԵԱՏՄ անդամ։ Եթե նրանք ցանկանային, վաղուց կմտնեին ԵԱՏՄ:

Մանրամասները՝ տեսանյութում։

 
Նմանատիպ նորություններ
Երեխայի ներսում մակաբույծ երկվորյակ են հայտնաբերել (Լուսանկար)
17 Դեկտեմբերի 2017 - 21:32
Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ութար-Պրադեշ նահանգում արտառոց դեպք է գրանցվել, երեք ամսական երեխայի ծնողները նկատել են, որ նրա փորիկը փքվել է և ուժեղ ցավեր ունի: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «The Sun»-ին:
Մեծ Բրիտանիայի ՊՆ-ի խնդրանքով Twitter-ը փակել է «նախարարների» ֆեյք էջերը
17 Դեկտեմբերի 2017 - 21:28
Ամերիկյան Twitter ընկերությունը Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի բողոքից հետո երեք ֆեյք էջեր է փակել։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։
Լիտվայում տեղի է ունեցել Ձմեռ պապերի եւ սուրբծննդյան այլ պերսոնաժների վազքը
17 Դեկտեմբերի 2017 - 20:44
Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի փողոցներում 42-րդ անգամ տեղի է ունեցել ավանդական ամանորյա վազքը, որի ընթացքում մասնակիցների քանակի առումով ռեկորդ է սահմանվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Իրանում դպրոցները փակել են օդի աղտոտվածության պատճառով
17 Դեկտեմբերի 2017 - 20:42
Իրանի իշխանությունները որոշում են կայացրել փակել Թեհրանի և երկրի այլ մասերում գտնվող դպրոցները՝ մայրաքաղաքում օդի աղտոտվածության պատճառով:
Սաուդյան Արաբիան սկսել է երկրում ուրանի պաշարների գնահատումներ իրականացնել
17 Դեկտեմբերի 2017 - 19:56
Սաուդյան Արաբիան նախագիծ է գործարկել ուրանի ռեսուրսների՝ որպես էներգիայի այլընտրանքային աղբյուրի ուսումնասիրության և գնահատման համար:
Սաակաշվիլիի կողմնակիցները Կիեւում շենքը գրավելու անհաջող փորձից հետո վերադարձել են Ռադայի մոտ հանրահավաքի վայր
17 Դեկտեմբերի 2017 - 19:53
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի կողմնակիցները որոշել են շարունակել բողոքի ակցիան Գերագույն Ռադայի մոտ վրանային ավանի տարածքում այն բանից հետո, երբ Հոկտեմբերյան պալատը գրավելու անհաջող փորձ են արել։ Ռադայի մոտ վերադառնալու կոչով ցուցարարներին դիմել է ինքը՝ Սաակաշվիլին։
Անկարան շուտով Պաղեստինում Թուրքիայի դեսպանություն կբաց
17 Դեկտեմբերի 2017 - 19:51
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի վստահություն է հայտնել, որ Անկարան շուտով Պաղեստինում Թուրքիայի դեսպանություն կբացի Արևելյան Երուսաղեմում:
ԻՊ-ի կողմնակիցները հարձակում են իրականացրել Պակիստանի եկեղեցիներից մեկում
17 Դեկտեմբերի 2017 - 19:47
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակիցները հարձակում են իրականացրել Պակիստանի հարավարևմտյան շրջանում գտնվող քրիստոնեական եկեղեցու վրա:
Ֆիլիպիններում սողանքը 26 մարդու կյանք է խլել
17 Դեկտեմբերի 2017 - 19:43
Ֆիլիպինների կենտրոնական հատվածում մի շարք սողանքներ են տեղի ունեցել, որի հետեւանքով 4 քաղաքներում մահացել է առնվազն 26 մարդ, հաղորդում է «Վեստի»-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3320
 
Լրահոս`