Facebook   Twitter
 
Սեւանի համայնքապետարանը մոտ 100 մլն-ի պարտք ունի, քաղաքի գույքն արգելանքի տակ է

Սեւանի համայնքապետարանը մոտ 100 մլն-ի պարտք ունի, քաղաքի գույքն արգելանքի տակ է

12 Սեպտեմբերի 2017 - 18:49
Իտալական «Սուարդի» բաժնետիրական ընկերության հայաստանյան մասնաճյուղը՝ «Սուարդի Արմենիա» ԲԸ-ն, 2016թ. դեկտեմբերին դատական հայց է ներկայացրել Սեւանի համայնքապետարանի դեմ: Այս մասին գրում է hetq.am:
Ընկերությունը 2015թ. 114.9 մլն դրամի փոսային հիմնանորոգման աշխատանք է կատարել Սեւան քաղաքում (9207 քմ), որի դիմաց չի վճարվել: 2016թ. դեկտեմբերի 5-ին «Սուարդի» ԲԸ-ն հայցադիմում է ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Սեւանի համայնքապետարանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին: Դեկտեմբերի 8-ին դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել եւ արգելանք է դրել համայնքապետարանի գույքի եւ դրամական միջոցների վրա:

Սեւանի համայնքապետարանն այդ ընթացքում պարտքից մարել է 50 մլն դրամ, եւ դատարանը դրամական միջոցների վրա դրված կալանքը հանել է: Դեռեւս ագելանքի տակ են համայնքային սեփականություն հանդիսացող 4 շենքեր՝ Գագարին, Գոմաձոր, Ցամաքաբերդ թաղամասերի ակումբները եւ Սեւանի երաժշտական դպրոցի շենքը:

Ինչպես տեղեկացնում է Սեւան համայնքի ղեկավարը, «Սուարդի» ԲԸ հայաստանյան մասնաճյուղին ունեցած պարտքը 01.08.2017թ. դրությամբ կազմում է 64,9 մլն դրամ:

Բացի «Սուարդի» ԲԸ-ից, Սեւանի համայնքապետարանը 9.4 մլն դրամի պարտք ունի «Թեքմոնթ» ՍՊԸ-ին: Այս ընկերությունը 2014թ. 33,6 մլն դրամի փոսային հիմնանորոգում է իրականացրել քաղաքում, որից վճարվել է 24.2 մլն դրամը, պարտքը կազմում է 9.4 մլն դրամ:

2016թ. Սեւանում 18.9 մլն դրամի փոսային հիմնանորոգում է իրականացրել «Վահրադյան ՇԻն» ՍՊԸ-ն, որը չի վճարվել: Այս ընկերությանն ունեցած պարտքը կազմում է 19.9 մլն դրամ, եւս 1 մլն դրամ չի վճարվել նախորդ տարվանից:

«2012-16թթ. ընդհանուր առմամբ իրականացվել է 324.2 մլն դրամի փոսային հիմնանորոգման աշխատանք: 01.08.2017թ. դրությամբ հիմնանորոգման աշխատանքների համար վճարվել է 230 մլն դրամ, պարտքը կազմում է 94.2 մլն դրամ»,- տեղեկացնում են համայնքապետարանից:

Տարեսկզբին Սեւան համայնքի Ֆոնդային բյուջեն 176.2 մլն դրամի պարտք ուներ, որից 171.4 մլն դրամը` ասֆալտապատման, ճանապարհաշինության աշխատանքների մասով: Պարտքերը կուտակվել են 2012-2016թթ. ընթացքում:

2015թ. ամռանը Սեւան քաղաքում ասֆալտապատման լայնածավալ աշխատանքներ էին իրականացվում: Մինչ այդ, քաղաքի քարուքանդ եւ անանցանելի փողոցների վիճակով մտահոգ Սեւանի քաղաքացիական կազմակերպության ներկայացուցիչներն ու մտավորականները բաց նամակով դիմեցին հանրապետության նախագահին եւ վարչապետին: «Այսօր Սեւանի համար բազմաթիվ խնդիրներից գերխնդիր է հատկապես համայնքային ենթակայության ճանապարհների եւ փողոցների անմխիթար վիճակը: Քիչ է ասել անմխիթար. տարիների ընթացքում դրանք, մասամբ ենթարկվելով անորակ փոսային նորոգումների, ներկայումս դարձել են իսկական պատուհաս քաղաքի բնակիչների, նրա հյուրերի համար»,-ասվում էր նամակում:

Կառավարությունը ասֆալտապատման համար գումար հատկացրեց Համաշխարհային բանկի վարկային ծրագրից, պետական բյուջեից Գեղարքունիքի մարզին տրվող «Հրատապ ծրագրից»: Սեւանցիների տեւական պայքարի արդյունքում քաղաքում միանգամից մի քանի ուղղություններով իրականացվում էր ասֆալտածածկույթի վերականգնում, կառուցում, փոսային նորոգումներ: 2015թ. իրականացվել է 13 401 քմ փոսային հիմնանորոգման աշխատանք:

«Իրականացվող աշխատանքների այս հատվածում ավելացել է եւս մեկ տարածք` Կարմիր բանակի փողոցի վերջնամասի` Վլ. Կարապետյանի անվան հրապարակի հարակից պուրակից մինչեւ Հրազդան փողոց (3850 քմ): Նաիրյան փողոցի ասֆալտապատումն ու բարեկարգումը այլեւս դարձել էին անհետաձգելի եւ խիստ հրատապ. քաղաքի գլխավոր փողոցը, որն ունի նաեւ միջհամայնքային նշանակություն, այլեւս աներթեւեկելի էր, անգամ` անանցանելի ...»: «Աշխատանքների ընթացքում ճշտվում են այն հատվածները, որոնք անգամ ներառված չեն նախագծա-նախահաշվային փաստաթղթերում, սակայն ընթացքում կարիք է զգացվում դրանք եւս ընդգրկելու հիմնանորոգվող տարածքների ցանկում ···»,- այս մեջբերումները աշխատանքների իրականացման ժամանակ արված հրապարակումներից են:

Աշխատանքի ծավալն ավելացավ այն ժամանակ, երբ շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով կառավարության անդամների հետ Սեւան այցելեց նախին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Այս տարվա օգոստոսի 14-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Սեւան շրջադարձային եղավ ասֆալտապատման աշխատանքների իրականացման գործում: Քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի կողմից ներկայացված հիմնավորումները՝ Վլ. Կարապետյանի անվան հրապարակն ու հարակից տարածքը ծրագրում ընդգրկելու համար, չմնացին անարձագանք,- գրում է «Արմենպրես»-ը:

Սեւանի նախկին քաղաքապետին հաջողվել էր քաղաքի անանցանելի եւ աներթեւեկելի ճանապարհների թիվը կրճատելու համար պետբյուջեի պահուստային ֆոնդից լրացուցիչ դրամական օժանդակություն ստանալու խոստում կորզել վարչապետից: Ասֆալտապատումն իրականացնող կազմակերպությունները, մասնավորապես` «Սուարդի» ԲԸ-ն ասֆալտապատման եւ փոսային լցման աշխատանքները շարունակում են իրականացնել իրենց միջոցներով, սակայն վարչապետի խոստացած օժանդակությունն այդպես էլ տեղ չի հասնում:

Փոխվում է վարչապետը, փոխվում է Սեւանի քաղաքապետը, մնում են չմարված պարտքերը: Սեւանի նորընտիր քաղաքապետը պարտքերը մարելու համար աջակցություն է խնդրել նոր վարչապետից, որը նույնպես թողնվել է անարձագանք:

«Պարտքերի մարումը հնարավոր է միայն ֆինանսական արդյունավետ քաղաքականության միջոցով, որը ենթադրում է ծախսերի արդյունավետ տնտեսում»,- մեր հարցին պատասխանել է Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը:

Համայնքապետրանը 2017թ. առաջին կիսամյակում մարել է նաեւ «Սեւանի ՃՇՇ»-ի` 2012թ.-ից փոխանցված 56.6 մլն դրամի պարտքը:

Սեւան համայնքի բյուջեի 75%-ը կազմում են պաշտոնական տրանսֆերտները` դոտացիա, սուբվենցիա, եւ միայն 25%-ն են կազմում սեփական եկամուտները: Ըստ համայնքապետարանի՝ սեփական եկամուտների հավաքագրումը չնայած աճի տեմպ ունի՝ 2014թ. բյուջեի աճը 2013թ. համեմատությամբ կազմել է 7.0% կամ 29.7 մլն դրամ, իսկ 2015թ. բյուջեի աճը 2014թ. համեմատությամբ` 7.3% կամ 33.3 մլն դրամ, սակայն էական դեր չի կարող ունենալ համայնքի զարգացման գործում: Համայնքի բյուջեի եկամուտները հաջորդ տարիների համար կաճեն միջին տարեկան հաշվարկով 8-10%-ով:

Համայնքի զարգացման հիմնական ցուցանիշը պայմանավորված է ֆոնդային բյուջեով, սակայն, Սեւան համայնքը ֆոնդային բյուջեն համալրելու հնարավորություն չունի (մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով): Քաղաքը չունի անշարժ գույք՝ հողեր, շինություններ, որոնց վաճառքից ստացված եկամուտներն ուղղեր ֆոնդային բյուջե՝ կապիտալ շինարարական աշխատանքներ իրականացնելու համար: Ներկայումս վարչական բյուջեի խնայողություններն ուղղվում են ֆոնդային բյուջե՝ կապիտալ ծախսերի չնչին մասը ֆինանսավորելու համար: Հետեւաբար, Սեւանում առավել, քան մեկ այլ համայնքում, «պարտքերի մարումը հնարավոր է միայն ֆինանսական արդյունավետ քաղաքականության միջոցով»:

Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանին հաջողվել է մարել պարտքերի որոշակի մասը, սակայն վստահ չենք նրա որդեգրած «ֆինանսական քաղաքականության» արդյունավետության հարցում:

Սեւան համայնքի ավագանու թիվ 13-Ա որոշումով 2017թ. հունվարի 1-ից համայնքում գործող բոլոր մսուր-մանկապարտեզներն ազատվել են ծնողական վճարներից: Համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի համար սա գերնպատակ է եղել, որն ամրագրել է համայնքի հնգամյա ռազմավարական ծրագրում:

«Նախադպրոցական տարիքի երեխա ունեցող ոչ բոլոր ընտանիքներն են ի վիճակի վճարելու անհրաժեշտ գումարը, մանավանդ, եթե մանկապարտեզ է հաճախում նույն ընտանիքից մեկից ավելի երեխա: Ծրագրի իրականացմամբ, որը կատարվելու է համայնքային բյուջեի հաշվին, ծնողներին հնարավորություն կտրվի օգտվելու մանկապարտեզների ծառայություններից, իսկ երեխաներին` հավասար մեկնարկային պայմաններ դպրոց հաճախելու համար»,- սա այն հիմնավորումն է, որը հետագայում Սեւան համայնքի ավագանին վավերացրել է իր որոշումով:

«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ դա պարտադիր վճար է (համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափով, որի չափը պետք է սահմանի համայնքի ավագանին): Ավագանին համայնքում գործող 5 մանկապարտեզների համար 2015թ. սահմանել էր ծնողական վարձավճարներ. Գագարին գյուղում` 2000 դրամ, «Գալիք» մանկապարտեզում` 7000 դրամ, մյուս 3 մանկապարտեզներում` 6000-ական դրամ:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծախսերի համար համայնքի 2017թ. բյուջեով 172 մլն դրամ է նախատեսված հետեւյալ բաշխումով:

Ծնողական վարձավճարներից հրաժարվելն ընդամենը ծնողներին սիրաշահելու քայլ է, մինչդեռ դրան կարելի էր հասնել` երեխաների համար ավելի հարմարավետ եւ բարեկեցիկ պայմաններ ապահովելով: Իսկ Սեւանն այդպիսի խնդիրներ շատ ունի. համայնքի հնգամյա ռազմավարական ծրագրով նախատեսվում է թիվ 1 «Բողբոջ» մանկապարտեզ»-ի հիմնանորոգում, «Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոց»-ի հիմնանորոգում կամ ամրացում, գրադարանային համակարգի վերազինում, մարզահրապարակների եւ խաղահրապարակների կառուցում, բարեկարգում, կահավորում եւ այլն:

Ֆինանսական այս քաղաքականությամբ կա՛մ դրանք չեն արվելու, կա՛մ կարվեն բյուջեի պարտքերը մեծացնելու գնով:

Լուսանկարները` Դավիթ Բանուչյանի, Նարեկ Ալեքսանյանի, Սարո Բաղդասարյանի
 
Նմանատիպ նորություններ
Առաջին կադրերը՝ Մերի Մակարյանի հարսանիքից (ֆոտո/վիդեո)
25 Նոյեմբերի 2017 - 00:14
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Լոս Անջելեսում ամուսնանում է Մերի Մակարյանը: 32-ամյա դերասանուհու ընտրյալն ամերիկաբնակ իրավաբան Վարդանն է:



Երևանում 21-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, որը մահացել է, հոսպիտալացվել է նաև վարորդը.
24 Նոյեմբերի 2017 - 23:03
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում 21-ամյա Արման Մուրադյանը իր վարած BMW մակնիշի BW 755 BW համարանիշի ավտոմեքենայով Էրեբունի փողոցում՝ «Երևան Սիթի»-ի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։

Լուսանկարներ. գեղեցկուհի Արփի Գաբրիելյանի նոր ֆոտոսեսիան՝ Լոս Անջելեսից
24 Նոյեմբերի 2017 - 22:12
Դերասանուհի Արփի Գաբրիելյանը Լոս Անջելեսից նոր լուսանկարներ է հրապարակել ինստագրամի իր էջում։
Հղի ռուս կինը դանակահարել է իր 4-ամյա որդուն` փորձելով հանգստացնել նրան
24 Նոյեմբերի 2017 - 21:49
Օմսկում 29-ամյա հղի կինը դանակահարել է իր 4-ամյա որդուն` փորձելով հանգստացնել նրան: Այս մասին հայտնում է տարածաշրջանի ՔԿ-ն: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Գյումրիում ևսս 2 անօթևան ընտանիք բնակարան կունենա
24 Նոյեմբերի 2017 - 21:43
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նոյեմբերի 24-ին ընդունեց բնակարանի գնման վկայագիր պետական ծրագրով բնակարան ձեռք բերած վերջին շահառուներին:
Մահվան ելքով վրաերթ Երևանում. 21-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
24 Նոյեմբերի 2017 - 21:37
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Անհայտ անձը սպանել է 12-ամյա աղջկան եւ բռնաբարել նրա քույրերին
24 Նոյեմբերի 2017 - 21:21
Մեքսիկայում անհայտ անձը հարձակվել է երեք աղջիկների վրա: Արդյունքում 12-ամյա մի աղջիկ սպանվել է, իսկ նրա երկու քույրերը բռնաբարվել են: Հայտնի է, որ աղջկան խեղդել են, հաղորդում է AP-ն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8617
 
Լրահոս`