Facebook   Twitter
 
Հայտնի ըմբշամարտիկն ու ընկերները կրակել են Նորաշենի գյուղապետի ուղղությամբ․ ծանր վիրավորվել է մեկ հոգի

Հայտնի ըմբշամարտիկն ու ընկերները կրակել են Նորաշենի գյուղապետի ուղղությամբ․ ծանր վիրավորվել է մեկ հոգի

13 Փետրվարի 2018 - 23:14
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Սարգսյանի նախագահությամբ ավարտվել է Արթուր Նազարյանի և Ռոբերտ Գալստյանի գործի դատական քննությունը:
28-ամյա ըմբշամարտիկ Արթուր Նազարյանին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը խուլիգանական դրդումներով միջին ծանրության վնաս հասցնելու և ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով:

23-ամյա Ռոբերտ Գալստյանին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը խուլիգանական դրդումներով միջին ծանրության վնաս հասցնելուն օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Գործի քննության սկզբում մեղադրանքներ էին առաջադրվել խուլիգանական դրդումներով սպանության փորձի համար: Նախաքննության ընթացքում մեղադրանքը փոփոխվել է:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Նազարյանը 2015 թվականի աշնանն ապօրինի ձեռք է բերել, պահել ու կրել է հրազեն հանդիսացող, նպատակային օգտագործման համար պիտանի «Glock 19» տեսակի ատրճանակ ու դրա համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ:

Բացի այդ, նա ձեռք է բերել ու պահել է ռազմամթերք հանդիսացող՝ «AK-74» տեսակի ինքնաձիգի և «РПК-74» տեսակի ձեռքի գնդացիրի 5,45 մմ տրամաչափի 45 փամփուշտ, «ДШК» տեսակի գնդացիրի 12,7 մմ տրամաչափի 1 փամփուշտ:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի մայիսի 3-ին, ժամը 18-ն անց 40-ի սահմաններում Արթուր Նազարյանն ընկերների՝ Ռոբերտ Գալստյանի, Ռոլանդ Գ.-ի, Դերենիկ Ս.-ի հետ, Ռոբերտ Գալստյանին պատկանող, հաշվառման համարանիշերը ռուսական համարանիշով փոխարինված սպիտակ գույնի «ՎԱԶ 217230» մակնիշի մեքենայով Արարատի մարզի Նորաշեն համայնքից ուղևորվել է դեպի Արտաշատ:

Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում Ռոբերտ Գալստյանը համընթաց ուղղությամբ ընթացող «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենային վազանցելիս՝ կտրուկ մեքենան վարել է դեպի աջ ու խոչընդոտել է վերոհիշյալ «07»-ի ընթացքին, ապա շարունակել է ճանապարհը:

«ՎԱԶ-2107»-ում երթևեկում էր Նորաշենի գյուղապետ Նորայր Գրիգորյանը: Վերջինիս առաջարկով վարորդ Կարեն Ղազարյանն ընթացել է առաջ, հավասարվել է վազանց կատարած մեքենային ու կանգնել է նրա կողքին:

Գյուղապետը, առանց մեքենայից իջնելու, առջևի աջ պատուհանից դիտողություն է արել Ռոբերտ Գալստյանին՝ մեքենան կտրուկ իրենց մեքենայի ուղղությամբ վարելու, իրենց մեքենայի ընթացքին խոչընդոտելու համար:

Գյուղապետին կոպիտ պատասխան են տվել, «առաջացել է տհաճ խոսակցություն»:

Այդ ժամանակ, ըստ մեղադրանքի, Ռոբերտ Գալստյանի վարած մեքենայի հետնամասում նստած Արթուր Նազարյանը իջել է մեքենայից, մոտեցել է գյուղապետի մեքենային, միջամտել է խոսակցությանը, ապա գյուղապետ Նորայր Գրիգորյանից պարզաբանում է պահանջել՝ իրենց դիտողություն անելու, «իրենց հետ իբրև հեգնանքով խոսելու և վիճաբանություն հրահրելու համար»:

Ստեղծված իրավիճակը չսրելու և վիճաբանությունից խուսափելու նպատակով գյուղապետը իր վարորդին հորդորել է շարունակել ճանապարհը: Սակայն Արթուր Նազարյանը պահանջել է, որ նրանք կանգնեն:

Գյուղապետի մեքենան, այնուամենայնիվ, շարժվել է առաջ:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Նազարյանը Նորայր Գրիգորյանի ու Կարեն Ղազարյանի կողմից իր պահանջները չկատարելը «ցավագին է ընդունել և խուլիգանական դրդումներով ոտքով հարվածել է «07»-ի հետևի աջ անվաթևին», այնուհետև մեքենայում գտնվողներին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ նստել է Ռոբերտ Գալստյանի մեքենան ու պահանջել է, որ նա ընթանա գյուղապետի մեքենայի հետևից:

Ռոբերտ Գալստյանը մեքենան վարել է առաջ, հետևից՝ աջակողմյան հատվածով, հավասարվել է Կարեն Ղազարյանի վարած մեքենայի հետնամասի ձախակողմյան հատվածին, փորձել է խոչընդոտել նրանց ընթացքին ու կանգնեցնել՝ այդ կերպ օժանդակելով Արթուր Նազարյանի գործողություններին:

Արթուր Նազարյանը, ըստ մեղադրանքի, մեքենայի հետևի աջ դռան կիսաբաց լուսամուտից իր մոտ ապօրինի պահվող «Glock 19» ատրճանակով կրակել է «07»-ի ուղղությամբ:

Ռոբերտ Գալստյանը այդ կրակոցից հետո շարունակել է ընթանալ «07»-ի հետևից, հավասարվել է նրան, հետուառաջ է ընկել՝ շարունակելով օժանդակել Արթուր Նազարյանի գործողություններին:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Նազարյանը «07»-ի ուղղությամբ ևս 3 կրակոց է արձակել և վարորդի առողջությանը պատճառելէ միջին ծանրության վնաս՝ աջ ուսագոտու փափուկ հյուսվածքների միջանցիկ, ձախ ազդրի փափուկ հյուսվածքների միջանցիկ, ձախ ազդրի փափուկ հյուսվածքների կույր, փոշտի կույր, ձախ սրունքի միջանցիկ հրազենային վնասվածքների, ձախ փոքր ոլոքի բաց բազմաբեկոր կոտրվածքների ձևով:

Վարորդին վնասվածքներ պատճառելուց հետո հետապնդողները դիմել են փախուստի:

Դատարանում Արթուր Նազարյանն ու Ռոբերտ Գալստյանն իրենց մեղավոր են ճանաչել, զղջացել են, նրանց միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Դատարանը հաշվի է առել, որ Արթուր Նազարյանը ըմբշամարտի ՀՀ առաջնությունների ու միջազգային մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր է, բնութագրվում է դրական, նրա խնամքին են կինը, դեպքից հետո՝ 2017 թվականի հուլիսին ծնված որդին, վատառողջ հայրը: Արթուր Նազարյանն է ընտանիքի միակ կերակրողը:

Դատարանը հաշվի է առել, որ Ռոբերտ Գալստյանն ունի առողջական խնդիրներ, որոնց պատճառով զինվորական ծառայության համար ճանաչվել է ոչ պիտանի:

Արթուր Նազարյանը մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքների համար ու վերջին հաշվով դատապարտվել է 3 տարի իրական ազատազրկման:

Ռոբերտ Գալստյանը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել է 1 տարի իրական ազատազրկման:

Երկուսի պատժի սկիզբն էլ կհաշվվի 2017 թվականի սեպտեմբերի 21-ից:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Դիմահարդարման 5 սխալ, որոնցից դիմահարդար Մաշա Միրզոյանը խորհուրդ է տալիս խուսափել
16 Օգոստոսի 2018 - 13:50
Դիմահարդարումը ստեղծված է այն նպատակով, որպեսզի էլ ավելի ընդգծես դիմագծերիդ առանձնահատկությունները, թաքցնես հոգնած աչքերդ եւ ակնհայտ թերություններդ, որոնք քեզ խանգարում են գեղեցիկ զգալ:
Թրամփը պողպատի համար սահմանած մաքսատուրքերը փրկություն է անվանել ԱՄՆ արդյունաբերության համար. WSJ
16 Օգոստոսի 2018 - 13:49
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պողպատի համար մաքսատուրքերը փրկություն կլինեն պողպատի ամերիկյան արդյունաբերության համար։
ՊԵԿ-ը 7 ամսվա ընթացքում հավաքագրել է այնքան ավել գումար, որքան նախատեսված էր ավել հավաքագրել ողջ տարվա ընթացքում
16 Օգոստոսի 2018 - 13:46
Պետական եկամուտների կոմիտեն ընթացիկ տարվա առաջին 7 ամսում հավաքագրել է այնքան ավել հարկային եկամուտներ, որքան նախատեսվում էր ավել հավաքագրել ողջ տարվա ընթացքում։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի ասուլիսը՝ ուղիղ
16 Օգոստոսի 2018 - 13:42
Մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի ասուլիսը:
ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հաջորդ հանդիպումը կկայանա Ստամբուլում
16 Օգոստոսի 2018 - 13:35
2018/19 մրցաշրջանի ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղը տեղի կունենա Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Ամենախոշոր բացահայտումները դեռ չեն արվել. Վանեցյան
16 Օգոստոսի 2018 - 13:33
100 օրվա ընթացքում պետական բյուջե վերականգնված գումարի չափը 8-9 անգամ գերազանցում է 2017 թվականին պետական բյուջե վերականգնված գումարի չափին։
Քոչարյանի պաշտպանների նկատմամբ գրոհ են իրականացնում, նույնիսկ ազգի դավաճան են անվանում․ Հայկ Ալումյան
16 Օգոստոսի 2018 - 13:30
«ՀՀ անունից որևէ պետական մարմին իրավունք չունի դատարանի որոշումը կոչել ապօրինի։ Կարող էին ասել՝ մենք պատրաստվում ենք բողոքարկել, բայց չէր կարելի ասել ապօրինի», - այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով ՀՔԾ-ի հայտարարությանը՝ կապված Վերաքննիչ դատարանի որոշման հետ։
Հիմնանարոգվում են Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակին հարող տարածքները
16 Օգոստոսի 2018 - 13:28
Գորիսի կենտրոնական հրապարակն առաջիկայում նոր տեսք կստանա: Ինչպես հայտնեց Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը, հիմնովին նորոգվում է հրապարակի հարակից 3390քմ մակերեսով տարածքը:
Հայ միլիոնատեր Դեն Բիլզերյանը 100 հազար դոլար աշխատավարձով աշխատանք է առաջարկում մարիխուանայի արտադրության իր ընկերությունում
16 Օգոստոսի 2018 - 13:20
Հայ միլիոնատեր Դեն Բիլզերյանը չնայած հայտնի է իր երեկույթներով, սակայն, «Պոկերի արքան» այդքան էլ հասարակ չէ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 23033
 
Լրահոս`