Facebook   Twitter
 
«Երեխան ընկած է եղել մեքենայի առաջ… առաջինը մորս է խփել..․». 80-ամյա տատն ու 3-ամյա թոռը՝ մահաբեր վրաերթի զոհ են դարձել Մալաթիայում

«Երեխան ընկած է եղել մեքենայի առաջ… առաջինը մորս է խփել..․». 80-ամյա տատն ու 3-ամյա թոռը՝ մահաբեր վրաերթի զոհ են դարձել Մալաթիայում

14 Փետրվարի 2018 - 23:36
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող մասնաշենքում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ սկսվեց Լևոն Խաչատրյանի գործի դատական քննությունը:
Մինչև այս ծանր, ողբերգական գործով դատական նիստին անցնելը հարկ է նշել, որ քրեական գործեր քննող դատավորների կենտրոնացումը երևանյան ընդամենը երեք դատարանների շենքերում առաջացրել է անհարմարություններ, որոնք առաջիկայում ավելի նկատելի կլինեն, կարող են դառնալ դատական նիստերի հետաձգման կամ դռնբաց նիստերի հրապարակայնության խոչընդոտման պատճառ:

Մասնավորապես, այսօր Կենտրոնի դատարանի առջև խմբված էին բազմաթիվ քաղաքացիներ: Նրանց մի մասը պարզապես ֆիզիկապես չէր տեղավորվել նախկինում քաղաքացիական գործերի քննության համար նախատեսված փոքրիկ դահլիճիկում, որտեղ արդեն քննելու են քրեական գործեր, և որտեղ այդ պահին քննվում էր հավաքվածների հարազատի գործը:

Կենտրոնի դատարանի շենքում վեց դահլիճ կա՝ քիչ թե շատ՝ չափսերով քրեական գործերի քննության համար հարմար: Բայց նույն դատարանի շենքում, իմ տեղեկություններով, քրեական գործեր քննող ինը դատավոր է նստում այսօր, հետևաբար՝ նրանցից ոմանք իրենց նիստերը կանցկացնեն այնպիսի դահլիճիկներում, որտեղ նախկինում միայն քաղաքացիական գործեր էին քննվում, և որտեղ հազիվ կարող է տեղավորվել մի քանի մարդ:

Երեկ Նորքի չորրորդ զանգվածում գտնվող դատարանում մեկը մյուսի հետևից հետաձգվում էին դատական նիստերը, քանի որ մեծ դահլիճում ընթանում էր «Սասնա Ծռեր2» գործի քննությունը, խնդիր էր առաջացել այլ գործերով կալանավորների տեղափոխության հարցով:

«Դատալեքս» տեղեկատվական համակարգում դատավորների աշխատակազմերը տեղեկատվություն չեն նշում՝ քաղաքի որ դատարանում է քննվում գործը: Երեկ մի քաղաքացի, ում քրեական գործը ժամը 14-ն անց 30-ին պետք է քննվեր Էրեբունու դատարանում, գնացել էր այնտեղ, այնտեղից ուղարկվել էր Նորքի զանգվածի դատարան, տեղ էր հասել ժամը 15-ն անց 10 րոպեին, որպեսզի տեղեկանա, որ նշված գործով նիստը հետաձգվում է….

Այն պայմաններում, երբ Շենգավիթի ու Նորքի զանգվածի դատարաններում շաբաթվա մի քանի օր մեծ դահլիճները զբաղված են «Սասնա Ծռերի» ու մի քանի այլ աղմկոտ գործերի քննությամբ, այդ դատարաններում միանգամից ավելացնել քննվող քրեական գործերի թիվը՝ նշանակում է ավելացնել օրըստօրե հետաձգվող դատական նիստերի, հետևաբար՝ տեխնիկական պատճառներով պայմանավորված՝ ձգձգումների քանակը, խախտել գործերը ողջամիտ ժամկետներում քննելու կարևոր սկզբունքը:

Դատարանների փոքրիկ, քրեական գործերի քննության համար չհարմարեցված դահլիճիկներում առաջիկայում առաջանալու են գործերի քննության հրապարակայնության հետ կապված խնդիրներ, քանի որ հարց է առաջանալու՝ լրագրողի՞ն թույլ տալ դահլիճ, թե՞ դատվողի հարազատին, կամ՝ կոնկրետ ո՞ր լրագրողներին ներս թողնել, իսկ որոնց առաջ փակել դռնբաց դատական նիստի դուռը:

Սա՝ մտահոգությունը՝ քրեական գործեր քննող երևանյան դատարաններում տիրող ներկա իրավիճակի վերաբերյալ:

Գործը, որի դատական քննությունը սկսվեց դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, հերթական վրաերթի ողբերգական գործ է՝ վրաերթի զոհ են դարձել 80-ամյա տատիկն ու 3-ամյա թոռնիկը:

Ամբաստանյալի աթոռին 29-ամյա Լևոն Խաչատրյանն է: Նրան մեղադրանք է առաջադրվել երկու մահվան ելքով վրաերթի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հունիսի 14-ին, ժամը 11-ն անց 20-ի սահմաններում Լևոն Խաչատրյանն իր անձնական օգտագործման «BMW» մեքենայով երթևեկել է Բաբաջանյան փողոցի կողմից Անդրանիկի փողոցի ուղղությամբ: Բաբաջանյան 140 շենքի մոտ Լևոն Խաչատրյանը վրաերթի է ենթարկել փողոցը դանդաղ վազքով հատող հետիոտներ, տատ ու թոռ Ծաղիկ Գրիգորյանին ու Սերյոժա Գևորգյանին:

Ըստ մեղադրանքի՝ Լևոն Խաչատրյանը հետիոտներին տեսնելու պահից հնարավորություն է ունեցել կանխելու վրաերթը, սակայն բավարար միջոցներ չի ձեռնարկել դրա համար, նա, ըստ մեղադրանքի, առանց արգելակելու մանևրել է դեպի աջ ու մեքենայի ձախ մասով վրաերթի է ենթարկել տարեց տատիկին ու մանկահասակ թոռնիկին:

Երբ մեղադրողը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, ամբաստանյալ Լևոն Խաչատրյանը սկզբում անհստակ պատասխան տվեց՝ իրեն մեղավոր ճանաչո՞ւմ, թե՞ չի ճանաչում հարցին: Ի վերջո շատ ցածրաձայն ասաց, թե մեղավոր չի ճանաչում:

Դատարան էր ներկայացել միայն մեկ տուժողի իրավահաջորդը՝ մահացած տատիկի որդին: Իսկ մահացած երեխայի հայրը չէր ներկայացել: Նրա ներկայացուցիչը դատարանին հայտնեց, որ իր վստահորդը ներկայումս գտնվում Արցախում: Այնտեղ է մեկնել, որ աշխատանք գտնի, աշխատի, որպեսզի կարողանա… գումար վաստակել՝ իր բալիկի գերեզմանի կառուցումը նրա մահվան տարելիցին ավարտելու համար…

Դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման հաջորդականությունը: Իրեն մեղավոր չճանաչող ամբաստանյալը կհարցաքննվի վերջում:

Դատարանը հարցաքննեց տուժողի իրավահաջորդ Վարազդատ Գրիգորյանին:

Նա ասաց, որ տուժող Ծաղիկ Գրիգորյանն իր մայրն էր:

Դեպքի օրն ինքը գտնվել է աշխատավայրում՝ Ապարանում, իրեն զանգել է դուստրը՝ նույնպես Ծաղիկ Գրիգորյան անուն-ազգանունով, ու արտասվելով հայտնել է, թե վրաերթի են ենթարկվել տատիկն ու փոքրիկ Սերյոժիկը:

Մոտ կես ժամվա ընթացքում Վարազդատը հասել է Երևան, իմացել է, որ հարազատներին տեղափոխել են հիվանդանոց:

Օրուկես հետո մահացել է թոռնիկը՝ նրան երկու անգամ վիրահատել են, բժիշկները պայքարել են երեխայի կյանքը փրկելու համար, սակայն ոչինչ չեն կարողացել անել:

Հունիսի լույս 16-ի գիշերն էլ մահացել է երեխայի տատիկը՝ իր մայրը…
Երեխայի մայր Ծաղիկ Գրիգորյանը վրաերթի պահին նույնպես գտնվել է դեպքի վայրում՝ իր կրտսեր որդուն գրկած:

Դուստրը հայրիկին պատմել է, որ ինքը, տատիկն ու երկու բալիկները ցանկացել են անցնել Մալաթիայի խաչմերուկը: Սկզբում տատիկի գրկում եղել է կրտսեր երեխան: Բայց խաչմերուկն անցնելուց առաջ տատիկը Ծաղիկին ասել է, թե չի կարողանում երեխային գրկած քայլել: Երեխային գրկել է մայրը, իսկ երեքամյա Սերյոժան բռնել է տատիկի ձեռքից:

Այդպես՝ հատել են ճանապարհը: Մի կեսը անցել են, հասել են կանաչապատ տարածքին: Փողոցի երկրորդ հատվածն են ցանկացել անցնել: Մի մեքենա զիջել է ճանապարհը՝ լույսերով ազդանշան է տվել, որ անցնեն: Երեխային գրկած մայրը չի անցել, բայց շրջվել ու տեսել է, որ տատիկը Սերյոժայի ձեռքից բռնած՝ անցնում է փողոցը: Նույն պահին նա տեսել է, որ երթևեկելի երկրորդ ու առաջին գծերի վրա իր երեխան ու տատիկը վրաերթի ենթարկվեցին «BMW»-ի կողմից…

Տուժողի իրավահաջորդն ասաց, որ վրաերթի տեղում նախկինում հետիոտնային անցում եղել է. «Էս վերջերս գծանշումները վերացրել էին… Վրաերթի պահին աղջիկս մի քանի մետրի վրա կանգնած է եղել՝ մոտ 6-6,5 մետրի վրա, աղջիկս ասել է՝ ես էն նկատեցի, որ տատին օդի մեջ էր… Երեխան ընկած է եղել մեքենայի առաջ… Առաջինը մորս է խփել…»:

Տուժողի իրավահաջորդն ասաց, որ վրաերթը կատարած վարորդի հարազատներն իրենց չեն ցավակցել, չեն մասնակցել հուղարկավորություններին, որևէ կերպ չեն փոխհատուցել պատճառված վնասները:

Ինքը՝ տվյալ իրավահաջորդը, ասաց, որ պահանջ չի ներկայացրել ու… չի ներկայացնում՝ կարծում է՝ ապահովագրական վճարներով հատուցում կկատարվի:

«Եթե բողոքեմ՝ մորս ու թոռիս ո՞վ է բերելու՝ ինձ տա»,- պատճառաբանեց տուժող տատիկի իրավահաջորդը:

Հարցաքննվեց վկա Արսեն Գրիգորյանը: Նա տաքսու վարորդ է, դեպքի պահին անցնելիս է եղել Բաբաջանյան փողոցով: Բուն վրաերթը նա չի տեսել՝ նրա առջևից ընթացող «ԶԻԼ» բեռնատարը փակում էր տեսադաշտը: Բայց տեսել է, որ ընթացող մեքենաները կանգնել են, մարդիկ մեքենաներից դուրս են եկել, վազել են առաջ: Ինքն էլ է իջել մեքենայից՝ ջուրը ձեռքին:

Տեսել է, որ ճանապարհին մի տատիկ է ընկած, իսկ ճանապարհից դուրս՝ կանաչապատ հատվածում մի երեխա է պառկած՝ անգիտակից վիճակում: Երեխայի վրա ջուր է ցանել, երեխան ուշքի չի եկել: Երեխայի կողքին մայրն էր՝ ավելի փոքր մի երեխա գրկած:

Վկան ասաց, որ ստեղծված իրավիճակում անմիջապես առաջարկել է տուժած երեխային տեղափոխել իր տաքսին ու տանել հիվանդանոց: Խնդրել է, որ «ԶԻԼ»-ը իր համար ճանապարհ բացի: Երեխայի մայրը՝ մյուս երեխային գրկած, իսկ մի աղջիկ էլ՝ տուժած երեխային գրկած՝ նստել են իր տաքսին: Նրանց տարել է մոտակա հիվանդանոց:

Քիչ անց շտապօգնության մեքենայով այդ հիվանդանոց են տեղափոխել նաև վրաերթի ենթարկված տատիկին, դրանից հետո էլ՝ վրաերթ կատարած երիտասարդ վարորդին:

Վկան ասաց, որ դեպքի վայրում տեսել է վրաերթ կատարած «BMW»-ն ու դրա վարորդին, ով «ի վիճակի չէր, վախից թպրտում էր»:

Դատարանում վկան ասաց, թե «BMW»-ն կանգնած էր ճանապարհի մեջտեղում, տատիկն ընկած էր երկրորդ երթևեկելի գոտուց դեպի մեջտեղ, իսկ երեխային մայրը ինչ-որ մեկի օգնությամբ տեղափոխել էր ճանապարհամերձ խոտերի մեջ:

Մեղադրողը էական հակասություն մատնացույց արեց վկայի նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև: Նախաքննական ցուցմունքում վկան ասել էր, թե վրաերթ կատարած մեքենան կանգնած էր ճանապարհի աջ եզրային գոտու տարածքում, իսկ մեքենայի հետին ձախ կողմնային հատվածի ուղղությամբ ընկած էր մի տարեց կին:

Վկան ասաց, թե նախաքննական ցուցմունքը գրել է ինքնուրույն՝ քննիչը միայն օգնել է, որ մտքերը ձևակերպի: Ինքը գրել է այն, ինչ տեսել է, նախաքննական ցուցմունքը ճիշտ է:

Վկան ասաց նաև, թե դատարանում ցուցմունք տալուց առաջ իրեն ոչ ոք չի խնդրել փոխել ցուցմունքը: Հետո վկան ասաց, որ տուժած երեխային հիվանդանոց տեղափոխելուց հետո ինքը վերադարձել է դեպքի վայր, այնտեղ տեսել է վրաերթ կատարած վարորդի հայրիկին, վերցրել է նրա հեռախոսահամարը՝ հետագայում նրանից տեղեկություններ ստանալու համար:

Ընդամենը մեկ անգամ է զանգել այդ մարդուն, հարցրել է՝ ինչպե՞ս է նրա որդին, քանի որ տեսել է, որ վրաերթ կատարած վարորդն էլ ծանր վիճակում է:

Հետո լրատվամիջոցներից իմացել է, որ վրաերթի ենթարկված տատիկն ու թոռնիկը մահացել են, այլևս այդ մարդուն չի զանգել: Քիչ անց վկան ասաց, թե ամբաստանյալի հայրիկին չի զանգել, բայց հանդիպել է, ու նա իրեն ասել է՝ ինչ կա՝ տենց էլ ասա…

Մեղադրողը դատարանի ուշադրությունը հրավիրեց, որ վկան դատարանում վրաերթ կատարած մեքենայի ու տուժած տատիկի դիրքերը ներկայացնելիս անընդհատ կրկնում է՝«մեջտեղ, մեջտեղ»: Մեղադրողն ասաց, որ ճանապարհի «մեջտեղի» մասին շեշտելը հենց այնպես չի արվում. «Տատիկի ընկած տեղը կարևոր է՝ տուժողների անցած ճանապարհը հաշվարկելու համար»…

Վկան ի վերջո, իր նախաքննական ցուցմունքը լսելուց հետո նշեց, որ վրաերթ կատարած մեքենան կանգնած էր ճանապարհի եզրային գծից 1-1,5 մետր հեռու, իսկ տատիկը մեքենայի հետևի մասում էր՝ մեքենայից մոտ կես մետր հեռավորության վրա…

Դատարանը հարցաքննեց վկա Միհրան Հարությունյանին, ով դեպքի պահին իր «Մերսդեսով» անցնում էր նույն՝ Բաբաջանյան փողոցով: Վրաերթի պահը այս վկան ասաց, որ չի տեսել՝ իր առաջ տեսադաշտը բաց է եղել, ինքը երթևեկել է երրորդ երթևեկելի գոտիով, բայց մտքերով տարված է եղել ու սթափվել է այն պահին, երբ մյուս մեքենաները կանգնել են, ու մարդիկ վազել են տուժողներին օգնելու: Ինքն էլ է իջել, գնացել է: Տեսել է երեխա գրկած մի կնոջ, որ փորձում էր տուժած երեխային ճանապարհից տեղափոխել: Ինքը մեքենայից ջուր է բերել, փորձել է օգնել երեխային: Դեպքից առաջ իր մեքենայի առջևով ոչ մեկը չի անցել, ինքը ոչ մեկին ճանապարհը չի զիջել, իր տեսադաշտը բաց է եղել: Ինքը ընկած տատիկին չի մոտեցել, իր ամբողջ ուշադրությունը գամված էր տուժած երեխային, ցանկանում էր նրան օգնել: Հետո եկել է մի տաքսու վարորդ, ով երեխային ու մորը տարել է հիվանդանոց:

Վկան ասաց, որ դեպքի վայրում տեսել է վրաերթ կատարած վարորդին, ով «իրեն պատեպատ էր տալիս, տեղը չէր գտնում». «Իմ ուշքումիտքը էդ քյորփա էրեխեն էր, ես տատիկի կողմը չեմ գնացել»,- ասաց վկան: Նա նշեց, որ տատիկի շուրջն էլ էին մարդիկ հավաքված:

Այս վկան անընդհատ բորբոքվում էր կողմերի հարցերից, վկայակոչում էր, որ դեպքի վայրը տեսանկարահանված է՝ կարող են այդ տեսանյութը նայել ու ամեն բան տեսնել, ոչ թե իրեն հարցեր տալ: Ի վերջո վկայի նյարդերը չդիմացան, նա ասաց. «Ք…-ն ընկանք՝ կայնանք»: Նախագահողը դիտողություն արեց վկային ու հորդորեց հանգիստ վերաբերվել կողմերի հարցերին:

Նախաքննական ցուցմունքում վկան գրել էր, որ վրաերթ կատարած մեքենան կանգնած էր ճանապարհի աջ եզրային գոտու տարածքում, իսկ մեքենայի ձախ հետևի կողմում ընկած էր տարեց կինը: Երեխան ընկած էր մեքենայի առջևի ուղղությամբ՝ մեքենայից որոշակի հեռավորության վրա: Մի կին՝ գրկին երեխա, մյուս ձեռքով փորձում էր ընկած երեխային էլ գրկել ու տեղափոխել, նրան մի տղա է օգնել…Երեխային պառկեցրել են կանաչապատ գոտում…

Դատարանը սկսեց վրաերթից մահացած երեխայի մայրիկի հարցաքննությունը: 22-ամյա կինը շատ ծանր հուզական վիճակում էր: Նա ասաց, որ տատիկը բռնել էր Սերյոժիկի ձեռքը, ինքը գրկել էր Էրիկին: Իրենք սկսել են հատել Բաբաջանյան փողոցը: Փողոցի մի կեսը հատել են, հասել են կանաչապատ տարածքին: Ինքը նայել է աջ, մի մեքենա իրենց զիջել է՝ լույսերով անցնելու ազդանշան տալով, բայց ինքը, չի կարող ասել՝ ինչու, փողոցը չի անցել: Երբ կողք է նայել, տեսել է, որ տատիկը երեխայի ձեռքը բռնած՝ անցնում է փողոցը: Եվ նույն պահին տեսել է նրանց ուղղությամբ արագ ընթացող մի մեքենա. «Տեսա՝ չեմ կարա ոչ մի բան անեմ… Էրեխես շպրտվեց… Տատիկը օդ նետվեց… Ես վազեցի երեխայիս մոտ…»:

Վկան ասաց, որ մոտեցած տաքսու անծանոթ վարորդի օգնությամբ երեխային դրել են տաքսու մեջ, տարել են հիվանդանոց, այնտեղից երեխային տեղափոխել են 3-րդ մանկական հիվանդանոց. «Երեխայիս անմիջապես տարան վիրահատարան, երկու անգամ վիրահատեցին, բայց չօգնեց… Օրուկես դիմացավ երեխես…»:

Այս բառերից հետո երեխայի մայրն անկարող եղավ շարունակել ցուցմունքը:

Նրա հարցաքննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստում:
 
Նմանատիպ նորություններ
Սոցցանցերը միայն մեկ ժամ կունենան՝ ահաբեկչական բովանդակությամբ նյութերը ջնջելու համար. ԵՄ-ի նոր կանոնները
21 Օգոստոսի 2018 - 00:05
Եվրամիության մշակած կանոնների համաձայն՝ սոցիալական ցանցերը միայն մեկ ժամ կունենան՝ ահաբեկչական բովանդակությամբ նյութերը ջնջելու համար:
Միկրոբները կլինեն Երկրի միակ բնակիչները
21 Օգոստոսի 2018 - 00:00
2,8 մլրդ տարի հետո Երկրի վրայից կանհետանա կյանքի վերջին ձևը: Ապոկալիպսիսի գալուց մեկ մլրդ տարի առաջ մոլորակի վրա միակ կենդանի օրգանիզմները մեկուսացված տաք և աղի ջրամբարներում ապրող միաբջիջ օրգանիզմները կմնան:
Աշխարհի ամենաթանկ պաղպաղակն արժե 60 000 դոլար
20 Օգոստոսի 2018 - 23:58
Աշխարհի ամենաթանկ պաղպաղակը արժե 60 000 դոլար։ Այն փորձելու համար պետք է մեկնել Տանզանիա։ Ճոխ հանգստավայրում Ձեր աչքի առաջ կպատրաստեն պաղպաղակը, որ դուք կճաշակեք Կիլիմանջարոյին նայելով, հայտնում է CNBC-ն։
Տավուշի մարզում 67-ամյա վարորդը ГАЗ 31029-ով բախվել է հաստաբուն ծառին. կա վիրավոր. Shamshyan.com
20 Օգոստոսի 2018 - 23:55
Երեկ՝ օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Կողբ գյուղի բնակիչ՝ 67-ամյա Արմեն Ջաղինյանը իր վարած ГАЗ 31029 մակնիշի 34 ՍR 598 համարանիշի ավտոմեքենայով Բերդավան-Զորական ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին։
Կրքոտ Քիմ Քարդաշյանը՝ միջնադարյան գեղեցկուհու կերպարում
20 Օգոստոսի 2018 - 23:49
Քիմ Քարդաշյանը այն համաշխարհային աստղերց է, ովքեր հիմնականում խենթացնում են իրենց երկրպագուներին քիչ բան թաքցնող հանդերձանքներով, համարձակ կերպարներով:
Միջազգային օգնության ծրագրի ավարտը խոսում է ճգնաժամից Հունաստանի դուրս գալու մասին. Մակրոն
20 Օգոստոսի 2018 - 23:47
Միջազգային մակրոֆինանսական օգնության երրորդ՝ վերջին ծրագրի ավարտը խոսում է ծանր ճգնաժամից Հունաստանի դուրս գալու մասին:
Դերասանուհի Սիլվի Բարկովան ամուսնացել է հնդկական ավանդույթներով
20 Օգոստոսի 2018 - 23:29
Դերասանուհի Սիլվի Բարկովան օրեր առաջ ամուսնացել է։ Նա Ինստագրամի իր էջում հրապարակել է հարսանեկան լուսանկար, որտեղ սկեսրոջ հետ է:
Երեք տարվա ընդմիջումից հետո Վանի Աղթամար կղզու հայկական Սուրբ խաչ եկեղեցում կմատուցվի պատարագ
20 Օգոստոսի 2018 - 23:27
Երեք տարվա ընդմիջումից հետո կրկին սեպտեմբերի 9-ին Վանի Աղթամար կղզու հայկական Սուրբ խաչ եկեղեցում Պոլսո Հայոց պատրիարքարանի կողմից կմատուցվի պատարագ:
Ընտրակաշառքներն այլևս չեն հանդուրժվելու
20 Օգոստոսի 2018 - 23:23
Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքների առաջին շոշափելի արդյունքը․ մշակվել են փոփոխություններ
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12884
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ընտրակաշառքներն այլևս չեն հանդուրժվելու
Հասարակություն, Քաղաքական