Facebook   Twitter
 
«Աթեիստ էին ինձ սարքել». Շահսուվարյան փողոցում անչափահաս տղան դանակի 23 հարվածով սպանել է «հալալ» ընկերոջը

«Աթեիստ էին ինձ սարքել». Շահսուվարյան փողոցում անչափահաս տղան դանակի 23 հարվածով սպանել է «հալալ» ընկերոջը

16 Ապրիլի 2018 - 22:01
Ինչպես տեղեկացնում է 1in.am -ը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ ավարտվել է Սուրեն Մ.-ի գործի դատական քննությունը:


1998 թվականի մայիսին ծնված Սուրենը դեպքի պահին անչափահաս էր՝ 17 տարեկան: Նրան մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հունվարի 6-ին՝ Սուրբ Ծնունդի օրը, ժամը 20-ն անց 30-ի սահմաններում Շահսուվարյան փողոցի բակերից մեկում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ Խաչիկ Ղ.-ին սպանելու դիտավորությամբ իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նրա մարմնի կենսական կարևոր նշանակություն ունեցող մասերին՝ պատճառելով հեմոպնևմոթորաքսով, հեմոպերիկարդով զուգորդված, ձախից՝ ութերորդ կողոսկրի կոտրվածքով պլևրալ խոռոչներ թափանցող, ձախ թոքի բազմաթիվ միջանցիկ ու կույր, սրտապարկի, սրտի ձախ փորոքի վնասումով, հեմոպերիտոնեումով զուգորդված, հետորովայնամզային տարածության արյունահավաքով ձախ գոտկային շրջան թափանցող ծակած-կտրած վերքեր:

Ստացած վնասվածքներից Խաչիկ Ղ.-ն գիտակցության չգալով՝ 2016 թվականի փետրվարի 9-ի վաղ առավոտյան՝ ժամը 6-ն անց 30-ի սահմաններում հիվանդանոցում մահացել է:

Սուրեն Մ.-ն դատարանում իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն և հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննական ցուցմունքում Սուրեն Մ.-ն հայտնել է, որ հաշվառված է համապատասխան կլինիկայում՝ վարքի և հույզերի խանգարման ախտորոշմամբ:

Շուրջ 9 տարի ճանաչել է տուժող Խաչիկին, եղել են մտերիմ ընկերներ, այցելել են միմյանց տներ: Ընկերություն է արել նաև Աբելի, Գառնիկի ու մի քանի ուրիշ տղաների հետ:

Դեպքից մոտ երկու ամիս առաջ իր, Խաչիկի ու մի քանի տղաների հարաբերությունները սկսել են բարդանալ: Խաչիկն ու Աբելը հաճախ իրենից գումարներ են պահանջել: Սկզբում ինքը գումարներ տվել է՝ նրանք գիտեին, որ ինքը իր նկարները վաճառում է, մոտը գումար է լինում: Նրանք իրեն պարտք էին մոտ 30 հազար դրամ:

Դեպքի օրը՝ 2016 թվականի հունվարի 6-ին առավոտից ինքը տանն է եղել, նկարել է, իսկ երեկոյան իրենց շան հետ դուրս է եկել զբոսնելու և տուն է գնացել:

Ժամը 12-ից մինչև 20-ը իր հեռախոսին զանգեր են եկել Գառնիկի հեռախոսից: Խոսել է Խաչիկը՝ նա պահանջել է, որ ինքն իջնի ու գումար տա: Ինքը չի ցանկացել իջնել: Նրանք բազմիցս զանգել են, սպառնացել են, ինքը հեռախոսը վերցրել և բակ է իջել:

Բակում տեսել է Խաչիկին, Աբելին, Գառնիկին: Խաչիկը սպառնալից տոնով հարցրել է՝ փողը բերել ե՞ս: Ինքն ասել է՝ փող չկա: Խաչիկն ու Աբելը սկսել են հայհոյել, անգամ՝ ծաղրել իրեն: Ինքն ուշադրություն չի դարձրել, արհամարհել է:

Իրենք քայլել են մինչև Գառնիկենց շենքի մուտքը: Նրանք շարունակում էին ու պահանջում էին, որ նրանց հետ ինքը գնա Վլադի ծնունդին: Ինքը չի համաձայնել: Նրանք պնդել են, ծաղրական ժեստեր են արել, «հայհոյել են այդ պահով»:

Խաչիկն ավելի ակտիվ է եղել, նա իրեն «մայր» է հայհոյել: Դրանից հետո ինքն այլևս իրեն չի տիրապետել, մոտեցել է Խաչիկին, նկատել է, որ նրա ձեռքին դանակ կա: Նա ցանկացել է խփել իրեն, այդ պահին ինքը դանակը խլել է նրանից:

Խաչիկը ձեռքով խփել է իր դեմքին: Ինքը դանակով հարվածել է նրան՝ քանի անգամ՝ չի կարող ասել, շոկի մեջ է եղել, չի գիտակցել իր գործողությունների հետևանքները:

Սուրեն Մ.-ն հայտնել է, թե նպատակ չի ունեցել սպանելու, սկզբից մինչև վերջին պահը ցանկացել է հարթել վեճը՝ նկատի ունենալով, որ իրենք մտերիմ ընկերներ են, նույնիսկ չի ցանկացել Խաչիկին մարմնական վնասվածք պատճառել:

Քանի որ առաջին անգամ էր նման իրավիճակում, վախեցել է անմիջապես ոստիկանություն ներկայանալ: Բայց հասկանալով, որ պետք է իր արարքի համար պատասխան տա, հոր ուղեկցությամբ 2016 թվականի մարտի 23-ին կամովին ներկայացել է քննչական բաժին:

Սուրեն Մ.-ն հայտնել է, թե զղջում ու ցավում է կատարվածի համար՝ մինչև օրս թվում է՝ դեպքը երազի մեջ է եղել, ու Խաչիկը մինչ օրս ողջ է:

Ըստ Սուրենի՝ հայհոյանքները հնչել են մյուս տղաների ներկայությամբ, իրեն անվանել են «գ…», ասել են՝ դու ի՞նչ տղա ես…

Սուրեն Մ.-ն նշել է, որ ինքը կնքված է, կնունքի խաչ ունի: Որոշ զրույցների ժամանակ ինքն ասել է, որ կյանքին պետք է «ռեալ նայել, քանի որ մարդկային գործոնն ավելի ռեալ է»…

Ըստ Սուրենի՝ «աթեիստի թեման շոշափելու ժամանակ՝ Գառնիկենց շենքի մուտքի մոտ, Խաչիկն ասել է. «Դու ոնց վերաբերվում ես համասեռամոլներին, էդպես էլ մենք վերաբերվում ենք քո նման ռեալ մտածող մարդկանց»:

Այդ խոսակցությունն իրեն շատ է հուզել, իր կարծիքով՝ նրանք ուզում էին «աթեիստի» պիտակ կպցնել իրեն, քանի որ ինքը նրանց ցանկությունը չէր կատարել՝ գումար չէր տվել, նվեր չէր գնել:

Նախաքննության ժամանակ քննիչը հարցրել է. «Ձեր կողմից հասցված շուրջ 23 մարմնական վնասվածքները… ավելի բնորոշ են վրեժխնդիր լինելուն, այլ ոչ թե պատահական հասցված մարմնական վնասվածքների»:

Սուրեն Մ.-ն պատասխանել է՝ չի կարող ասել՝ քանի անգամ է հարվածել Խաչիկին, քանի որ չի գիտակցել ու չի տիրապետել իրեն, «պահի տակ գտնվել է շոկի մեջ»:

Սուրեն Մ.-ն հայտնել է, թե դեպքից հետո դանակը գցել է աղբարկղը, ինքը մտել է իրենց ավտոտնակ, վատ է զգացել, այնտեղ քնել է, իսկ առավոտյան փախել է ավտոտնակից: Մեկ-երկու օր եղել է փողոցում, իր տեղը չի ասել…

Սուրեն Մ.-ն նաև հայտնել է, որ աղանդավոր կամ աթեիստ չէ, ինքը քրիստոնյա է…

Տուժողի իրավահաջորդը՝ Խաչիկ Ղ.-ի մայրը, հայտնել է, թե Խաչիկը հինգ տարեկանից սպորտով է զբաղվել, վերջին տարիներին թայլանդական բոքս է պարապել: Խաչիկն ու Սուրենը ընկերություն են արել:

Դեպքի օրն ինքը աշխատանքի է եղել: Երեկոյան տուն է վերադարձել, Խաչիկն ու Աբելն իրենց տանն էին: Ժամը 20-ի սահմաններում նրանք դուրս են եկել տանից: Խաչիկն ասել է, թե տասը րոպեից կվերադառնա: Ժամը 21-ին հարևանը եկել է, իրեն ասել է, որ հագնվի, գնան հիվանդանոց՝ Խաչիկը հիվանդանոցում է: Այնտեղ իմացել է, որ Խաչիկի վիճակը ծայրահեղ ծանր է: Աբելն իրեն պատմել է, որ Սուրենն է դանակահարել Խաչիկին, որովհետև նրան ասել են՝ պետք չի աթեիստ լինել, Սուրենն էլ պատասխանել է, որ այդ հարցով իրեն բան չասեն… Հետո Սուրենը դանակով հարվածներ է հասցրել Խաչիկին…

Տուժողի իրավահաջորդը նշել է, որ իր որդին «չափված-ձևած մարդ էր», նա որևէ մեկին չի վիրավորել, չէր կարող վիրավորել, նա այդպիսի դաստիարակություն չի ստացել… Խաչիկը մոտը դանակ չի պահել…

Սուրեն Մ.-ի հայրը հայտնել է, որ իր որդին, Խաչիկը, Աբելը «հալալ ընկերներ» են եղել: Դեպքի օրը Սուրենն իրենց շանը «ման է տվել», տուն է եկել, հետո ասել է, թե տասը-տասնհինգ րոպեով պիտի դուրս գա: Ասել է, թե ընկերների հետ է: Բայց նա գնացելև ուշացել է: Ինքը լուսամուտից նայել, նրան է սպասել: Հետո պատշգամբից տեսել է նրան, նա ասել է, թե դեպք է պատահել, իրեն չփնտրեն, ասել է, թե խնդիրը Խաչիկի հետ է կապված: Նա հեռախոսը գցել է ձյան մեջ ու փախել է: Ինքն իջել է, վերցրել է նրա հեռախոսը:

Ինքն ու կինը գնացել են Խաչիկենց տուն, նրա մոր հետ գնացել են հիվանդանոց: Սուրենն իրեն ասել է, թե երկու անգամ է հարվածել Խաչիկին: Բայց հիվանդանոցում պարզվել է՝ հարվածները շատ են եղել…

Սուրենի հայրն ասել է, թե որդին դեպքից հետո է իրեն պատմել, որ ընկերները նեղել են, անպատվել, գումար են ուզել, պահանջել են նվեր գնել: Նրա 10-12 տարվա ընկերները «ծնող, մայր» են հայհոյել, «ինչ ստոր հայհոյանք ասես՝ տվել են… խեղդել են՝ ասել են՝ էս բեր, էն բեր…»: Ինքը նույնիսկ ամաչում է նրանց տված հայհոյանքները կրկնել…

2016 թվականի հոկտեմբերի 20-ին անցկացված դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ՝ Սուրեն Մ.-ն ճանաչվել է մեղսունակ, դեպքի պահին նա չի գտնվել ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակում:

2017 թվականի դեկտեմբերի 9-ին անցկացված կրկնակի դատահոգեբանական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ՝ Սուրեն Մ.-ն հանցավոր արարքը կատարելու պահին գտնվել է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում:

Հակասական եզրակացությունների և փորձագետների հարցաքննությունների, գործով ձեռք բերված ապացույցների հետազոտման արդյունքում դատարանը եզրակացրել է, որ Սուրեն Մ.-ի արարքը պետք է վերաորակել՝ նրա կատարածը սպանություն է՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում:

Սուրեն Մ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի ոչ թե 104 հոդվածի 1-ին մասով, այլ՝ 105 հոդվածի 1-ին մասով: Սուրեն Մ.-ն դատապարտվել է 2 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2016 թվականի մարտի 23-ից:

Ամբաստանյալից հօգուտ տուժողի իրավահաջորդի՝ կբռնագանձվի 2 միլիոն 243 հազար դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում:
 
Նմանատիպ նորություններ
Աշխարհի խոշորագույն ամֆիբիա-ինքնաթիռն իրականացրել է առաջին թռիչքը ջրի մակերեսից
20 Հոկտեմբերի 2018 - 23:55
Չինաստանում ստեղծված «Ցզիլուն» (AG600) աշխարհի խոշորագույն ամֆիբիա-ինքնաթիռը շաբաթ առավոտյան հաջողությամբ իրականացրել է ջրի մակերեսից օդ բարձրանալու և վայրէջք կատարելու փորձարկումը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Չինաստանի ավիացիոն արդյունաբերության ընկերությանը:
Մահացել է Նիդեռլանդների նախկին վարչապետ Վիմ Կոկը
20 Հոկտեմբերի 2018 - 23:48
Նիդեռլանդների նախկին վարչապետ Վիմ Կոկը, ով թագավորության կառավարությունը գլխավորել է 1994-2002թթ․, մահացել է շաբաթ օրը՝ 80 տարեկան հասակում՝ տեղեկացնում է Reuters-ը։
Երուսաղեմի քրիստոնյա եկեղեցիների հոգևոր առաջնորդները Նեթանյահուին ուղղված նամակում ամոթալի են անվանել կալվածքների մասին օրինագիծը
20 Հոկտեմբերի 2018 - 23:42
Երուսաղեմի քրիստոնյա եկեղեցիների հոգևոր առաջնորդները՝ Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, ինչպես նաև Հունաց պատրիարքը և Սուրբ երկրի Քուստոսը, հոկտեմբերի 19-ին միասնաբար նամակ են ստորագրել` ուղղված Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին: Այս մասին ֆեսյբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:
Վիլնյուսի 3 կենտրոնական կամուրջները Երևանի տոնի առթիվ լուսավորվել են հայկական եռագույնի գույներով
20 Հոկտեմբերի 2018 - 23:37
Երևանի 2800-ամյակի առթիվ Վիլնյուսի քաղաքապետարանը հոկտեմբերի 19-20-ը Վիլնյուսի երեք կենտրոնական կամուրջները լուսավորել է հայկական եռագույնով: Այս մասին հայտնում է Լիտվայում Հայաստանի դեսպանատունը:
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա վիրավոր
20 Հոկտեմբերի 2018 - 23:20
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, «Opel Zafira» մակնիշի 35 AQ 722 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ճանապարհի վերանորոգման նպատակով տեղադրված բետոնե արգելապատնեշին:
Սահակաշվիլին պատրաստվում է արծաթե հարսանիքը նշել Վրաստանում
20 Հոկտեմբերի 2018 - 23:14
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մտադիր է մոտ ապագայում վերադառնալ հայրենիք, չնայած նրան, որ այդ երկրում նրա դեմ հարուցվել են մի քանի քրեական գործեր։
Ինչպիսի՞ տեսք ունի Մանհեթենում գտնվող Ռոման Աբրամովիչի ապագա շքեղ առանձնատունը
20 Հոկտեմբերի 2018 - 23:01
Ռոման Աբրամովիչը2014-ից Վերին Իսթ Սայդ շրջանում ՝ East 75th Street փողոցում, պատմական թաունհաուսներ է ձեռք բերել, հաղորդում է Forbes-ը:
Հարբած զույգը հյուրանոց է գնել` սենյակ վարձելու փոխարեն (Լուսանկարներ)
20 Հոկտեմբերի 2018 - 22:45
Ջինա Լայոնսը և Մարկ Լին` Լոնդոնից չափից շատ ռոմ են խմել և Շրի Լանկայում ծովափին հյուրանոց գնելու որոշում են կայացրել:
Մայրապետյանի համար մտավորականների մի մեծ խումբ անձնական երաշխավորություն են տվել
20 Հոկտեմբերի 2018 - 22:34
Սամվել Մայրապետյանի պաշտպան, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին խնդրել է քննարկել անձնական երաշխավորություններով Սամվել Մայրապետյանին ազատ արձակելու հարցը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13724
 
Լրահոս`