Facebook   Twitter
 
Մենք լուծեցինք մի հարց, որ 23-24 տարի համարվել է անլուծելի. վարչապետ

Մենք լուծեցինք մի հարց, որ 23-24 տարի համարվել է անլուծելի. վարչապետ

10 Օգոստոսի 2018 - 23:37
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ: Կառավարության ղեկավարը հանդիպումներ է ունեցել Բերդի, Այգեհովիտի, Ոսկեպարի և Նոյեմբերյանի բնակիչների հետ, անդրադարձել երկրում առկա խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ գործադիրի քայլերին, պատասխանել քաղաքացիներին հուզող մի շարք հարցերի:
Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ուրախ եմ, որ ձեր դեմքին ժպիտ եմ տեսնում, դա ամենակարևոր բանն է: Եկել եմ ձեզ ասելու, թե ինչու եմ համոզված, որ մեր երկրի բոլոր խնդիրները լուծվելու են, ինչու եմ համոզված, որ մեր երկիրը լինելու է երջանիկ, ազատ ու հզոր: Մենք գտել ենք բոլոր հարցերի լուծման բանալին: Ո՞րն է այդ բանալին. գիտեք, ավելի քան 20 տարի ՀՀ-ում ժողովուրդն ուզում էր քաղաքական փոփոխություններ և այդ փոփոխությունները տեղի չէին ունենում: Եկավ 2018 թվականն ու այդ փոփոխությունը տեղի ունեցավ:

Մենք լուծեցինք մի հարց, որ 23-24 տարի համարվել է անլուծելի, համարվել է, որ դա հնարավոր չէ, համարվել է, որ չի կարող լինել այդպիսի բան: Ինչո՞ւ ավելի քան 20 տարի այդ խնդիրը չէր լուծվում և ի՞նչ տեղի ունեցավ, որ այդ խնդիրը լուծվեց. նախորդ 20-24 տարվա ընթացքում ՀՀ քաղաքացիները մտածում էին, որ քաղաքական փոփոխություններ պետք է անի ընդդիմության այս լիդերը, այն լիդերը, այս առաջնորդը, այն առաջնորդը, և ամեն անգամ, երբ տեղի չէր ունենում այդ փոփոխությունը, նեղանում էին այդ առաջնորդից, հիասթափվում:

Փոփոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացիների և հայ ժողովրդի ներկայացուցիչների մեծամասնությունը հասկացավ, որ հեղափոխությունը ոչ թե մեկ առաջնորդ պետք է անի, այլ հեղափոխությունն իրենք պետք է անեն, յուրաքանչյուրն ինքն իրեն պետք է համարի հեղափոխության առաջնորդ»,– ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ինքն այս ամենն ասում է ոչ թե անցյալը, երեք ամսվա իրադարձությունները գնահատելու համար, այլ ցույց տալու բոլորին երկրի խնդիրները լուծելու բանալին: «Եթե ուշադրություն եք դարձրել, հեղափոխության ողջ ընթացքում երբեք չեմ ասել, որ ես կամ մեր քաղաքական թիմն անելու է հեղափոխություն:

Ես ասել եմ, որ մենք ստեղծելու ենք հնարավորություն, որպեսզի մարդիկ որոշեն՝ ուզում են այն Հայաստանում ապրել, թե նոր Հայաստանում: Ինչո՞ւ ենք բոլորս նոր Հայաստանում ապրում. ոչ թե նրա համար, որ ես, մեր քաղաքական թիմն ենք այդպես որոշել, այլ որովհետև դուք եք այդպես որոշել: Փոխվեց այն, որ դուք հասկացաք, որ ամեն ինչ դուք եք որոշում: Որևէ մեկը չկասկածի, որ կառավարությունն իր անելիքը կանի լիարժեք և անմնացորդ, բայց կարևոր է, որ մեզնից յուրաքանչյուրն ընկալի, որ ինքն է որոշում ամեն ինչ:

Մեր թիմը հնարավորություն է ստեղծելու, որ մարդիկ իրենց հայրենիքը ծաղկեցնեն: Մենք իսկապես հզոր պետություն կունենանք այն ժամանակ, երբ մեզնից յուրաքանչյուրը կատարի իր անելիքը, եթե մեզնից յուրաքանչյուրն ըմբռնի մի բան, որ եթե մեր երկիրը եղել է վատ վիճակում, ուրեմն ամեն մեկս ինչ որ փոքր բան այն չենք արել:

Համոզված եմ՝ այն գործը, որ մենք իրար հետ սկսել ենք, պետք է շարունակենք համատեղ»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ կառավարությունն իր քայլերով անելո ւ է ամեն ինչ՝ ստեղծելու բարենպաստ պայմաններ, այդ թվում՝ արտերկրում գտնվող մեր հայրենակից գործարարների համար: Նա վերջիններիս կոչ է արել օր առաջ գալ հայրենիք՝ շենացնելու երկիրը:

«Համոզված եմ, որ բազմաթիվ մարդիկ արտերկրի իրենց բարեկամներից գումարներ են ստանում, բայց ես պարզ եմ ասում՝ բարեգործության տրամաբանությունը պետք է փոխել: Մարդիկ, այո, միլիոնավոր դոլարներ են ուղարկում Հայաստան՝ բարեկամներին օգնության: Այն ժամանակ դա անում էին, որովհետև վախենում էին և մտածում էին, որ այստեղ բիզնես իրականացնելիս «փայ են մտնելու», «գործ ե ն սարքելու», «խլելու են»: Ես ասում եմ՝ այդ Հայաստանը էլ չկա, ես երաշխավորում եմ, որ որևէ մեկը չի կարող որևէ ներդրողի համար վտանգ ստեղծել:

Մենք երաշխավորում ենք ներդրումների անվտանգությունը, մենք երաշխավորում ենք՝ ոչ ոք չի կարող «փայ մտնել»: Մենք երաշխավորում ենք, եթե գործարարն աշխատի օրինական դաշտում, որևէ մեկը նրան ոչ մի բան չի կարող անել, հետևաբար, սպասելու հարկ չկա»,– ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը կոչ է արել բարեգործության տրամաբանությունը փոխել աշխատանքի տրամաբանությամբ, որովհետև հայ ժողովուրդն աշխատող է: «Գիտեմ, որ այսօր հնարավորությունները սահմանափակ են, շատ հարցեր կան, որ լուծված չեն, բայց ուզում եմ ձեզ մի բան խնդրել՝ հաղթահարեք հոռետեսության տրամաբանությունը, չհավատաք ոչ մեկին, ով կասի, որ չի ստացվել ու երկիրը երկիր չի դառնալու, ամեն ինչ սուտ է: Համոզված եղեք՝ ամեն ինչ ճիշտ է և ճշմարտություն է, այն, ինչ որ դուք տեսնում եք, իրականություն է:

Իրականությունն այն է, որ դուք հաղթել եք, և իրականությունն այն է, որ դուք հաղթելու եք, և իրականությունն այն է, որ դուք ձեր հայրենիքում պետք է ապրեք որպես հպարտ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի»,– ասել է վարչապետը: Միաժամանակ, կառավարության ղեկավարը նկատել է, որ ընթացիկ տարվա մայիսից սկսած Հայաստանում արտագաղթը կանգնել է:

«Մայիսից սկսած՝ ամեն ամիս ավելի շատ մարդ է գալիս Հայաստան, քան հեռանում է Հայաստանից: Եկեք այս տեմպը ոչ միայն պահենք, այլ կրկնապատկենք, եռապատկենք: Մենք մեր հայրենիքից գնալու տեղ չունենք, մենք մեր գնացածներին պետք է վերադարձնենք Հայաստան, որովհետև աշխարհում չկա ավելի լավ տեղ, քան Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանի Հանրապետությունն այն տեղն է, որտեղ մարդիկ ազատ են, հպարտ են, արժանապատիվ են ու երջանիկ»,– ասել է Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով կառավարության 100-օրյա գործունեության մասին՝ վարչապետը նշել է, որ այդ ընթացքում անմնացորդ պայքար է մղվել կոռուպցիայի դեմ, որը շարունակվելու է նույն կերպ: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ անցած կարճ ժամանակահատվածում անապահով ընտանիքների համար նվազել են էլեկտրաէներգիայի և գազի սակագները, մենաշնորհների դեմ պայքարի արդյունքում նվազել են մի շարք ապրանքների գները:

Կուտակային կենսաթոշակային համակարգում կատարված փոփոխությունների արդյունքում բարձրացել է 207 հազար քաղաքացու աշխատավարձը, գյուղացիների վարկերի բոլոր տույժ-տուգանքներ ներվել են, հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները նվազել են և այլն: «Հունիսին արձանագրվել է 9,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, որի ազդեցությունը մարդիկ դեռևս չեն զգում:

Մեր խնդիրն այդ աճի մոդելն այնպես փոխելն է, որ դրա արդյունքները զգան նաև ՀՀ քաղաքացիները»,– ընդգծել է կառավարության ղեկավարը: Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Բերդի և Նոյեմբերյանի տարածաշրջանների համայնքների ղեկավարներին: Դիմելով նրանց՝ վարչապետը նշել է, որ օգնության տրամաբանությունը պետք է փոխարինել համատեղ աշխատանքի տրամաբանությամբ:

«Հիմա կառավարությունն անելու է ավելին, քան նախկինում: Կառավարությունն այսօր ունի 10-15 մլրդ դրամ, որը պատրաստ ենք սուբվենցիաների՝ համաֆինանսավորման ծրագրով հատկացնել համայնքներին, սակայն վերջիններս պատրաստ չեն ծախսել այդ միջոցները, քանի որ չունեն գումարներ կամ ծրագրեր: Պարզ է, որ համայնքների բյուջեները քիչ են, սակայն այստեղ ծագում է երկու հարց՝ արդյոք առկա գումարները ծախսվում են արդյունավետ և արդյոք բյուջեները ձևավորվում են օբյեկտիվ, արդար:

Եթե ուզում ենք, որ բյուջեն մեծանա, պետք է արդար ծախսենք: Մենք չենք հանդուրժելու թալանը և բոլորիդ հրավիրում եմ կառուցողական աշխատանքի»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ այն պահանջները, որոնք առաջադրում է ուրիշների նկատմամբ՝ առաջին հերթին առաջադրում է ինքն իր նկատմամբ: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կառավարությունում այժմ քննարկվում է վերը նշված միջոցներն առանց համայնքների ֆինանսական մասնակցության տարբեր ծրագրերում ներդնելու հնարավորությունը՝ հաշվի առնելով դրանց արդյունավետության մակարդակը:

Համայնքների ղեկավարները ներկայացրել են ճանապարհաշինության, միջհամայնքային տրանսպորտի ապահովման, համայնքների խոշորացման, հրատապ խնդիրների լուծման հետ կապված տարբեր հարցեր: Քննարկվել են նաև կառավարության կադրային քաղաքականությանը, անվտանգ ճանապարհների ապահովմանը, գյուղատնտեսության սուբսիդավորմանը, մարզերում մշակութային կյանքի ակտիվացմանը, պետական համակարգի օպտիմալացմանը, պետական եկամուտների ավելացմանը, նեդրումների ներգրավմանը վերաբերող թեմաներ:

Կառավարության ղեկավարին Ոսկեպարում ներկայացվել է համայնքի գազիֆիկացման ծրագիրը, որն իրականցվել է ոսկեպարցի բարերարի հատկացրած միջոցների արդյունքում: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նրան կատարած աշխատանքի համար և հորդորել բարեգործության տրամաբանությունը փոխարինել աշխատանքի տրամաբանությամբ և դիտարկել համայնքում նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ծրագրերի իրականացման հնարավորությունը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ֆրանսիան եւ Դանիան մտել են հաքերներից լավագույն պաշտպանությամբ երկրների հնգյակի մեջ
20 Փետրվարի 2019 - 19:46
Ֆրանսիան եւ Դանիան մտել են այն երկրների հնգյակի մեջ, որոնք իրենց համացանցային օգտատերերին բոլորից լավ են պաշտպանում հաքերային հարձակումներից: Համացանցի եւ առցանց անվտանգության ոլորտում Comparitech վերլուծական կայքի վարկանիշում Ֆրանսիան 60 երկրի շարքում զբաղեցրել է 2-րդ տեղը, Դանիան՝ 4-րդ:
Դեսպան Հրաչյա Փոլադյանի հանդիպումը Իրաքի կապի նախարարի հետ
20 Փետրվարի 2019 - 19:38
Փետրվարի 20-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց Իրաքի կապի նախարար, դոկտոր Նայեմ Թ.Յուսիրին (Dr. Naeem Th. Yousir)։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
20 Փետրվարի 2019 - 19:35
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Պաշտպանության նախարարը պարգեւատրել է զորամասերում դասախոսած արվեստագետներին և գիտնականներին
20 Փետրվարի 2019 - 19:33
Փետրվարի 20-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցներին։
Պուտինը հանձնարարել է Ազգային տիեզերական կենտրոն ձեւավորել
20 Փետրվարի 2019 - 18:44
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսկոսմոս»-ին հանձնարարել է Մոսկվայի կառավարության հետ համատեղ Ազգային տիեզերական կենտրոն ձեւավորել։ Այդ մասին նա հայտարարել է Դաշնային ժողովին ուղերձի շրջանակներում՝ հայտնում է РБК-ն։
Հակոբ Արշակյանը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
20 Փետրվարի 2019 - 18:43
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոնին։
Գագիկ Հարությունյանը ցավակցական ուղերձ է հղել Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ
20 Փետրվարի 2019 - 18:41
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ցավակցական ուղերձ է հղել ամերիկահայ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ: ՈՒղերձում, մասնավորապես, ասված է.
Վերականգնվել է բացահայտված հանցագործություններով պետությանը պատճառված 27.8մլրդ դրամի վնաս
20 Փետրվարի 2019 - 18:40
2018թ. ընթացքում վերականգնվել է բացահայտված հանցագործություններով պետությանը պատճառված 27.8մլրդ դրամի վնաս։ Այս մասին հաղորդագրություն է տարածել գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։
Դատախազությունը Վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Գևորգյանին չկալանավորելու որոշման դեմ
20 Փետրվարի 2019 - 18:12
Դատախազությունը Վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին չկալանավորելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16898
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ճագարը հայտնվել է Գինեսի գրքում (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր