Facebook   Twitter
 
Խորքային բարեփոխումները լինելու են ցավոտ, ոչ պոպուլյար, վարկանիշի կորստով. Վահե Հովհաննիսյան

Խորքային բարեփոխումները լինելու են ցավոտ, ոչ պոպուլյար, վարկանիշի կորստով. Վահե Հովհաննիսյան

11 Փետրվարի 2019 - 13:53
Հայաստանն այն վիճակում չէ, որ սիրողական զարգացում ունենա, որ սիրողական քաղաքականություն տարվի. Հայաստանի իրականությունը պահանջում է շատ լուրջ մոտեցում, շատ ավելի ոչ ստանդարտ լուծումներ եւ շատ ավելի ուրիշ մտածողություն: Այս մասին իր «Ի՞նչ է կատարվում Հայաստանում-2» հոդվածում նշել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը:
Ստորեւ ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ.

«Անխուսափելի բարեփոխումներ, հետաձգվող խոսակցություն

Միակ ճանապարհը՝ երկարաժամկետ արդյունք ունենալու համար, խորքային եւ գրագետ բարեփոխումներն են։

Հակառակ դեպքում կառավարությունները միշտ ասելու են՝ տնտեսությունը աճում է, արտագաղթը կասեցվել է, իսկ ընդդիմախոսները պնդելու են ճիշտ հակառակը։ Սոցցանցերն ու մեդիան էլ մնալու են լավագույն գործիքները՝ մանիպուլիացիոն կարծիքներ ձեւավորելու համար։ Բայց Հայաստանն այն վիճակում չէ, որ սիրողական զարգացում ունենա, որ սիրողական քաղաքականություն տարվի։ Հայաստանի իրականությունը պահանջում է շատ լուրջ մոտեցում, շատ ավելի ոչ ստանդարտ լուծումներ եւ շատ ավելի ուրիշ մտածողություն։

Ի՞նչ է պետք գրագետ բարեփոխումներ իրականացնելու համար.

ա/ Տեսակետ եւ պատկերացումներ (դրանք ոչ միշտ են նույն բաները),

բ/ Այդ աշխատանքին ունակ թիմեր-անհատներ,

գ/ Քաղաքական կամք։

Ուզում եմ կասկածի տակ դնել մոտ 30 տարի մեր երկրում իշխող տեսակետը, թե իսկական բարեփոխումների համար պետք է միայն քաղաքական կամք։ Դու կարող ես ունենալ այդ կամքը, ինչը շատ կարեւոր է, բայց տեսակետ-պատկերացումներ ու դրանք գործադրելու ունակ մարդիկ չունենալու դեպքում կարող ես անել շատ կոպիտ սխալներ, ուղղակի աղետների բերել՝ ամենալավ ու ազնիվ ցանկություններով։

Հիմա հարցը. այսօր Հայաստանում նշված երեք կետերից որո՞նք եւ ի՞նչ աստիճանի են առկա։ Այս հարցը կարեւոր է, որպեսզի մեզնից յուրաքանչյուրն ինքնուրույն ստանա երկու այլ՝ կարեւորագույն հարցերի պատասխանները՝ ու՞ր է գնում Հայաստանը, եւ ի՞նչ պետք է անել։

Ինչպե՞ս կարող են սկսվել լուրջ բարեփոխումները, եթե երկրում մթնոլորտն աշխատանքային չէ։ Ինչպե՞ս է հնարավոր հասարակությանը ներքաշել փոփոխությունների փուլ, եթե երկրի նյուզմեյքերները ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն են։

Խորքային բարեփոխումները լինելու են ցավոտ, լինելու են ոչ պոպուլյար, ուղեկցվելու են վարկանիշի կորստով։ Սա ցանկացած ռեֆորմիստական իշխանության հեռանկարն է։

Բայց այս դեպքում «վատագույնը» լինելու է հաջորդ, խաղաղ ընտրություններում նոր իշխանության ձեւավորումը։ Ի տարբերություն՝ ռեֆորմների չգնալուն կամ անգրագետ իրականացնելուն, որն ավարտվելու է հերթական «մերժումով», բայց ավելի հուսախաբված, հետեւաբար՝ ավելի ագրեսիվ։

Նոր հարցեր. ի՞նչ ենք ուզում, ինչպե՞ս ենք պատկերացնում

Օրենքները, որոշումները, մյուս կարգավորումները բարեփոխումների տեխնիկական կողմն են, եւ մեզ մոտ ցավոք, սրանք նույնացվում են բարեփոխումների հետ։

Բարեփոխումների հայեցակարգ կոչվածը մի խումբ պարզ, բայց ամենակարեւոր հարցերի պատասխանն է, որոնցից մենք անընդհատ խուսափում ենք, անընդհատ հետաձգում ենք։

Ի վերջո, մի օր մենք պետք է առանց վախենալու խոսենք, թե ինչպե՞ս ենք պատկերացնում այս կամ խնդրի լուծումը, ի՞նչ ենք ուզում ստանալ, ի՞նչ մոդել, ի՞նչ տեսակ։

Կարելի է հարյուրներով կրճատել բուհական կամ ակադեմիական համակարգը, կրճատել կամ ավելացնել ֆինանսավորումը, փոխել մեխանիզմները եւ ստանալ զրոյական օգուտ։

Մինչեւ չխոսենք, թե ինչ գիտական համակարգ ենք ուզում ստեղծել Հայաստանում, մինչեւ չձեւակերպենք առաջնահերթությունները, չհաշվարկենք ռեսուրսները, ոչ մի բարեփոխում չի լինի։ Մինչեւ ինքներս մեզ համար չճշգրտենք՝ ի վերջո ինչպե՞ս ենք պատկերացնում գիտության ճանապարհը Հայաստանում։

Մինչեւ բաց չխոսենք, չքննարկենք, թե ի՞նչ հանրակրթական համակարգ ենք ուզում ունենալ մեր երկրում՝ հաշվի առնելով մեր իրականությունը եւ աշխարհի առաջընթացը, ուրեմն բոլոր ջանքերը այս ոլորտում ունենալու են կոսմետիկ իմաստ։

Ի՞նչ առողջապահական համակարգ ենք ուզում ունենալ։ Մեկն այս հարցին պատասխանե՞լ է։

Ինչպիսի՞ գյուղատնտեսություն ենք տեսնում 5-10-20 տարվա հեռանկարում։ Հետեւաբար՝ ի՞նչը պետք է խրախուսենք, ինչի՞ն օգնենք եւ որտե՞ղ փնտրենք գործընկերներ։

Կարող ենք տասն անգամ Մշակույթի նախարարությունը փակել ու բացել, լուծարել ու վերականգնել, ու բան չփոխվի։ Բայց մի օր պետք է ի վերջո հասկանալ՝ ինչ ենք ուզում մենք մշակույթից, ինչպիսին պետք է լինի մշակութային հայեցակարգը մեր երկրում, ինչպես եւ ինչ ենք ստեղծում, ինչ ենք արտահանում, ինչն ենք պահպանում, ինչից ենք հրաժարվում։

Եվ այսպես, ոլորտ առ ոլորտ հարցականների տակ դնելով, գալու ենք հայ-ադրբեջական հակամարտությանը։ Ի վերջո ինչպե՞ս ենք մենք պատկերացնում այդ հակամարտության լուծումը։ Ինչպե՞ս ենք մենք տեսնում մեր հարաբերությունները մեր հարեւանների հետ։ Խոսքը կենացի մասին չէ, ցանկությունների մասին չէ։ Խոսքն իրական պատկերացումների մասին է (այս մասին կխոսենք առանձին):

Հակառակ դեպքում ստացվում է, որ մենք ուզում ենք փոփոխություններ, զարգացում, բայց այդ փոփոխությունների ցանկալի վերջնարդյունքի մասին չունենք որեւէ պատկերացում։ Այդ պատկերացումները չունի ո՛չ լայն հասարակությունը, ո՛չ վերնախավը, ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը, որ մտավորականությունը։ Այսպես մենք կդառնանք էքսպերիմենտալ պետություն, իսկ դրա հեռանկարները հաշվարկելը բարդ չէ։

Հիմա՝ լուծումների մասին

Պետությունն իր ողջ ռեսուրսներով պետք է տրամադրվի աշխատանքի։ Պետության եւ հայ ժողովրդի շարժիչը պետք է միացնել։ Հիմա մենք ինքնահոսի մեջ ենք, եւ այդպես է արդեն մի քանի տարի։ Ահա այստեղ է, որ ժամանակը քիչ է. անգործության եւս մի փուլ, ու նկատելի հետ կընկնենք ոչ միայն աշխարհից, այլեւ հարեւաններից։

Կան նախապայմաններ՝ չխուսափել որեւէ բարդ հարցից, չխաբել ինքներս մեզ որեւէ հաճելի գաղափարով։

Պետք է սովորել լսել առարկություններ, լսել դիտողություններ, ընդունել սխալները, արդյունքում՝ գտնել ավելի լավ լուծումներ եւ գնալ առաջ։

Պետք է գտնել խնդիրների արմատները եւ լուծել դրանք խորքից, վերջապես մոռանալ սիմպտոմատիկ լուծումների ճանապարհը։ Փոխել է պետք շատ խնդիրներին նայելու տեսանկյունը։ Օրինակ. 30 տարի է՝ մշակութային քաղաքականության առաջնահերթ խնդիր է համարվել դահլիճը լցնելը. մեծ հաշվով՝ անարդյունք։ Վերջապես փոխել է պետք այդ մոտեցումը, եւ խնդիր դնել՝ «լցնել բեմը», հանդիսատեսին կրթելու համար նախ՝ կրթել բեմը, ստանալ որակյալ բեմ։ Արդյունքում՝ արդեն որպես երկարաժամկետ նպատակ, ստանալ ոչ միայն լավ երաժիշտ, արտիստ, բեմադրիչ, այլեւ՝ լավ ունկնդիր, նաեւ այդ ճանապարհով կրթել ունկնդրին։ Սա՝ որպես մի ճանապարհ։ Այս մոտեցման ամենալավ ապացույցը՝ վերջին 5-7 տարիներին էապես աճել է ակտիվ ընթերցողների թիվը, որովհետեւ նպատակային քաղաքականության արդյունքում՝ լուծվել է ընթերցվելիքի որակը եւ քանակը։ Լավ գրականություն է տպվում, լավ թարգմանություններ են արվում։

Փոխենք հանրակրթության առաջ դրվող խնդիրները, դուրս գանք դաս-քննություն-թվանշան եռանկյունուց։

Առողջապահության ոլորտից մի օրինակ. Ստեփանակերտի նորակառույց բազմապրոֆիլ հիվանդանոցը խնդիրների համալիր լուծման մոդել կարող է ծառայել։ Հսկա շքեղ մի կառույց, որի ուղղությամբ չեն հոսում Գորիսի, Ղափանի եւ Հայաստանի այլ՝ Արցախին մոտ գտնվող համայնքների շահառուները (փոխարենը՝ նրանք գալիս են Երեւան), Ստեփանակերտից էլ են գալիս Երեւան։ Ստեփանակերտն այս համայնքներին շատ ավելի մոտ է, քան՝ Երեւանը։ Հիվանդանոցը կարիք ունի որակյալ մասնագետների։ Սա հայտնի խնդիր է։ Ի՞նչն է մեզ խանգարում լուծել այն։ Բարձրակարգ բժիշկներ գործուղենք, նոր ծառայություններ ու ժամանակակից ստանդարտներ ապահովենք։ Շենքը շքեղ է, բուժտեխնիկան՝ ժամանակակից, սրանով մենք կլուծենք միաժամանակ մի քանի հարց։

Արցախի ներսում խաղաղ եւ կազմակերպված կյանքը, այդ թվում՝ ենթակառուցվածքային ժամանակակից լուծումներով, Արցախի անվտանգության ամենակարեւոր երաշխիքներից է։ Արցախի ու Հայաստանի կապը հենց այսպիսի կենսական կարեւորության ոլորտների միջոցով պիտի ամրանա՝ զարկերակային կապ դառնա. կոսմետիկ պաթետիկ լուծումների վրա հենվելն ապահով չէ։ Նման տարբեր համալիր լուծումներով, տարբեր ոլորտներում մենք կստանանք Արցախի եւ Հայաստանի իրական ինտեգրացիա։

Բարեփոխումների այլընտրանքը ոչ միայն հնարավոր սխալ քայլերն են, այլեւ, ինչը մինչ այժմ ավելի տեսանելի է եղել, անշարժությունն է, իներցիան։ Մի բան հստակ հասկանանք. Արամի 23-ի պատի փլուզումն իրականում որոշ գերատեսչությունների եւ նոր ոլորտային կառավարիչների 8-ամսյա անգործության հետեւանքն էր։

Բարեփոխումների չգնալու, հստակ գործունեություն չծավալելու դեպքում փլուզվելու են պետության այլ, շատ ավելի կարեւոր պատեր, հենասյուներ։

Նախաձեռնությունների հաջող ընթացքի համար պետք է կարողանալ գրագետ հաշվարկել եւ կիրառել երկրի սուղ ռեսուրսները, այդ թվում՝ մարդկային։ Ներկա իշխանությունը պետք է վերջապես ընդունի, որ նախկին իշխանություններում եղել են գրագետ, բարձր պրոֆեսիոնալ եւ ծավալուն տեղեկատվության տիրապետող մարդիկ՝ բոլոր ոլորտներում՝ տնտեսություն, ներդրումներ, արտաքին քաղաքականություն, տարածքային կառավարում, դատաիրավական համակարգ եւ այլն։ Նոր Հայաստանը չի կարող դառնալ «ԻՄ Հայաստանը»։

«Կառուցելու փուլը» սկսելու համար չափազանց կարեւոր է տարբեր խավերի մասնակցելիության խնդիրը լուծելը՝ հետեւյալ բանաձեւով. տվյալ ոլորտի բարեփոխումն իրականացվում է հենց տվյալ ոլորտի ակտիվ, բովանդակային ներգրավմամբ, ոչ թե՝ ի հեճուկս նրանց կամ կոտրելով դիմադրությունները։ Ողջ երկիրն իր ողջ պոտենցիալով պետք է ներգրավել աշխատանքում։ Սա է կոչվում պետության շարժիչը միացնել»։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ալկոհոլը կարող է վնասել մարդու ԴՆԹ-ն
24 Փետրվարի 2019 - 00:28
Մարդիկ, որոնց գենը ալկոհոլը փոխել է, հաճախ են խմում՝ սթրեսից ազատվելու համար: Ռաթգերս համալսարանի գիտնականները ուսումնասիրել են հաճախակի խմող մարդկանց ԴՆԹ-ն:
Մեկ օրում Ուորեն Բաֆեթն ավելի քան 4 մլրդ դոլար է կորցրել
24 Փետրվարի 2019 - 00:26
Ամերիկացի միլիարդատեր և վենչուրային ներդրող Ուորեն Բաֆեթը ներդրողներին ուղղված նամակում տեղեկացրել է, որ իր գլխավորած Berkshire Hathaway հիմնադրամի բաժնետոմսերը վատագույն արդյունքն են ցույց տվել 2008 թվականից ի վեր:
Կիմ Չեն Ընը զրահապատ գնացքով մտավ Չինաստան. ԶԼՄ
24 Փետրվարի 2019 - 00:14
Գնացքը, որը ենթադրվում էր՝ տեղափոխում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին, հատեց Չինաստանի սահմանը՝ ուղղվելով Վիետնամ: Այս մասին հաղորդում է ճապոնական NHK ալիքը:
Տիգրան Քեոսայանն ընդգրկվել է Ռուսաստանի ամենակարևոր տղամարդկանց ցանկում
24 Փետրվարի 2019 - 00:11
Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ ռուսական @Karaulny Telegram-ալիքը շնորհավորական ուղերձ է հղել երկրի բնակիչներին և կազմել Ռուսաստանի 100 ամենակարևոր տղամարդկանց վարկանշային ցանկը:
Երևանի քաղաքապետարանը 128 աշխատակից է փնտրում
24 Փետրվարի 2019 - 00:06
Երևանի քաղաքապետարանը աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում համայնքային ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարում է մրցույթներ:
49-ամյա Մրայա Քերին երկրպագուներին հիացրել է գեղեցիկ կազմվածքն ընդգծող զգեստով (լուսանկարներ)
24 Փետրվարի 2019 - 00:03
Երգչուհի Մրայա Քերին բավականին բարեկազմ կառուցվածք է ձեռք բերել վերջերս և հանգստյան օրերին երկրպագուներին ուրախացրել է ինստագրամյան թարմ հրապարակումներով:
Վթար Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում. կա տուժած
23 Փետրվարի 2019 - 23:57
Փետրվարի 23-ին`ժամը 18:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին պատկանող գործարանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ
23 Փետրվարի 2019 - 23:48
Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 21-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած հրդեհի փաստով:
Գիտնականներին հաջողվել է հայտնաբերել շագանակագեղձի քաղցկեղի զարգացման բարձր հնարավորությունը մատնանշող գենը
23 Փետրվարի 2019 - 23:37
Ռատգերյան համալսարանի գիտնականներին հաջողվել է հայտնաբերել այն գենը, որը մատնանշում է շագանակագեղձի քաղցկեղի զարգացման բարձր հնարավորությունը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15240
 
Լրահոս`