Facebook   Twitter
 
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ դեսպաններին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ դեսպաններին

12 Փետրվարի 2019 - 22:15
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական միության անդամ երկրների` Արևելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպաններին:
Բացման խոսքում Փաշինյանը նշել է. «Ուրախ եմ ողջունել Եվրամիության անդամ երկրներից նման ներկայացուցչական պատվիրակությանը, որի հիմնական խնդիրն է խթանել Արևելյան գործընկերության տեսլականը և առաջընթացը:

Եվրամիության հետ գործընկերությունը հսկայական նշանակություն ունի Հայաստանի համար` հատկապես ինստիտուցիոնալ շինարարության և տնտեսական զարգացման իմաստով: Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA) մեր համագործակցության հիմնական գործիքն է, և Հայաստանը լիովին հավատարիմ է դրա իրականացմանը: Դա կարևոր ռազմավարական փաստաթուղթ է, որն ապահովում է արդյունավետ մեխանիզմներ ինչպես ԵՄ-ի հետ մեր գործընկերության, այնպես էլ բարեփոխումների առաջխաղացման համար:

Հույս ունենք, որ համաձայնագրի վավերացումը կկատարվի ժամանակին: Ես երախտապարտ եմ այն երկրներին, որոնք արդեն ավարտել են այդ գործընթացը: Միևնույն ժամանակ, օգտվելով առիթից, կցանկանայի խնդրել ձեզ փոխանցել մեր խնդրանքը ձեր կառավարություններին` արագացնելու վավերացման գործընթացը:

Ինչպես գիտեք, անցյալ տարի մեր երկիրն ու հասարակությունն անցան տեկտոնային վերափոխումների միջով, ինչը հանգեցրեց իրական ժողովրդավարության հաղթանակին: Հայաստանում և Սփյուռքում հայ հասարակությունը լիովին ներգրավված է և աջակցում է այդ զարգացումներին:

Մեր կառավարությունը ձգտում է ամրապնդել մարդու իրավունքները, հասնել կայուն ժողովրդավարության, ապահովել որակյալ կառավարում, օրենքի գերակայություն, դատական համակարգի անկախություն և հավասար խաղի պայմաններ բոլոր քաղաքական և տնտեսական գործիչների համար: Սա մեզ ավելի է մոտեցնում Արևելյան գործընկերության հիմքում դրված արժեքներին ու ձգտումներին:

Մեր հեղափոխության տրամաբանական գագաթնակետն անցած դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին: Ես հպարտ եմ, որ միջազգային դիտորդներն ընտրությունները գնահատել են որպես ԵԱՀԿ չափանիշներին լիովին համապատասխան, այն է՝ ժողովրդավարական, ազատ, արդար և թափանցիկ: Ըստ էության, դրանք անկախության տարիներից ի վեր Հայաստանում անցկացված լավագույն ընտրություններն էին:

Քաղաքական տրանսֆորմացիան ավարտելով՝ մեր կառավարությունն այժմ կենտրոնացել է տնտեսական անցման վրա: Մենք պետք է տնտեսական հեղափոխություն իրականացնենք: Մենք ընդունել ենք բարեփոխումների հավակնոտ օրակարգ, որն ուղղված է բիզնեսի համար իրական մրցակցային միջավայրի ստեղծմանը, օրենսդրական դաշտի բարելավմանը և պարզեցմանը, առևտրային խոչընդոտների վերացմանը և օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը:

Որպես առաջնահերթություն` մենք ներկայում քայլեր ենք ձեռնարկում տեխնոլոգիաների և գիտելիքների վրա հիմնված տնտեսության խթանման համար: Տեխնոլոգիական հատվածն այսօր մեր տնտեսության շարժիչ ուժերից է: Տեղեկատվական տեխնոլոգիաները զարգացման մեծ ներուժ ունեն Հայաստանում: Նրանք դառնում են մեր հիմնական համեմատական առավելություններից մեկը և կարող են ապագայում դառնալ մեր տնտեսության անկյունաքարը:Այս կապակցությամբ կցանկանայի ձեզ տեղեկացնել, որ Հայաստանը հյուրընկալելու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, որը տեղի կունենա 2019 թ. հոկտեմբերի 6-9-ը Երևանում: Միջոցառմանը կմասնակցեն հարյուրավոր գործարար համայնքների անդամներ, մի քանի տասնյակ երկրներից ակադեմիկոսներ և կառավարական ներկայացուցիչներ: Օգտվելով առիթից, կցանկանայի խնդրել ձեզ այս տեղեկությունը փոխանցել ձեր կառավարություններին` այդ իրադարձությանը ներկայացուցիչներ ուղարկելու համար:

Բարեփոխումների իրականացումը բարդ գործընթաց է, որը պահանջում է զգալի ֆինանսական և մտավոր ռեսուրսներ: Այս առումով ԵՄ շարունակական ֆինանսական և տեխնիկական աջակցությունը մեզ համար չափազանց կարևոր է: Մենք բարձր ենք գնահատում այն: Սակայն այսօր մենք ակնկալում ենք ավելի մեծ աջակցություն ԵՄ-ից: Հաշվի առնելով «ավելին` ավելիի դիմաց» ձեռքբերումների տարբերակման սկզբունքի տրամաբանությունը` կարծում ենք, որ այն պետք է համապատասխանի Հայաստանում գրանցված ժողովրդավարական նվաճումներին:

Խնդրում ենք փոխանցել ձեր մայրաքաղաքներին մեր այն ուղերձը, որ ԵՄ աջակցությունը կարող է արագացնել հայաստանյան բարեփոխումները, դրանք ավելի ուժեղ և կառուցողական դարձնել:

Վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը ևս մեկ կարևոր հանձնառություն է մեզ համար: Հայաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում մուտքի արտոնագրերի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի արդյունավետ իրականացման ուղղությամբ: Եվ մենք հուսով ենք, որ ԵՄ անդամ պետությունները պատշաճ կերպով կգնահատեն մեր առաջընթացը և կզարգացնեն Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ես կցանկանայի ձեզ տեղեկացնել, որ երեկ ես հանդիպեցի Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցով Եվրամիության հատուկ ներկայացուցչի՝ պարոն Թոուո Կլարի հետ: Մենք մանրակրկիտ զրույց ունեցանք հակամարտության և նախագահ Ալիևի հետ մեր վերջին հանդիպումների շուրջ»:

Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրման և արտաքին գործերի դաշնային նախարարության Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնաց Թոմաս Բուխսբաումը պատվիրակության անունից կարևորել է Հայաստանի վարչապետի հետ հանդիպումը, որը հնարավորություն կտա քննարկել Արևելյան գործընկերության ծրագրի արդյունավետ իրականացմանը և Հայաստան-ԵՄ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: «Պարոն Փաշինյան, ԵՄ 16 անդամ երկրների ներկայացուցիչներ եկել են Հայաստան` Ձեր բարեփոխումների օրակարգին, տնտեսական հեղափոխության տեսլականին ծանոթանալու և Արևելյան գործընկերության ծրագրի մասնակից Հայաստանի զարգացմանն իրենց աջակցությունը հայտնելու համար: Մենք ողջունում ենք Հայաստանում ժողովրդավարական փոփոխությունների խաղաղ իրականացումը և խորհրդարանական կառավարման համակարգին սահուն անցումը», - նշել է նա: Պարոն Բուխսբաումը ողջունել է նաև նախորդ տարի դեկտեմբերին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որոնք լիովին համապատասխանում էին ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին, և որոնց արդյունքները ևս մեկ անգամ վկայում էին Հայաստանի վարչապետի նկատմամբ առկա հանրային մեծ վստահության մասին:Խոսելով 2018թ. դեկտեմբերի 9-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների մասին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Դրանք անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններն էին: Ընտրությունները մինչ այս անցկացվել են խախտումներով, ընտրակեղծիքներով: Կեղծված ընտրությունների էջն ընդմիշտ փակ է Հայաստանի համար, և դա մեր քաղաքական կամքն է: Այժմ մեր օրակարգում ժողովրդավարության ամրապնդումն է և տնտեսությունում փոփոխությունների իրականացումն է»: Վարչապետն ընդգծել է` տնտեսական հեղափոխության նպատակը իրական հնարավորությունների ստեղծումն է մարդկանց համար, տեղական և օտարերկրյա ներդրողների համար, և այդ տեսլականը կյանքի կոչելու համար կառավարությունն արդեն իսկ բարեփոխումներ է իրականացնում` օրենսդրական և կառուցվածքային առկա գործիքակազմի կատարելագործման, ինչպես նաև նոր գործիքների ներդրման ուղղությամբ:

Ի պատասխան Հայաստանում ժողովրդավարության զարգացման վերաբերյալ հարցադրումներին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Ժողովրդավարությունը մեզ համար ներքին համոզմունք է և հավատամք, դա մեր հասարակության արժեքային կողմնորոշումն է, այլ ոչ թե արտաքին քաղաքական կամ աշխարհաքաղաքական ընտրություն»:

Մասնակիցների հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանի ժողովրդավարական մարտահրավերներին, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ տարվող պայքարին, բարեփոխումների գործընթացի հաջողությանը, հասարակական-քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության ավելացմանը, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացմանը, ինտեգրացիոն միավորումների շրջանակում Հայաստանի և Հայաստանի գործընկերների համար առկա հնարավորություններին վերաբերող և մի շարք այլ հարցերի:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հայ և բուրյաթացի մարզիկները ծեծկռտուք են սարքել ММА-ի մենամարտին նախորդող կշռման արարողության ժամանակ (տեսանյութ)
18 Ապրիլի 2019 - 21:08
Ռուսաստանում՝ Բուրյաթիայի մայրաքաղաք Ուլան Ուդեում, կայացել է ММА մարտիկների կշռվելու արարողությունը, որը նախորդում է BFC-3-ի խառը մարտարվեստների միջազգային մրցույթին:
Իմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի. Դավիթ Սանասարյանի գրառումը
18 Ապրիլի 2019 - 21:06
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իրեն մեղադրանք առաջադրելու ԱԱԾ որոշմանը։
ՊԵԿ-ն ավտոգազալցավորման գործունեություն իրականացնողներին հորդորում է պահպանել հարկային օրենսդրության պահանջները
18 Ապրիլի 2019 - 20:52
71 տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացվում են ստուգումներ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Դեսպան Աթաբեկյանի այցը Զահլե քաղաք
18 Ապրիլի 2019 - 20:50
Ապրիլի 18-ին դեսպան Վահագն Աթաբեկյանն այցելեց Լիբանանի ձեռնարկատիրական գործունեությամբ հայտնի Զահլե քաղաք:
Երևանյան դեղատներից մեկից հափշտակվել է 1200 դոլար (տեսանյութ)
18 Ապրիլի 2019 - 20:48
Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 17-ին, Շենգավիթ վարչական տարածում տեղի ունեցած անձնական ունեցվածքի գողության փաստով:

Իրանը ցուցադրել է հայրենական արտադրության Kowsar կործանիչը
18 Ապրիլի 2019 - 20:47
Իրանը Ազգային բանակի օրվան նվիրված ռազմական շքերթի ժամանակ ցուցադրել է հայրենական արտադրության Kowsar կործանիչը՝ հայտնում է Tasnim-ը։
Արգենտինայում 220 մլն տարի առաջ ապրած դինոզավրերի մնացորդներ են հայտնաբերել (լուսանկարներ)
18 Ապրիլի 2019 - 20:33
Արգենտինայի «Իսչիգուալաստո» բնության հատուկ պահպանվող տարածքում հնագետները շուրջ 220 մլն տարվա հնության դինոզավրերի մնացորդներ են հայտնաբերել:
Գարեգին Բ–ի հանդիսապետությամբ Ս. Գայանե վանքում կատարվել է Ոտնլվայի արարողությունը
18 Ապրիլի 2019 - 20:31
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր՝ ապրիլի 18-ին, հիշատակել է մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը եւ Ս. Հաղորդության խորհրդի հաստատումը:
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ
18 Ապրիլի 2019 - 20:27
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17740
 
Լրահոս`
 
 
 
Դեսպան Աթաբեկյանի այցը Զահլե քաղաք
Միջազգային, Հասարակություն