Facebook   Twitter
 
Զինվորն ինքնասպան է եղել՝ հրամանատարի հայհոյանքներին ու նվաստացումներին չդիմանալով

Զինվորն ինքնասպան է եղել՝ հրամանատարի հայհոյանքներին ու նվաստացումներին չդիմանալով

15 Մարտի 2019 - 21:31
1in.am-ը գրում է
Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Նարեկ Չ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ:

Նարեկ Չ.-ին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով հրթիռային հաշվարկի հրամանատար, կոչումով՝ շարքային, զորամասում զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ պարբերաբար վիրավորանք է հասցրել իր նկատմամբ ստորադաս հանդիսացող, իր ղեկավարած հաշվարկի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սևակ Հ.-ին:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հունվարի սկզբից մինչև մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում Նարեկ Չ.-ն պարբերաբար, տարբեր առիթներով անհարկի կշտամբել ու դիտողություններ է արել շարքային Սևակ Հ.-ին, հանձնարարել է կատարել զինվորական ծառայության պարտականություններից չբխող, զինվորի համար տհաճ աշխատանքներ՝ հանձնարարել է իր փոխարեն ստանալ ու տեղափոխել իր զինվորական հանդերձանքի պարագաներ, հարդարել իր անկողինը, իր փոխարեն և ընդհանրապես՝ սահմանվածից դուրս կատարել մաքրության աշխատանքներ, Սևակ Հ.-ի կամքին հակառակ նրա ձեռքից վերցրել և օգտագործել է նրա բջջային հեռախոսը՝ այդ բոլոր գործողություններով, անընդհատ հնչեցվող հայհոյական արտահայտություններով, ըստ մեղադրանքի, Նարեկ Չ.-ն անպարկեշտ կերպով ստորացրել է զինվորի պատիվն ու արժանապատվությունը:

Մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի մարտի 21-ին, ժամը 21-ն անց 30-ի սահմաններում երեկոյան անվանականչին լինելով վաշտի հերթապահ, Նարեկ Չ.-ն, մոռանալով շարահրապարակ տանել երեկոյան անվանականչի մատյանը, շարքային Սևակ Հ.-ին հանձնարարել է գնալ ու զորանոցից բերել այն, իսկ երբ վերջինս ուշացել է, շարքում մյուս զինծառայողների ներկայությամբ ասել է. «Էդ գ…-ն ի՞նչ էղավ»: Սևակի վերադառնալուց հետո նորից նրան սեռական բնույթի հայհոյանք է տվել ու ավելացրել է. «Հո դեմ չեղա՞ր պալկային»:

Բացի այդ, 2016 թվականի մարտի 16-ին, «Քուն» հրամանից հետո զորամասի ննջարանում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Նարեկ Չ.-ն բռնություն է գործադրել իր նկատմամբ ստորադաս հանդիսացող Սևակ Հ.-ի նկատմամբ՝ ապտակներ է հասցրել մահճակալին պառկած զինվորին, կսմթել ու երկու կտտոց է հասցրել ու պահանջել. «Ա՛յ, գ…, հլը տուր հեռախոսդ»…

Պարբերաբար նման վերաբերմունքի արժանանալով և գտնվելով հոգեկան լարված, տառապագին ու ընկճված վիճակում, 2016 թվականի մարտի 24-ին, ժամը 9-ն անց 10 րոպեի սահմաններում շարքային Սևակ Հ.-ն զորամասի հրաձգարանում ինքն իր վրա կրակոց արձակելով՝ կատարել է ինքնասպանություն:

Նարեկ Չ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել զինվորին ինքնասպանության հասցնելու և մյուս մեղադրանքներում:

Նա հայտնել է, թե Սևակի հետ ծանոթացել էր դեռ 2015 թվականին ուսումնական զորամասում: Երբ սկսել են միասին ծառայել, ինքը մտերմացել է Սևակի հետ: Պատահել է՝ Սևակն ուրիշ զինվորների հետ խնդիրներ է ունեցել, ինքը միջամտել ու լուծել է հարցերը: Ինքը թույլ չի տվել, որ նա ուրիշների աշխատանքը կատարի: Սևակը հանգիստ բնավորություն ուներ…

Դեպքի օրն ինքը գնացել է հրաձգարան, այնտեղ տեսել է Սևակին, ում շրթունքը վնասված էր: Հարցրել է՝ ի՞նչ է պատահել: Նա պատասխանել է, թե վիճաբանություն է ունեցել Կնյազի հետ: Սևակն ասել է նաև, թե ինքնաձիգը լավ չի կրակում: Ինքը հեռացել է: Նստարանին նստած ծխում էր, երբ կրակոց է լսել: Գնացել ու տեսել է Սևակին՝ ընկած: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Ինքը լավ չի զգացել, արտասվել է: Եկել են ռազմական ոստիկանության աշխատողները, հարցրել են՝ ովքե՞ր են մտերիմ եղել Սևակի հետ: Ինքն ասել է՝ ես եմ եղել: Իրեն տարել են ՌՈ բաժին, պահել են անազատության մեջ:

Այնտեղ իր նկատմամբ բռնություն են գործադրել, ինքը տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ: Իրեն ասել են՝ եթե մեզ օգես, մենք էլ քեզ կօգնենք, գործը դատարան չենք ուղարկի: Բայց ուղարկել են դատարան:

Ըստ ամբաստանյալի՝ ինքը եղել է Սևակի միակ ընկերը: Որպես ընկերներ՝ իրար հետ կատակներ են արել, բայց ինքը Սևակին չի նվաստացրել, չի հայհոյել, նրա նկատմամբ բռնություն չի գործադրել:

Նարեկ Չ.-ն ենթադրություն է հայտնել, թե շարքային Սևակ Հ.-ն ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ զենքի հետ առաջացած խնդիրների պատճառով է մահացել, Սևակն ինքնասպանություն գործելու մտադրություն չի ունեցել: Նա իր նոթատետրում գրառումներ է կատարել ծառայությունից հետո ունեցած բազմաթիվ ծրագրերի մասին…

Նախաքննական ցուցմունքում Նարեկ Չ.-ն նշել է, որ Սևակի հետ հայհոյանքներով է խոսել, դա կրել է մշտական բնույթ: Սևակը չի պատասխանել իրեն, միայն խնդրել է մյուս զինծառայողների ներկայությամբ իր հետ այդպես չխոսել…

Դատարանը եզրակացրել է, որ Նարեկ Չ.-ի դատաքննական ցուցմունքն արժանահավատ չէ:

Զինվորի նկատմամբ կիրառված բռնության որոշ դրվագներով Նարեկ Չ.-ի քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Նարեկ Չ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 2-րդ մասով, 358.1 հոդվածի 1-ին մասով, 358.1 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և վերջին հաշվով դատապարտվել է 4 տարի 3 ամիս 5 օր ազատազրկման:

Պատժի սկիզբը կհաշվվի Նարեկ Չ.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրողը՝ պահանջելով խստացնել պատիժը՝ Նարեկ Չ.-ին դատապարտել վերջին հաշվով 6 տարի 3 ամիս 5 օր ազատազրկման:

Դատավճիռը բողոքարկել են նաև Նարեկ Չ.-ի շահերի պաշտպանները:

Դատական այս նիստին դատարան չէր ներկայացել տուժողի իրավահաջորդը:

Իրենց վերաքննիչ բողոքը ներկայացրին Նարեկ Չ.-ի շահերի պաշտպանները:

Պաշտպանն անդրադարձավ տուժող Սևակի տետրերին, որոնց մեջ նա գրառումներ էր կատարել իր ապագայի ծրագրերի, համակարգչային ծրագրերի ու խաղերի վերաբերյալ, կատարել էր հաշվարկներ՝ ծառայությունն ավարտելուց հետո համակարգչային տեխնիկա գնելու վերաբերյալ:

Ըստ պաշտպանի՝ նախաքննական մարմինը այս գործով կենտրոնացել է մեկ՝ ինքնասպանության վարկածի վրա: Մինչդեռ եթե երիտասարդը 2016 թվականի սկզբին հեռահար ծրագրեր է կազմել 2017-2018 թվականների համար, եթե զինվորը դեպքին նախորդած գիշերը հոր հետ հեռախոսազրույցում սննդամթերք ու հիգիենայի պարագաներ է ուզել, արդյո՞ք նա ցանկություն կունենար ինքնասպան լինելու: Հոր հետ գիշերային հեռախոսազրույցից, առավոտյան վաղ սափրվելուց, իր հիգիենայով զբաղվելուց հետո՝ մի քանի ժամվա ընթացքում ի՞նչ պիտի տեղի ունենար, որ երիտասարդը չկարողանար հաղթահարել ու վերջ տար կյանքին:

Պաշտպանը նշեց, թե Սևակի գրառումներից հասկանալի է դառնում, որ նա թերարժեքության բարդույթ է ունեցել, ինքն իր նկատմամբ շատ խիստ ու պահանջկոտ է եղել:

Պաշտպանը Սևակի տետրի գրառումներից մեջբերեց ինքն իրեն տված «հանձնարարականները», որոնք կատարելով՝ պիտի կատարելագործվեր ու իսկական տղամարդ դառնար: Մասնավորապես Սևակն ինքն իրենից պահանջել է. «Դառնալ ավելի աշխատասեր… Թքել հոգնած լինելու վրա…

Դառնալ ավելի պատասխանատու… Չուշանալ… »: Գրառումներում Սևակը «խոսել» է իր հետ, ինքն իրեն առաջադրանքներ է տվել. «Ինչքան կարող ես՝ աշխատիր քո վրա… քո մարմնի վրա… Շատ վատ բնավորություն ունես… Քեզ փոխի, որ իսկական տղամարդ դառնաս… Շուտ զարթնիր… Գործերդ շուտ ավարտիր… Ամեն օր մաքրիր կոշիկներդ, ֆիզիկապես ու մտավոր զարգացիր… Կամքիդ ուժն արթնացրու… Լվա մայկեդ ու տրուսիկդ… Երկու ամսում շարայինդ դզի, բանակը քեզ կտա կամք…»:

Պաշտպանը, հիշատակելով Սևակի որոշ ծառայակիցների ցուցմունքները, նշեց, որ Սևակը, չնայած ինքն իրեն հրահանգավորել էր, որ կատարելագործվի, բայց չէր հարմարվել ծառայության ռեժիմին…

Ըստ վկայությունների՝ Սևակը զորամասում խնդիրներ չի ունեցել, բոլորի հետ լավ հարաբերությունների մեջ է եղել: Սևակի ու Նարեկ Չ.-ի հարաբերությւոնները նորմալ են եղել: Նարեկը բազմիցս օգնել է Սևակին, մյուսներին թույլ չի տվել, որ նեղացնեն նրան: Սևակը կիսվել է Նարեկի հետ…

Դեպքի օրը Նարեկը Սևակի դեմքին՝ շրթունքի հատվածում, վնասվածք է նկատել, հարցրել է՝ ի՞նչ է պատահել, նա ասել է, թե Կնյազի հետ է վիճաբանել: Պաշտպանը նշեց՝ դատահոգեբան-փորձագետը չի վերլուծել՝ Կնյազի հետ հիշյալ վիճաբանությունը պատճառահետևանքային կապ չէ՞ր կարող ունենալ Սևակի ինքնասպանության հետ: Չէ՞ որ մինչև այդ վնասվածքը ստանալը Սևակը, ըստ ծառայակիցների, եղել է լավ տրամադրությամբ, զբաղվել է անձնական հիգիենայով, սափրվել է…

Պաշտպանը նշեց նաև ծառայակիցների հետ Սևակի ունեցած այլ վիճաբանությունների մասին, որոնք տեղի էին ունեցել դեպքից երկու-երեք օր առաջ: Օրինակ՝ մի քանի ծառայակիցների հետ խոսակցության ժամանակ Սևակը հրաժարվել էր ծխարանը մաքրելուց՝ ասելով՝ ես չեմ ծխում, ինչի՞ պիտի կուրիլկեն մաքրեմ, ես միջանցքը կմաքրեմ: Բայց նրան տեսել էին ծխարանից աղբի տոպրակ դուրս բերելու ժամանակ, այսինքն՝ չուզելով՝ մաքրե՞լ է:

Պաշտպանն ասաց, որ փորձագետը չի վերլուծել՝ Սևակի ու ծառայակիցների հիշյալ և նմանատիպ այլ վիճաբանությունները չե՞ն ունեցել պատճառահետևանքային կապ նրա ինքնասպանության հետ:

Եթե ընդունենք, որ Նարեկի գործողություններից էր վրդովված Սևակը, փորձագետը, ըստ պաշտպանի, չի վերլուծել՝ ինչո՞ւ Սևակը նախկինում չէր դիմել այդ ծայրահեղ քայլին: Փորձագիտական եզրակացության մեջ նշված է, թե Նարեկ Չ.-ի գործողությունների ու Սևակի ինքնասպանության միջև պատճառահետևանքային կապն անուղղակի է, բայց, ըստ պաշտպանի, փորձագետը չի վերլուծել՝ եթե չլիներ այդ անուղղակի կապը, Սևակն ինքնասպանություն չէ՞ր գործի:

Համածառայողներից մեկի ցուցմունքով՝ դեպքի օրը Սևակն արթնացել էր շատ վաղ: Հանդիպել են լվացվելիս: Ծառայակիցը Սևակին հարցրել է՝ ինչո՞ւ ես էսքան շուտ արթնացել: Սևակը պատասխանել է. «Քունս չէր տանում… Դե լավ ա, էլի, կհասցնեմ թրաշվել»: Նա նորմալ տրամադրություն է ունեցել:

Պաշտպանը նշեց, որ դեպքից հետո տվյալ զորամասում ծառայողական քննություն է անցկացվել, հայտնաբերվել են խախտումներ, մասնավորապես՝ հրաձգարանում զինամթերքը զինծառայողներին բաշխվել է առանց հսկողության: Արձանագրված խախտումների համար մի խումբ սպաների նկատողություն է հայտարարվել, պաշտոնի իջեցումներ են եղել: Նշվել է, թե ծառայողական քննության նյութերում առերևույթ հանցագործության հատկանիշներ են հայտնաբերվել, նյութերն ուղարկվել են զինդատախազություն…

Պաշտպանը նշեց՝ դատահոգեբան-փորձագետի կողմից չի քննարկվել այն հարցը, թե պաշտոնատար անձանց բացթողումները չէի՞ն կարող պատճառահետևանքային կապի մեջ լինել զինվորի ինքնասպանության հետ:

Պաշտպանը հիշատակեց՝ Նարեկ Չ.-ն իր ցուցմունքում հայտնել է, թե Սևակը դժգոհել է իրեն ամրակցված ինքնաձիգի նշանազարկային համակարգից, ասել է՝ ուրիշի զենքից կրակելու դեպքում ավելի բարձր արդյունքներ եմ ցույց տալիս: Նա ցանկացել է ուղղել իր զենքի նշանազարկային համակարգը: Նախաքննական մարմինը որպես վարկած՝ չի քննարկել զինվորի կողմից զենքի հետ անզգույշ վարվելու կամ նշանազարկային համակարգն ուղղելու ժամանակ անզգուշությամբ արձակված կրակոցի արդյունքում սպանվելու վարկածը: Չի քննարկվել նաև սպանության վարկածը…

Իր բերած օրինակների հիման վրա պաշտպանը մի քանի հնարավոր վարկածներ թվարկեց՝ նշելով, թե նախաքննական մարմինը մեկ վարկածի վրա է կենտրոնացել. «Քննիչը կանխորոշել է գործի ելքը, և փորձագետը վերլուծել է միայն այդ մեկ վարկածը»:

Պաշտպանը մանրակրկիտ կանգ առավ տուժողի հետմահու դատահոգեբանական փորձաքննության եզրակացության վրա՝ ընդգծելով, որ այն հիմնավորված չէ ու կասկած է հարուցում:

Պաշտպանը որոշ դրվագներ ներկայացրեց դատարանում դատահոգեբան-փորձագետի հարցաքննությունից:

Փորձագետը դատարանում, ըստ պաշտպանի, ասել է, թե ինքը հանրապետության լավագույն դատահոգեբան-փորձագետն է, բայց պաշտպանական կողմը փորձագետի այդ «յուրահատուկ» կարծիքին հակառակ տպավորություն է ստացել:

Ըստ պաշտպանի՝ յոթ տարվա մասնագիտական ստաժ ունեցող փորձագետի գիտելիքները եղել են «ընդհանուր»: Նա փորձաքննության եզրակացության մեջ ներկայացրել է գրականության ցանկ, որն օգտագործել է: Բայց պաշտպանական կողմը այդ գրականության վերաբերյալ հարցեր է տվել ու փորձագետի պատասխաններից չի բավարարվել: Պաշտպանական կողմն ուսումնասիրել է փորձագետի նշած գրականությունը և հանգել է հետևության, որ այդ գրականության մեջ առկա չէ փորձաքննության անցկացման մեթոդիկա, այլ հիմնականում տեխնիկական հարցեր են պարզաբանված:

Փորձագետն ասել է, թե հիմնվել է ոչ միայն գրականության, այլ նաև ուրիշ քրեական գործերով կատարած իր հետազոտությունների արդյունքների վրա, իսկ պաշտպանական կողմին անհասկանալի է եղել՝ կոնկրետ ի՞նչ հետազոտությունների մասին է խոսքը՝ փորձագետը չի հստակեցրել՝ ըստ պաշտպանի, որը փորձագետի եզրակացությունը «անհիմն ու սուբյեկտիվ» անվանեց, նշեց, որ փորձագետը «հանգել է սխալ եզրակացության»՝ Սևակի ինքնասպանության ու Նարեկ Չ.-ի գործողությունների միջև պատճառահետևանքային անուղղակի կապ արձանագրելով:

Պաշտպանը տարակուսեց՝ փորձագետը եզրակացության մեջ օգտագործել է «զինվորական ենթամշակույթ» տերմինը, իսկ դատարանում պաշտպանական կողմի տված հարցին փորձագետը, ըստ պաշտպանի, պատասխանել է, թե այդ տերմինն ինքն է «հնարել» ու դրա վերաբերյալ գրականություն չկա, եթե լինի՝ ինքը պիտի գրի…

Պաշտպանական կողմին անհասկանալի է մնացել՝ այդ «զինվորական ենթամշակույթը» փորձագետը որտե՞ղ է հետազոտել, ո՞ր զորամասում…

Պաշտպանն ընդգծեց՝ գործով անցկացված հետմահու դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը «ոչ արհեստավարժ է», չի կարող դրվել մեղադրանքի ու մեղադրական դատավճռի հիմքում:

Պաշտպանը թերի անվանեց նաև տուժողի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը՝ նշելով, թե եզրակացության մեջ չի պատասխանվել երկու կարևոր հարցերի՝ կրակոցն ընդհո՞ւպ է եղել, զենքի փողը հպվա՞ծ է եղել տուժողի ճակատին, և՝ կրակոցի պահին ի՞նչ դիրքում է եղել տուժողը:

Պաշտպանի կարծիքով՝ նման պայմաններում պետք է նշանակվեր դիակի լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն՝ բոլոր կարևոր հարցերի պատասխանները ստանալու համար:

Քանի որ պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը բավական ծավալուն էր, դատական այս նիստին պաշտպանը չհասցրեց ավարտել բողոքի հիմնավորումները ներկայացնելը, դա կարվի հաջորդ դատական նիստին՝ մարտի 28-ին:

Աղբյուրը՝ 1in.am
 
Նմանատիպ նորություններ
Գլխից վիրավորված Արգիշտի Սեփխանյանին վիրահատում են, վիճակը ծանր կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում. Արծրուն Հովհաննիսյան
30 Ապրիլի 2019 - 22:18
«Տավուշում, հակառակորդի կրակից, այսօր վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողին վիրահատում են, վիճակը ծանր կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում»,- HayNews.am-ին տեղեկացրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Տավուշում հակառակորդի կրակի հետևանքով զինծառայողի վիրավորվելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
30 Ապրիլի 2019 - 18:31
Հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանի հրազենային բեկորային վնասվածք ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին HayNews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Տավուշում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացնում
30 Ապրիլի 2019 - 15:50
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից ապրիլի 30-ին զինծառայող է ծանր վիրավորվել: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում մանրամասներ է ներկայացրել:
Դավիթ Տոնոյանը մասնակցում է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
30 Ապրիլի 2019 - 12:14
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը Բիշքեկում է։
2018 թվականին Հայաստանի ռազմական ծախսերը կազմել են 609 մլն դոլար. զեկույց
29 Ապրիլի 2019 - 15:36
2018 թվականին Հայաստանի ռազմական ծախսերը կազմել են 609 մլն դոլար, ինչը 33 տոկոսով ավելի է, քան 2017 թվականին: Այս մասին են վկայում Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալները:
Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 300 անգամ
27 Ապրիլի 2019 - 14:56
Ապրիլի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ
ԱՄՆ-ից զենք գնելու կոնկրետ առաջարկ չկա. Դավիթ Տոնոյանը՝ ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի՝ ՀՀ-ին զենք վաճառելու ակնարկի մասին
26 Ապրիլի 2019 - 13:53
Սահմանային իրավիճակը կայուն է, անընդհատ նույն վիճակն է՝ կրակոցներ են այն կողմից լինում, բայց ոչ թիրախավորող։ Այս մասին ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչությունում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավթ Տոնոյանը:
Կրակոցներ են լինում, բայց ոչ թիրախավորված. Դավիթ Տոնոյանը՝ սահմանին տիրող իրավիճակի մասին
26 Ապրիլի 2019 - 13:15
Սահմանին այս պահի դրությամբ իրավիճակը կայուն է:
Չիրագլի գյուղի ուղղությամբ գնդակոծության մասին տեղեկությունն ապատեղեկատվություն է. Արցախի ՊԲ–ն հերքում է
25 Ապրիլի 2019 - 19:35
Ադրբեջանական որոշ լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունն առ այն, թե իբր ս.թ. ապրիլի 24-ի ժամը 17:30-ի եւ 25-ի ժամը 15:20-ի սահմաններում հայկական առաջապահ ուժերը կրակահերթեր են արձակել հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան հատվածում տեղակայված մերձճակատային Չիրագլի գյուղի ուղղությամբ, որի ընթացքում գնդակոծության տակ են հայտնվել այդ ժամանակ տներից մեկի բակում գտնվող 4-ից 13 տարեկան մի քանի աղջիկ երեխաներ, ոչ այլ ինչ է, քան հերթական ապատեղեկատվություն: Այս մասին հայտնում է Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 257
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական