Facebook   Twitter
 

Արցախի Նորագյուղ համայնքն արդեն խմելու ջուր ունի (լուսանկարներ)

04 Փետրվարի 2011 - 13:07
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի ջանքերով արդեն իսկ լուծվել է ԼՂՀ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի խմելու ջրի կանոնավոր մատակարարման խնդիրը: Ծրագիրը համաֆինանսավորել են Հիմնադրամի ֆրանսիայի տեղական մարմինն ու Ռուսաստանի հայ գործարարները:

Վերանորոգվել է շուրջ 5կմ երկարությամբ ջրատարը, կառուցվել է ներքին ցանց: Անհատական մուտքագծերով ջուրը հասնում է տնտեսություններին, որոնք արդեն ունեն կանոնավոր ջրամատակարարում: Ընթացքում է երեք ջրամբարի եւ խորքային հորի վերանորոգումը: ՙԱյս վերջին փուլի աշխատանքների ավարտից հետո հոսող ջրի ծավալը զգալիորեն կմեծանա՚, - հավատացնում են պատասխանատու շինարարները:

Տարիներ շարունակ ջրագիծն անմխիթար վիճակում էր, եւ անընդհատ ջրի մեծ կորուստ կար: Գյուղը խմելու ջուր ստանում էր երկու օրը մեկ եւ ընդամենը երկու ժամով: ՙՄենք շատ երկար ենք սպասել այն օրվան, երբ մեր տներում ջուր կլինի՚. գյուղապետ Էդիկ Մարդյանի այս խոսքերն արտահայտում են նորագյուղցիներից յուրաքանչյուրի սպասումը:

ՙ2011թ.-ին մեր հազարավոր նվիրատուներն առիթ կունենան տեսնելու, թե ինչպես է իրենց նվիրատվությունների շնորհիվ իրականություն դառնում ՙՋուրը կյանք է՚ կարգախոսը, եւ դրա ամենաթարմ օրինակը Նորագյուղն է՚,- ասում է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
ՙՋուրը կյանք է ամենուր, իսկ գյուղերում այն ոչ միայն կյանք է, այլ նաեւ տնտեսական զարգացման նախապայման՚, - ասում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը:

Նորագյուղն Ասկերանի շրջանի ամենամեծ համայնքն է. այն հիմնվել է 1966 թվականին եւ ունի շուրջ 1510 բնակիչ, ում ապրուստի հիմնական միջոցը տնամերձ հողատարածքներից ստացված բերքն է: Գյուղն ունի բարեկարգ դպրոց, բուժկետ, բարենորոգ ճանապարհներ եւ գյուղացիները հավատում են, որ այսօր արդեն, ջրի առկայության պայմաններում համայնքում տնտեսության ընդհանուր վիճակն էլ զգալիորեն կբարելավվի: Հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:

HayNews.am




 
Նմանատիպ նորություններ
Արոնյանը հաղթանակ տոնեց Գրան Պրիի վերջին տուրում
16 Հուլիսի 2017 - 14:19
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակ տոնեց ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին տուրում:
«Ոսկե գնդակի» համար կպայքարեն...
05 Դեկտեմբերի 2011 - 16:24
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3277
 
Լրահոս`