Facebook   Twitter
 

Ինքնությունը կորցրած հայերի պատմությունը` թոռների շուրթերով. «Ազգ»

07 Մայիսի 2011 - 10:17
Ալի, Դենիզ, Էլիֆ, Հալիդեյ, Նազի, Սալիհ, Մելեք...

Նրանք 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունն ապրած ու բռնի ուժով ինքնությունը կորցրած հայերի թոռներն են, որ այսօր ապրում են Թուրքիայում: Ինքնությունը կորցրած հայերի հիշողություններն արդեն թոռների շուրթերով գրի են առել թուրք մտավորականներ Ֆեթհիյե Չեթինն ու Այշե Գյուլ Ալթընայը :

«Թոռները» հեշտ ընթերցվող գիրք չէ: Պատմությունները, որ պետք է կարդաք, դյուրին չէր ոչ պատմել, ոչ լսել, ոչ էլ գրի առնել», հավաստիացնում են հեղինակները:

«Երբ իմացա մեծ մորս` Հրանուշի պատմությունը, որ նա ինքնությունը կորցրած հայ է, ինձ հետաքրքրեց, թե քանի՞ նման պատմություն կա, քանի՞ ինքնությունը կորցրած կա, որ հանուն գոյատեւման վախեցել է ասել, որ հայ է: Իմ այս հարցին ոչ ոք չպատասխանեց», «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում» երեկ գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսի ժամանակ ասաց Ֆեթհիյե Չեթինը:

Նա համոզված է` նման գրքեր պետք է շատ տպագրվեն, որպեսզի 1915-ի մասին խոսվի: «Նման գրքերը մտերմացնում են մարդկանց: Չէ՞ որ սա համամարդկային ցավ ու վիշտ է, իսկ ցավն ու կարեկցանքը միշտ էլ մարդկանց մտերմացնում են»:

Ինքնությունը կորցրած հայերի մասին Չեթինը 9 գիրք է հրատարակել: Նա վստահեցնում է, որ նման փոքրիկ պատմությունները կարող են մարդկանց մոտեցնել, դարձնել վշտակից ու ցավակից:

Չեթինը պատմում է, որ «Մեծ մայրս» գրքի հրապարակումից հետո, Թուրքիայում ապրող բազմաթիվ անձինք դիմել են իրեն` ասելով, որ իրենք էլ հայերի թոռներ են, եւ ուզում են իմանալ նախնիների պատմությունն ու պատմել իրենց լսածները:

«Իսլամացած հայերի մասին շատ բան չգիտենք: Նրանց մասին փորձում են չխոսել ոչ միայն Թուրքիայում, այլեւ ընդհանրապես ամբողջ աշխարհում: Սակայն նրանք կան ու ապրում են մեր կողքին: Նրանք այսօր էլ ապրում են Թուրքիայում` զգուշավորության մթնոլորտում», ասում է Այշե Գյուլ Ալթընայն ու հավաստիացնում, որ նման գրքերը չափազանց կարեւոր են հատկապես Թուրքիայի համար` պատմությանն առերեսվելու համար:

Հեղինակները գրքում բարձրաձայնում են կարեւորագույն հարցեր, թե ինչու տատիկների ու պապիկների հայ լինելու մասին 100 տարի անց լսելն այդքան դաժան եւ ցավոտ է թոռների համար:

Այշե Գյուլ Ալթընայը համոզված է, որ ցավի եւ լռության մասին խոսելը կարող է օգնել, որպեսզի մարդկությունն ուրիշի ցավերն ու լռությունը նկատի, խոսի: Որպեսզի նպաստի դեռ չիրագործված ցավերի ու լռությունների կասեցմանը:

«Սա մի գիրք է, որով ցանկանում ենք, որ մեզ ներեք, որ մենք ինքնությունը կորցրած հայերի մասին երկար ժամանակ չենք խոսել: Մենք ձեր ցավի մասին շատ ուշ լսեցինք, բայց հիմա արձագանքում ենք», եզրափակում է Չեթինը:

Այս գրքի հերոսները, մեզ հրավիրում են ծանոթանալու ինքներս մեզ հետ ու հիշեցնում, որ խաղաղ ապագայի չենք հասնի, մինչեւ ստերից եւ իրական վախից փրկվելով` անցյալի հետ չառերեսվենք:
HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
1 | 3245 | 3246 | 3247 | 3248 | 3249 | 3250 | 3251 | 3252 | 3253 | 3254 | 3255 | 3256 | 3257 | 3258 | 3259 | 3277
 
Լրահոս`
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 02:06-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 01։52-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
 
 
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժ. 01։33-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
«Միլանը» չհաղթեց «Սան Սիրոյում»
Սպորտ, Հասարակություն
 
 
ԱՊՀ ՄԽՎ դիտորդները այցելել են ընտրական տեղամասեր
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժ. 01։20-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 01։10-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 01։02-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
«Իմ քայլը» դաշինքի մամլո ասուլիսը (Տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018