Warning: file_put_contents(cache/news/3120.dat): failed to open stream: Permission denied in /home/haynews/public_html/news.php on line 35

Օծվեց Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցին

05 Նոյեմբերի 2011 - 15:52
Նոյեբերի 5-ին` Ս. Հրեշտակապետաց տոնին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու օծման արարողությունը: Ս. Հրեշտակապետաց եկեղեցու հիմնարկեքը կատարվել էր 2007 թվականի սեպտեմբերի 10-ին, 2011թ. օգոստոսի 23-ին` եկեղեցու խաչերի օծումը: Եկեղեցու նավակատիքը կատարվել էր նոյեմբերի 4-ի երեկոյան:
Գևորգյան Հոգևոր ճեմարանի հարևանությամբ կառուցված այս եկեղեցու բարերարն է ՙՀորիզոն 95՚ շինարարական ընկերության տնօրեն տիար Գագիկ Գալստյանը, իսկ ճարտարապետը` Ջիմ Թորոսյանը:
Արարողության ընթացքում նախ ջրով և գինով լվացվեցին եկեղեցու Ս. Սեղանը և սյուները, ապա Ամենայն Հայոց Հայրապետը Սրբալույս Մյուռոնով օծեց Ս. Սեղանը: ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը օծեցին խորանի չորս սյուները:
Եկեղեցու օրհնության և գոհաբանական աղոթքից հետո Հայրապետական ՙՊահպանիչով՚ ավարտվեց նորակառույց եկեղեցու օծման արարողությունը: Ապա Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն ընթերցեց Հայրապետական Սրբատառ Կոնդակը, որով եկեղեցու բարերար Գագիկ Գալստյանին շնորհվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվո բարձրագույն` ՙՍուրբ Գրիգոր Լուսավորիչ՚ շքանշան: Կոնդակում մասնավորապես ասվում է.ՙՏարիներ շարունակ հավատավոր ու եկեղեցասեր ոգով Դուք շինարարական ասպարեզում Ձեր փորձառությունն ու արձանագրած հաջողություններն ի սպաս եք բերում Սուրբ Էջմիածնի եկեղեցաշինական ծրագրերի իրագործմանը: Այսօր Մայր Աթոռի տարածքը բարեզարդում են Ձեր ամենօրյա հսկողության ու հոգածության ներքո կառուցված ու հիմնանորոգված շինությունները` ծառայելով մեր եկեղեցականներին ու հավատացյալներին:
Ձեր անունը Դուք արձանագրեցիք նաև Սուրբ Էջմիածնի բարերարների պատվավոր շարքում` ազնիվ, սրտաբուխ ցանկությամբ հովանավորելով Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու կառուցումը: Ձեր գործերում արտացոլվում է առ Աստված հավատքը և հոգու ջերմ սերը առ մեր Սուրբ Եկեղեցին ու հարազատ ժողովուրդը: Մենք գոհունակ սրտով փառք ենք մատուցում Ամենակալ Աստծուն, որ մեր Սուրբ Եկեղեցին զորանում ու պայծառանում է իր հավատացյալ զավակների հանձնառություններով՚:
Այնուհետև Նորին Սրբությունը բարերարի կուրծքը զարդարեց ՙՍուրբ Գրիգոր Լուսավորիչ՚ շքանշանով: Վերջում Նորին Սրբությունն իր օրհնությունը բերեց ներկա ժողովրդին: ՙՈւրախությամբ և անսահման բերկրանքով է լի Հայրապետիս հոգին, քանզի այսօր Հայոց աշխարհի խաղաղ երկնքի ներքո վեր է հառել Աստուծո մի նոր սուրբ տաճար, մեր ժողովրդի համար մի նոր աղոթատեղի` Սրբոց Հրեշտակապետաց այս հոյակերտ եկեղեցին:
Աստուծո նախախնամության ներկայության և բարի հոգածության վկայություն է, որ Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու շինարարության ավարտն ու օծման այս հոգեպարար արարողությունը համընկան մեր Եկեղեցում Սրբոց Հրեշտակապետաց Գաբրիելի, Միքայելի և ամենայն երկնային զորաց տոնի օրվա հետ:
...Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցին առաջնային նշանակություն պիտի ունենա Գևորգյան Ճեմարանի սաների հոգևոր կյանքի բարեզարդության համար: Այստեղ ճեմարանի սաներ պիտի աղոթեն` մասնակցելով ժամերգությունների և Սրբազան Պատարագի արարողությանց:
...Սիրելի ճեմարանականներ, ահավասիկ ավարտին հասցվեց և ձեր հոգևոր կարիքներին ի ծառայություն դրվեց Սրբոց Հրեշտակապետաց այս եկեղեցին: Հայրապետական մեր հորդորն ու պատգամն է, որ լինեք անձանձրույթ աղոթքի մեջ և ջերմեռանդ` աստվածպաշտության ժամանակ: Ձեր աղոթքներում հիշեցեք եկեղեցու բարերարին, նրա ընտանիքին, եկեղեցու ճարտարապետին, ինչպես և բոլոր շինարարներին ու այն մարդկանց, ովքեր իրենց աջակցությունն են ցուցաբերել այս եկեղեցու կառուցման գործին:
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցին խորհրդանշական կերպով կառուցվեց հենց Սուրբ Էջմիածին քաղաքի սրտում` իր քարեղեն կառույցով մարմնավորելով աննյութական աշխարհի բնակիչների` Սրբոց Հրեշտակապետաց և երկնային բյուր զորաց բարեխոսական աղոթքը մեր երկրի և հավատավոր ժողովրդի բարօր կյանքի ու հոգևոր զորության համար: Լիահույս ենք, որ այս եկեղեցին նոր շունչ ու թարմություն պիտի բերի ոչ միայն Գևորգյան Հոգևոր Ճեմարանի սանուց, այլ նաև Մայր Աթոռիս միաբանության հոգևոր կյանքում՚, - նշեց Վեհափառ Հայրապետը: Նորին Սրբությունը նաև իր օրհնությունն ու բարեմաղթանքները հղեց եկեղեցու ճարտարապետ Ջիմ Թորոսյանին, շինարարներին, ինչպես նաև արարողությանը ներկա բարերար հայորդիներին` վերհիշելով հայրերի խոսքը, թե` երանի նրանց, ովքեր հիշատակ ունեն Սուրբ Էջմիածնում:
Հայոց Հայրապետը մաղթեց, որ Բարեխնամողն Աստված մշտապես Իր Ամենախնամ Աջի հովանու ներքո պահի ու պահպանի Հայոց երկիրը, հայ ժողովրդին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն և արժանի անի բոլորին` ականատեսներն ու մասնակիցները լինելու դարերի հոլովույթում իրենց պատվավոր տեղն ունեցող հիշարժան գործերի:
Արարողությանը մասնակցում էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ և թեմական պատվիրակներ, Մայր Աթոռի բարերարներ, Մայր Աթոռի միաբաններ, Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսանողներ:
HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Ոսկե գնդակի» համար կպայքարեն...
05 Դեկտեմբերի 2011 - 16:24
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3277
 
Լրահոս`
 
 
Հայտնաբերվել է դի
Հասարակություն