Facebook   Twitter
 

Տուն բոլորի համար

19 Նոյեմբերի 2011 - 17:06
 
Առաջին անգամ հաշմանդամության խնդիր ունեցող մարդու հանդիպեցի հասարակական կազմակերպություններից մեկի բանավեճի ակումբում: Այսինքն, առաջին դեպքն է, որ ուղեղս արձանագրել է…մինչ այդ մտածում էի, որ մարդիկ լինում են այնպիսին, ինչպիսին ես եմ:Ճանապարհը միասին անցանք:Ու ինչպես շատ քաղաքակրթություններ պայքար են մղել օտարի դեմ, այնպես էլ ես պայքարում էի իմ կյանք ներխուժած օտարի դեմ… «Միայն թե կողքիս չնստի»,-մտածում էի և էլ ավելի արագացնոմ քայլերս:Ակումբում, ի հեճուկս ինձ, միասին նստեցինք: Ծանոթ հայացք էի փնտրում: Գտա: Նայում էի տղային, ու այդ պահին նրանից հարազատ մարդ չկար: Հետո ամեն անգամ այս դեպքը հիշելիս հասկանում եմ` որքան եմ փոխվել …ու երևի շատ էի երեխա: Իսկ հիմա երեխաների մասին. վատն էլ այն է, որ մեծանում ենք մի միջավայրում, ուր մեզ սովորեցնում են խաղալ, ուրախանալ, տխրել. մի խոսքով ապրել մեզ նմանների հետ…Մեզ նմանն էլ այժմ վերապահումով եմ գրում, որովհետև արտաքին տարբերությունները չեն կարող և չպետք է մարդուն հեռացնեն մարդուց: 5-ամյա Անահիտը տեսողական խնդիր ունի: Սիրում է նկարել: Նկարներից մեկում շատ արև կա ու արևը ոչ միայն երկնքում է, այլև խոտերի մեջ, ծառերի վրա,երեխաների ձեռքերին: Փոքրիկ Անահիտն ասում է . <<Ուզում եմ շատ ընկերներ ունենալ.միասին լավ է>>:

Էժեն Իոնեսկոյի <<Ռնգեղջյուրը>> պիեսում բոլոր մարդիկ ռնգեղջյուր են դառնում, ու սկսվում է վերջին մարդու պայքարը ինքն իր դեմ: Այս պարագայում ,,օտարը,, մարդն է: Երկար պայքարից հետո մարդը որոշում է ռնգեղջյուր դառնալ: Այսպիսին են մարդիկ. միատարր լինելը` հասարակության բնորոշ հատկանիշներից է: Եթե ասենք հաշմանդամության խնդիր ունես, էմո ես, արվամոլ...մի խոսքով տարբերվում ես մեծամասնությունից` ուրեմն մեկուսացիր, փակվիր քո պատյանի մեջ, խաղա ինքդ քեզ հետ, ուրախացիր, տխրիր..մի խոսքով` ապրիր քո հարկի տակ…
Կազմակերպությունում շատ մարդկանց հետ ծանոթացա. այսօր շատ ընկերներ ունեմ, ովքեր հաշմանդամության խնդիր ունեն…ու նրանք հետաքրքիր մարդիկ են: Միասին թենիս ենք խաղում, ուրախությունս ու տխրությունս հաճախ եմ կիսում նրանց հետ: Հիմա եմ հասկանում, որ իրականում հաշմանդամության խնդիր ունեցող մարդու հետ պատնեշ ստեղծողը հաշմանդամության խնդիր չունեցող մարդն է: Այսպիսին է կաղապարված մարդու էությունը.մեկուսացնելով ուրիշին`մեկուսացնում է իրեն: Եվ ահա կարիք առաջացավ մարդուն ինտեգրել մարդկային միջավայրում..ինչ խոսք` սա շատ տխուր հեքիաթ է…հեքիաթ մեկուսացված մարդկանց մասին:Առնակը հաշմանդամության խնդիր ունի. Տեղաշարժվում է անվասայլակով: Աշխատում է, երգում է երգչախմբում, ամուսանցած է, ունի մեկ որդի, սիրում է շրջագայել… Կես ժպիտ պատմում է.<<Մոնիթորինգ էի անցկացնում ոսկերչական խանութնեևից մեկում: Տնօրենին բացատրում էի, որ պետք է պայմաններ ստեղծվեն,որպեսզի հաշմանդամները ևս օգտվեն խանութից: Տնօրենը, կլորացած աչքերով, հարցնում է `ինչի հաշմանդամը կարող է ոսկի առնել: Ցավալի է իհարկե, բայց հաշմանդամություն խնդիր ունեցող մարդը պետք է խոսի այս խնդիրներից…մենք պետք է փոխենք հաշմանդամի նկատմամբ ոչ հաշմանդամների վերաբերմունքը>>:
Դպրոցում հաշմանադամության թեմայով սեմինար եմ անցկացնում: Տնօրենն, ամենայն մեծահոգությամբ, դեմքին բարեգութ ժպիտ խաղացնելով, ասում է.
-Օօօ, այո, արատ ունեցող մարդկանց պետք է ըմբռնումով մոտենալ. .իհարկե կարող ես սեմինարդ վարել..
Բարեգութ տիկնոջը բացատրեցի, որ արատը չարությունն է…..որ հաշմանդամությունը արատ չէ: Իսկ եթե կարծում է, որ հաշմանդամի հետ շփվել, նշանակում է` նրա նկատմամբ լավ վերաբերմունքի և ըմբռնումի դրսևորում,ապա դպրոցում պետք է որ հաշմանդամ երեխաներ սովորեին, բայց…
Սեմինարի շրջանակում երեխաները դպրոց պետք է նկարեին..դպրոց բոլորի համար:Արդյունքում ստացվեց երկու տարբերակ. կամ հաշմանդամը առանձնացված էր ընդհանուր խմբից կամ էլ մյուս տարբերակում երեխաները հավաքվել էին նրա շուրջ…Ճիշտ և ճիշտ` ինչպես կյանքում:Հաշմանդամը կամ արհամարհվում է կամ էլ, խղճահարության ֆոնի ներքո, հայտնվում ընդհանուրի ուշադրության կենտրոնում…Էլ չասեմ այն դեպքերի մասին, երբ հաշմանդամության խնդիր ունեցող մարդը դառնում է ընդհանուրի ուշադրության թիրախը,որովհետև սովոր չենք տեսնել այդպիսի մարդկանց..սովոր չենք, երբ մեր կողքին քայլում է մեզանից տարբերվող մեկը…
Էդուարդ հարենցը գրում է ձախ ձեռքով: Մարդկանց նույնպես բարևում է ձախով:
-Հաճախ դիմացինը դժվար վիճակում է հայտնվում, չգիտի`ձեռքն ինչպես մոտեցնի. Պտտեցնում է էս կողմ, էն կողմ, մինչ հարմարվում է.նույնիսկ ծիծաղելի է:
Իր բանաստեղծություններից մեկում Հարենցը գրում է. <<Ես ձախ ձեռքով եմ բարևում մարդկանց, որովհետև աջով բարևել եմ Աստծուն>>:
<<Հասարակության մեջ սխալ պատկերացում է ստեղծված. Եթե չես համապատասխանում իրենց կենսակերպի սկզբունքներին, ուրեմն տարօրինակ ես: Ես ինձ շրջապատի ընկալած տարօրինակը չեմ համարում>>, -ասում է Հարենցը:

Առհասարակ նորից վախեցող մարդկանց մի խումբ կա. ցանկացած նորություն մեծ ըմբոստություն է առաջացնում, արհամարհվում նրանց կողմից..բայց բավական է այդ արհամարհողների շրջանակը գնալով նոսրանա, և նորը կդառնա նույնքան օրինաչափ, որքան և հինը: Տխրելով եմ գրում,բայց հաշմանդամությունը , կարևոր չէ թե ինչով, բայց բոլորից տարբերվող մարդը, նորություն է, որին շատերը պատրաստ չեն: Սա այն նորություններից է, որը, չնայած իր վաղեմությանը, ոչ մի կերպ չի հնանում: Մարդը դանդաղ է փոխվում:
ԶԼՄ-ները շարունակում են սիրտ մղկտացնող հոդվածներ գրել հաշմանդամության մասին:Ասել, որ չնայած իր հաշմանդամությանը` այսինչը հիանալի նկարում է, որ չնայած ճակատագրի հեգնանքին` շարունակում է ապրել և լինել ուժեղ, որ Բեթեհովենը խուլ էր, բայց հանճարեղ էր….
Ձևավորվել են բազմաթիվ կարծրատիպեր, եթե հաշմանդամ ես, ուրեմն անպայման տաղանդավոր ես… «Չէ որ, եթե Աստված մի դուռ փակում է,ապա մյուսն անպայման բացում է»,-աղաղակում է մամուլը` իր անզորության մեջ նորից Աստծուն հիշելով…
Եվ միթե մենք կարող ենք սիրել մեկին, ում խղճում ենք.. միթե կարող ենք խղճահարությունից ելնելով ընկերանալ, ամուսնանալ…և միթե խղճահարված մարդը կարող է լիարժեք մարդ լինել: Ինչ լավ է, որ կան հաշմանդամության խնդիրները բարձրաձայնող մարդիկ, բայց ինչ տխուր է, որ նրանց բոլոր ջանքերը շրջվում են հակառակ ուղղությամբ.նպաստելով մեկուսացմանը` ինտեգրացիա են քարոզում: Մինչդեռ նրանք ամենաբարի մտադրություններն ունեն. իրոք,աշխարհում ոչինչ կատրյալ չի լինում…
Հաշմանդամության խնդիր չունեցող մարդիկ վախենում են, երբ իրենց երեխաները շփվում են հաշմանդամների հետ. բավական է դասարանում հաշմանդամ երեխա հայտնվի, և ծնողները սկսում են անհանգստանալ, բողոքել, որ վերջինս վատ է ազդում իրենց երեխայի հոգեբանության վրա..ու նորից այդ Օտարը, ում դեմ ամեն կերպ պետք է պայքարել...
Իսկ հաշմանդամները վախենում են իմ, քո վերաբերմունքից…
Հաշմանդամությունը վարակովի չէ: Փոխարենը մարդիկ ապացուցում են, որ անհադուրժողականությունը ավելի քան վարակովի է…
Իսկ ես ուզում եմ, ինչպես մի սելինջերյան հերոս, կանգնել անդունդի եզրին և նայել, թե ինչպես են միասին խաղում մարդիկ.. ձեռք ձեռքի տված նրանք տուն են կառուցում, ու այդ տունը իմ, քո, բոլորիս տունն է…

Մանե Գրիգորյան
HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Ոսկե գնդակի» համար կպայքարեն...
05 Դեկտեմբերի 2011 - 16:24
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3277
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
Սթիվ Ջոբսը երազում էր iCar-ի ստեղծման մասին
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
 
 
 
 
Մեզ մոտ ոչ մի մուռ հանոցի չկա. Մազմանյան
Մշակույթ, Հասարակություն