Facebook   Twitter
 
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ դեսպաններին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ դեսպաններին

12 Փետրվարի 2019 - 22:15
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական միության անդամ երկրների` Արևելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպաններին:
Բացման խոսքում Փաշինյանը նշել է. «Ուրախ եմ ողջունել Եվրամիության անդամ երկրներից նման ներկայացուցչական պատվիրակությանը, որի հիմնական խնդիրն է խթանել Արևելյան գործընկերության տեսլականը և առաջընթացը:

Եվրամիության հետ գործընկերությունը հսկայական նշանակություն ունի Հայաստանի համար` հատկապես ինստիտուցիոնալ շինարարության և տնտեսական զարգացման իմաստով: Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA) մեր համագործակցության հիմնական գործիքն է, և Հայաստանը լիովին հավատարիմ է դրա իրականացմանը: Դա կարևոր ռազմավարական փաստաթուղթ է, որն ապահովում է արդյունավետ մեխանիզմներ ինչպես ԵՄ-ի հետ մեր գործընկերության, այնպես էլ բարեփոխումների առաջխաղացման համար:

Հույս ունենք, որ համաձայնագրի վավերացումը կկատարվի ժամանակին: Ես երախտապարտ եմ այն երկրներին, որոնք արդեն ավարտել են այդ գործընթացը: Միևնույն ժամանակ, օգտվելով առիթից, կցանկանայի խնդրել ձեզ փոխանցել մեր խնդրանքը ձեր կառավարություններին` արագացնելու վավերացման գործընթացը:

Ինչպես գիտեք, անցյալ տարի մեր երկիրն ու հասարակությունն անցան տեկտոնային վերափոխումների միջով, ինչը հանգեցրեց իրական ժողովրդավարության հաղթանակին: Հայաստանում և Սփյուռքում հայ հասարակությունը լիովին ներգրավված է և աջակցում է այդ զարգացումներին:

Մեր կառավարությունը ձգտում է ամրապնդել մարդու իրավունքները, հասնել կայուն ժողովրդավարության, ապահովել որակյալ կառավարում, օրենքի գերակայություն, դատական համակարգի անկախություն և հավասար խաղի պայմաններ բոլոր քաղաքական և տնտեսական գործիչների համար: Սա մեզ ավելի է մոտեցնում Արևելյան գործընկերության հիմքում դրված արժեքներին ու ձգտումներին:

Մեր հեղափոխության տրամաբանական գագաթնակետն անցած դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին: Ես հպարտ եմ, որ միջազգային դիտորդներն ընտրությունները գնահատել են որպես ԵԱՀԿ չափանիշներին լիովին համապատասխան, այն է՝ ժողովրդավարական, ազատ, արդար և թափանցիկ: Ըստ էության, դրանք անկախության տարիներից ի վեր Հայաստանում անցկացված լավագույն ընտրություններն էին:

Քաղաքական տրանսֆորմացիան ավարտելով՝ մեր կառավարությունն այժմ կենտրոնացել է տնտեսական անցման վրա: Մենք պետք է տնտեսական հեղափոխություն իրականացնենք: Մենք ընդունել ենք բարեփոխումների հավակնոտ օրակարգ, որն ուղղված է բիզնեսի համար իրական մրցակցային միջավայրի ստեղծմանը, օրենսդրական դաշտի բարելավմանը և պարզեցմանը, առևտրային խոչընդոտների վերացմանը և օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը:

Որպես առաջնահերթություն` մենք ներկայում քայլեր ենք ձեռնարկում տեխնոլոգիաների և գիտելիքների վրա հիմնված տնտեսության խթանման համար: Տեխնոլոգիական հատվածն այսօր մեր տնտեսության շարժիչ ուժերից է: Տեղեկատվական տեխնոլոգիաները զարգացման մեծ ներուժ ունեն Հայաստանում: Նրանք դառնում են մեր հիմնական համեմատական առավելություններից մեկը և կարող են ապագայում դառնալ մեր տնտեսության անկյունաքարը:Այս կապակցությամբ կցանկանայի ձեզ տեղեկացնել, որ Հայաստանը հյուրընկալելու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, որը տեղի կունենա 2019 թ. հոկտեմբերի 6-9-ը Երևանում: Միջոցառմանը կմասնակցեն հարյուրավոր գործարար համայնքների անդամներ, մի քանի տասնյակ երկրներից ակադեմիկոսներ և կառավարական ներկայացուցիչներ: Օգտվելով առիթից, կցանկանայի խնդրել ձեզ այս տեղեկությունը փոխանցել ձեր կառավարություններին` այդ իրադարձությանը ներկայացուցիչներ ուղարկելու համար:

Բարեփոխումների իրականացումը բարդ գործընթաց է, որը պահանջում է զգալի ֆինանսական և մտավոր ռեսուրսներ: Այս առումով ԵՄ շարունակական ֆինանսական և տեխնիկական աջակցությունը մեզ համար չափազանց կարևոր է: Մենք բարձր ենք գնահատում այն: Սակայն այսօր մենք ակնկալում ենք ավելի մեծ աջակցություն ԵՄ-ից: Հաշվի առնելով «ավելին` ավելիի դիմաց» ձեռքբերումների տարբերակման սկզբունքի տրամաբանությունը` կարծում ենք, որ այն պետք է համապատասխանի Հայաստանում գրանցված ժողովրդավարական նվաճումներին:

Խնդրում ենք փոխանցել ձեր մայրաքաղաքներին մեր այն ուղերձը, որ ԵՄ աջակցությունը կարող է արագացնել հայաստանյան բարեփոխումները, դրանք ավելի ուժեղ և կառուցողական դարձնել:

Վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը ևս մեկ կարևոր հանձնառություն է մեզ համար: Հայաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում մուտքի արտոնագրերի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի արդյունավետ իրականացման ուղղությամբ: Եվ մենք հուսով ենք, որ ԵՄ անդամ պետությունները պատշաճ կերպով կգնահատեն մեր առաջընթացը և կզարգացնեն Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ես կցանկանայի ձեզ տեղեկացնել, որ երեկ ես հանդիպեցի Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցով Եվրամիության հատուկ ներկայացուցչի՝ պարոն Թոուո Կլարի հետ: Մենք մանրակրկիտ զրույց ունեցանք հակամարտության և նախագահ Ալիևի հետ մեր վերջին հանդիպումների շուրջ»:

Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրման և արտաքին գործերի դաշնային նախարարության Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնաց Թոմաս Բուխսբաումը պատվիրակության անունից կարևորել է Հայաստանի վարչապետի հետ հանդիպումը, որը հնարավորություն կտա քննարկել Արևելյան գործընկերության ծրագրի արդյունավետ իրականացմանը և Հայաստան-ԵՄ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: «Պարոն Փաշինյան, ԵՄ 16 անդամ երկրների ներկայացուցիչներ եկել են Հայաստան` Ձեր բարեփոխումների օրակարգին, տնտեսական հեղափոխության տեսլականին ծանոթանալու և Արևելյան գործընկերության ծրագրի մասնակից Հայաստանի զարգացմանն իրենց աջակցությունը հայտնելու համար: Մենք ողջունում ենք Հայաստանում ժողովրդավարական փոփոխությունների խաղաղ իրականացումը և խորհրդարանական կառավարման համակարգին սահուն անցումը», - նշել է նա: Պարոն Բուխսբաումը ողջունել է նաև նախորդ տարի դեկտեմբերին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որոնք լիովին համապատասխանում էին ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին, և որոնց արդյունքները ևս մեկ անգամ վկայում էին Հայաստանի վարչապետի նկատմամբ առկա հանրային մեծ վստահության մասին:Խոսելով 2018թ. դեկտեմբերի 9-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների մասին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Դրանք անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններն էին: Ընտրությունները մինչ այս անցկացվել են խախտումներով, ընտրակեղծիքներով: Կեղծված ընտրությունների էջն ընդմիշտ փակ է Հայաստանի համար, և դա մեր քաղաքական կամքն է: Այժմ մեր օրակարգում ժողովրդավարության ամրապնդումն է և տնտեսությունում փոփոխությունների իրականացումն է»: Վարչապետն ընդգծել է` տնտեսական հեղափոխության նպատակը իրական հնարավորությունների ստեղծումն է մարդկանց համար, տեղական և օտարերկրյա ներդրողների համար, և այդ տեսլականը կյանքի կոչելու համար կառավարությունն արդեն իսկ բարեփոխումներ է իրականացնում` օրենսդրական և կառուցվածքային առկա գործիքակազմի կատարելագործման, ինչպես նաև նոր գործիքների ներդրման ուղղությամբ:

Ի պատասխան Հայաստանում ժողովրդավարության զարգացման վերաբերյալ հարցադրումներին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Ժողովրդավարությունը մեզ համար ներքին համոզմունք է և հավատամք, դա մեր հասարակության արժեքային կողմնորոշումն է, այլ ոչ թե արտաքին քաղաքական կամ աշխարհաքաղաքական ընտրություն»:

Մասնակիցների հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանի ժողովրդավարական մարտահրավերներին, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ տարվող պայքարին, բարեփոխումների գործընթացի հաջողությանը, հասարակական-քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության ավելացմանը, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացմանը, ինտեգրացիոն միավորումների շրջանակում Հայաստանի և Հայաստանի գործընկերների համար առկա հնարավորություններին վերաբերող և մի շարք այլ հարցերի:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Բաբաջանյանի երաժշտության ներքո ԱԺ այգում բացվեց հայ-ռուսական բարեկամության ծառուղի
23 Ապրիլի 2019 - 14:23
Ազգային ժողովի այգում այսօր՝ ապրիլի 23–ին, բացվեց հայ-ռուսական բարեկամության ծառուղի։
Քաղաքապետարանի ամբողջ անձնակազմը եռամսյակային պարգեւավճարներ կստանա, բացի քաղաքապետից. Մարության
23 Ապրիլի 2019 - 14:17
Լինելու են եռամսյակային պարգեւավճարներ ամբողջ անձնակազմի համար, բնականաբար, բացի քաղաքապետից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ կատակով հաելելով. «եվ բացի ավագանուց»:
Հայաստանի կառավարությունը դեռեւս չի չեզոքացրել բացասական երեւույթները ներդրումների համար. փորձագետ
23 Ապրիլի 2019 - 13:50
Հայաստանի կառավարությունը դեռեւս չգիտի, թե ինչ խոչընդոտներ կան ներդրումների համար, ինչպես նվազեցնել դրանց աճի վրա բացասական ազդեցությունը։
Նախագահը ստորագրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի փոփոխությունները
23 Ապրիլի 2019 - 13:34
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը:
Կապան-Քաջարան ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է. քարաթափման հետևանքները վերացվել են
23 Ապրիլի 2019 - 13:23
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի 313-րդ կմ-ում` Կապան-Քաջարան հատվածում տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են։
Հայուհին մահացել է Մոսկվա-Երեւան չվերթի ժամանակ
23 Ապրիլի 2019 - 13:21
Nordwind Airlines ավիաընկերության Մոսկվա-Երեւան չվերթի ուղեւորներից մի կնոջ ինքնազգացողությունը թռիչքի ժամանակ վատթարացել է, օդանավն արտահերթ վայրէջք է կատարել Դոնի Ռոստովի Պլատով օդանավակայանում:
«Հարցուպատասխանից էլ չեք փախնի». «Լույսի»-ի անդամը՝ Հայկ Մարությանին
23 Ապրիլի 2019 - 13:02
Հեռուստատեսային հաղորդման ժամանակ ես հարց բարձրացրեցի, թե ինչու 9 ձնամաքրող մեքենաները չգնվեցին կառավարության որոշմամբ, Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը հակադարձեց եւ խորհուրդ տվեց «գուգլել» եւ տեսնել, որ նման որոշում կա:
2018 թ. ՔԿ-ում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված 1233 քրեական գործ. ամփոփում
23 Ապրիլի 2019 - 12:41
ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են 2018 թվականի ընթացքում ՀՀ ՔԿ տարբեր ստորաբաժանումների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության ընթացքի և արդյունքների վիճակագրական տվյալները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Մենք չենք ուզում, որ Երեւանը դառնա աղբաքաղաք». Նաիրա Զոհրաբյանը՝ Երեւանի քաղաքապետարանում
23 Ապրիլի 2019 - 12:40
Մենք չենք ուզում, որ Երեւանը դառնա աղբաքաղաք։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17796
 
Լրահոս`