Facebook   Twitter
 
Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Առաջին լրատվականին». Մաս 2-րդ

Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Առաջին լրատվականին». Մաս 2-րդ

26 Ապրիլի 2019 - 10:27
Հարց: Հենց այստեղ էլ Ձեզ առաջարկում եմ տեղափոխվել Մոսկվա. ի՞նչ հենքի վրա կայացավ ձեր հանդիպումը Մոսկվայում:
Զոհրաբ Մնացականյան: Դուք ի՞նչ նկատի ունեք հենք ասելով:

Հարց: Ի՞նչն էր նպատակը Մոսկվայում հանդիպելու:

Զոհրաբ Մնացականյան: Նպատակը Մոսկվայում հանդիպելու արտահայտված է մեր հայտարարության մեջ: Եվ շատ լավ արդյունք է այն, որ մենք կարողացել ենք նորից գալ համատեղ հայտարարության: Սա շատ կարևոր է. այս ընթացքում Միլանը, Փարիզը, Վիեննան և Մոսկվան՝ չորս անգամ, մենք կարողացել ենք գալ համատեղ հայտարարությունների, համաձայնությունների:

Հարց: Մոսկվան զուտ ռուսակա՞ն նախաձեռնություն էր:

Զոհրաբ Մնացականյան: Ի՞նչն է եղել հիմքը: Հիմքը եղել է՝ լրացնել մանրամասներով այն, ինչի շուրջ համաձայնվել են մեր ղեկավարները՝ մեր Հանրապետության վարչապետը և Ադրբեջանի նախագահը: Եվ արդյունքն արտահայտված է հենց հայտարարության մեջ:

Հարց։ Հայտարարության մեջ չի երևում, որ դուք քննարկել եք նաև 2016 թվականի «Լավրովյան պլան», այսպես ասած։

Զոհրաբ Մնացականյան։ Չի՞ երևում։

Հարց։ Չի երևում:

Զոհրաբ Մնացականյան։ Իսկ ի՞նչու պետք է երևար:

Հարց։ Դե դա հետո գաղտնազերծվեց, եթե կարելի է այդ բառն օգտագործել։

Զոհրաբ Մնացականյան։ Դա չգաղտնազերծվեց, դա մեկնաբանություն էր: Մենք կարողացել ենք բանակցել և գալ համատեղ հայտարարության։ Եվ երբ մենք եկել ենք համատեղ հայտարարության, ես չեմ տեսել անհրաժեշտություն՝ քննարկելու կամ լրացուցիչ մեկնաբանելու, որովհետև այդ հայտարարության մեջ արտահայտված է այն, ինչ որ մենք քննարկել ենք։ Մենք չենք քննարկել որևէ փաստաթուղթ կամ որևէ բան, որն արտահայտված չէ փաստաթղթի մեջ։ Մենք քննարկել ենք սկզբունքներն ու մոտեցումները։ Ես ուզում եմ շատ կոռեկտ լինել, թե ինչու էր պետք այդ լրացուցիչ մեկնաբանությունը իմ գործընկերոջ կողմից, ես կնախընտրեմ կռոեկտ լինել և չընկնել լրացուցիչ մեկնաբանությունների մեջ, որովհետև շատ էական է ինձ համար նաև պահպանել այն միջավայրը, որի մեջ մենք միասին աշխատում ենք։

Հարց։ Բայց գոնե հասկանանք, թե դա ինչի՞ համար է անում ձեր գործընկերը։

Զոհրաբ Մնացականյան։ Այսպես կասեմ, որ չարժեր։ Անիմաստ էր, որովհետև, կրկնեմ, մենք ունենք մեր սկզբունքներն ու մոտեցումները, որոնք մենք քննարկել ենք։ Որևէ փաստաթուղթ մենք չենք քննարկել, որևէ փաստաթուղթ մենք այսօր չենք բանակցում, այսօր մենք այդ փուլում չենք: Եվ կարծում եմ, որ բավարար թափանցիկ ենք մենք, համենայն դեպս՝ Հայաստանը, և շատ հստակ ենք այդ ամենի մեջ. վարչապետը առավել ևս շատ ընդարձակ է խոսում մոտեցումների և սկզբունքների մասին։ Ամեն անգամ Հայաստանի մասին խոսելն և ընդարձակելը նույնպես մանդատի իրականացում է․ ինչպես ենք մենք մոտենում, ինչպես ենք մենք հավատարիմ այդ մանդատին և ինչպես ենք կարող արդյունավետ աշխատել, շարժվել առաջ՝ մեր մանդատի շրջանակներում։ Այդ առումով է, որ ես ուղղակի կհրաժարվեմ որևէ այլ կերպ մեկնաբանել։ Գիտեք, շատ հրապուրիչ կլինի ընդարձակվելը և ավելին ասելը, որոնք անդրադառնում են իմ մյուս կողմի գործընկերոջ՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի ասածին։

Հարց։ Որը դուք պետք է վստահ հարցնեք, թե ինչու՞ եք անում այդ քայլը...

Զոհրաբ Մնացականյան։ Բայց ես վստահ առիթը կունենամ հարցնելու։ Բայց, մեղմ ասած, դրա անհրաժեշտությունը չկար։

Հարց. Այդ թվում և Լավրովին հարցնել:

Զոհրաբ Մնացականյան. Երևի այո, որովհետև մեկնաբանությունն այնպես է, որ նա խոսում էր ուղիղ խոսքով և այնտեղ կարելի է և՛ այսպես, և՛ այնպես ենթադրել: Ինձ համար էական է, որպեսզի մենք պահպանենք այս դինամիկան և պահպանենք մեր դիրքորոշումների ընկալումը, հստակեցումը, մեր դիրքորոշումների տրամաբանության հստակեցումը մեր գործընկերների համար և շարժվել այդ ուղղությամբ, որովհետև այն ամենը ինչ մենք անում ենք, փաստարկում ենք, բացատրում ենք. այլ կերպ չի կարող լինել:

Հարց: Մամեդյարովը շտապեց հայտարարել, որ դուք հանդիպելու եք Վաշինգտոնում:

Զոհրաբ Մնացականյան: Շատ էական հարց է այն առումով, որ կա երեք համանախագահ: Մենք հանդիպում ունեցանք Փարիզում, Մոսկվայում, բնականաբար, երրորդ համանախագահը կա: Արդյո՞ք կարող է հանդիպում տեղի ունենալ Վաշինգտոնում՝ իհարկե: Արդյոք մենք պատրաստ ենք դրան՝ իհարկե: Հաջորդ փուլը պետք է լինի, չէ՞: Երբ ԱՄՆ մեր գործընկերները կհստակեցնեն իրենց հրավերը, այդ ժամանակ էլ վստահ եմ, որ կարող ենք խոսել, բայց չեմ ուզում ԱՄՆ մեր գործընկերների անունից ասել, որ այդ ամենը եղել է: ԱՄՆ-ում մեր գործընկերները պետք է նախապատրաստեն, հստակեցնեն: Գիտեք ես չեմ կարող ասել, որ այսօր երեկոյան գալիս եմ Ձեզ մոտ հյուր առանց, առաջին հերթին, Ձեր կողմից՝ դրա մասին հայտարարելու:

Հարց. Իսկ Մամեմդյարովն ասում է: Հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ նորմա՞լ է:

Զոհրաբ Մնացականյան. Հայ-ռուսական հարաբերություններն այնքան ծավալուն են, այնքան մեծ են: Մեր արտաքին քաղաքականության շարունակականության կոնտեքստում մենք եղել և մնում ենք հավատարիմ այն սկզբունքին, որոնք արտահայտված են այդ շարունակականության մեջ, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն եղել և մնում են մեր արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը: Մեր օրակարգի մեջ կան բազմաթիվ հարցեր: Մեր վարչապետը բավական ընդարձակ խոսել է նաև այսօր:

Այստեղ հարաբերություններ են, որտեղ կան հարցեր, բայց դրանից չի շեղվում այն հիմնական հիմքը հարաբերությունների, որ կոչվում է դաշնակցային հարաբերություններ: Համենայնդեպս, Հայաստանը եղել է և մնում է հավատարիմ այդ հարաբերություններին, և օրակարգը բավական ծավալուն է և բավական մեծ: Նույնիսկ ամբողջ պետական ապարատն է աշխատում և՛ մեզ մոտ, և՛ այնտեղ այդ ամբողջ ծավալն ապահովելու համար:

Երբ խոսքը վերաբերում է արտաքին քաղաքականությանը և հաճախ նույնիսկ եղել են հարցեր, թե՝ ինչ է արտաքին քաղաքականությունը և ինչ է շարունակականությունը: Շարունակականության տրամաբանությունը նույնպես շատ հստակ է մեզ համար, որովհետև Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը կառուցվել է 27 տարիների ընթացքում, և առավել ևս մեր ներկայիս միջազգային հարաբերությունների օրակարգում նավակ թափ տալու քաղաքականություն վարելը… սա անվտանգության գործառույթ է: Սա վերաբերում է մարդկանց: Եթե դու մտքումդ չես պահում այն ամենակարևոր պատասխանատվությունը և գործառույթը, որ վերաբերում է ազգային անվտանգությանը, որքան և ինչ ռեսուրսով է, որ հաճոյանալու կամ այլ պատճառներով անվտանգության մեր օրակարգը և համակարգը դնել վտանգի տակ, դա այնքան էլ ողջամիտ չէ:

Հարց. Այդ դեպքում ինչու՞ ՀՀ վարչապետն այսօր համեմատության եզրեր փնտրեց հայ-ռուսական և հայ-ամերիկյան հարաբերությունների միջև:

Զոհրաբ Մնացականյան. Կարծես հարցերն էին այդպես: Մենք ունենք օրակարգ ԱՄՆ հետ, Եվրամիության հետ, և վերջինիս հետ օրակարգն այնքան ծավալուն է, որ առնչվում է մեր կյանքի ազգային օրակարգի՝ այնքան մեծ ծավալով հարցերի: Իհարկե, ունենում ենք տարբեր հարցեր և տարբեր խնդիրներ, քննարկում ենք, բանակցում ենք. այդպես են հարաբերությունները:

Հարց. Եվ չնայած վարչապետի հավաստիացումներին, հայ-ռուսական հարաբերություններում պահպանվում է կասկածն ու անվստահությունը:

Զոհրաբ Մնացականյան. Վարչապետը շատ բաց էր և շատ հստակ այդ հարցում, որ, բնականաբար, այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում անցյալ տարի ապրիլ-մայիսին, իր մեջ պարունակում էր այդ կասկածը, որ սա նոր արտահայտություն է այն գործընթացների, որ տեղի են ունեցել մեր այս տարածաշրջանում, Ռուսաստանի շուրջ տարբեր երկրներում: Այդ մտավախությունը եղել է բավական, միգուցե, հասկանալի, բայց այդ առումով է, որ մենք հետևողականորեն պնդում ենք, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը խիստ ներքաղաքական հարց է և որևէ աշխարհաքաղաքականություն չի պարունակել:

Զոհրաբ Մնացականյան. Բայց Ռուսաստանում կան ինստիտուտներ, որոնք չեն ընդունում Ձեր ասածը:

Հարց. Եվ մենք շարունակելու ենք համբերատար պնդել, որովհետև և՛ մեր նպատակը, և՛ մեր աշխատանքը չի պարունակում որևէ այլ օրակարգ, և մենք հետևողականորեն անում ենք այն, ինչ ասում ենք:

Հարց. Ինչու է այդ դեպքում վարչապետը հատուկ շեշտում, որ ՀՀ կառավարությունը քննադատել է ԱՄՆ-ի վարքագիծը:

Զոհրաբ Մնացականյան. Ինձ թվում է՝ պատասխանը բխում էր հարցից, որովհետև հիմա այստեղ տպավորություններով են կիսվում, բայց եթե հարցը պարունակում է իր մեջ ենթադրություն, որ Հայաստանը տարբեր ոճ է կիրառում երկխոսության մեջ տարբեր գործընկերների հետ՝ ոչ: Եվ մեր արտաքին քաղաքականության կարևորագույն սկզբունքներից մեկը եղել և մնում է նույնը. հարաբերություններն որևէ մեկ գործընկերոջ հետ մյուսի հաշվին մեզ համար անընդունելի է: Մենք չենք կարող դա անել և ցանկություն չունենք դա անելու և դա մեր նպատակը չի եղել: Եվ այդ առումով է, որ մենք ունենք օրակարգ ԱՄՆ հետ, և ամենակարևորը՝ կարող ենք բաց և հստակ քննարկել մեր հարցերը և ի դեմս ԱՄՆ՝ ունենք շատ կարևոր գործընկեր, որի հետ ունենք հսկայական օրակարգ և դրա մեջ ունենք հարցեր, որոնք քննարկվում են, որոնց շուրջ կարող ենք գալ անմիջական համաձայնության կամ չգալ համաձայնության: Եվ սա բնականոն բան է. հարաբերությունները կենաց չեն:

Հարց. Իսկ եթե լոկալ, զուտ ոլորտային մակարդակով դիտարկենք: Երկու երկրների դիվանագիտական կորպուսները, հայ-ռուսականը ես նկատի ունեմ, ինչ մակարդակում եք դուք այսօր: Ձեր շփումների մակարդակն ինչպիսի՞ն համարենք, եթե հաշվի առնենք, որ որոշ օղակներում այդ շփումները չեն ստացվում, իսկ դիվանագիտական շփումները...:

Զոհրաբ Մնացականյան. Գիտեք՝ ինչպես է, շատ արագ է շփումը, եթե ինձ անհրաժեշտ է քննարկել որևէ հարց կամ հարց բարձրացնել գործընկերոջս հետ Մոսկվայում, ապա ես որևէ խոչընդոտ կամ խնդիր չունեմ դա անելու, և շատ արագ մենք կարող ենք փոխանակել տեղեկությունը: Նույնը վերաբերում է բոլոր մոյւս մակարդակներին: Մենք ունենք շատ ծավալուն երկխոսության օրակարգ արտաքին ոլորտում տարբեր շերտերով, ունենք խորհրդակցությունների ձևաչափ՝ տարբեր ոլորտներում, տարբեր հարցերի շուրջ: Շատ էական է, որ շփումները չեն սահմանափակվում միայն երկկողմ օրակարգով: Մենք նաև համագործակցում ենք ՀԱՊԿ, ԵԱՏՄ շրջանակներում և հիմնականում դերակատարները նույն մարդիկ են: Այսինքն հայկական և ռուսական դիվանագիտական կորպուսների միջև շփումներում որևէ կնճիռ չկա:

Նորից եմ կրկնում, որ ամեն ինչը կենացի է վերածվում: Խնդիր չկա շփվելու, քննարկելու շատ բաց, շատ գործնական և դաշնակցային հարաբերությունների ոգու մեջ:

Հարց. Բայց կան բաներ, որոնք կարելի է որակել որպես անհամաձայնություն:

Զոհրաբ Մնացականյան. Ցանկացածի և յուրաքանչյուրի հետ: Կենցաղային մակարդակում եմ գուցե ասում՝ ընտանիքում կան հարցեր, որոնց շուրջ կա անհամաձայնություն, որը նշանակում է, որ կա աշխատելու տեղ: Հարաբերություննեը դաշնակցային են այսպես թե այնպես: Որովհետև անհամաձայնությունը նշանակում է, որ մենք պետք է աշխատենք. հակամարտության կամ որևէ այլ խնդրահարույց կամ խորը խնդիրների հարց չի եղել: Սա դաշնակցային հարաբերություններ են, որոնց շրջանակներում կան անհամաձայնություներ, որը շատ նորմալ է: Դա վերաբերում է յուրաքանչյուր ուղղությամբ հարաբերություններին:

Հարց. Հեղափոխությունից հետո մեր դիվանագիտական կորպուսում մեծ համատարած փոփոխություններ տեղի չունեցան, ի՞նչ է՝ դրա կարիքը չկա՞ր:

Զոհրաբ Մնացականյան. Շատ շնորհակալ եմ Ձեր հարցի համար: Առավել ևս, որ պարբերաբար փորձում են շահարկել այդ հարցը: Եվ ամենակարևորն այս հարցում, որ մենք 27 տարվա ընթացքում ձևավորել ենք այս երկրում նոր պետական ինստիտուտ: Ստեղծելով և վերականգնելով մեր սուվերենությունը, որը պարունակում է կարևոր ինստիտուտների առկայության պահանջ, որից մեկը պաշտպանությունն է, մյուսը՝ արտաքին ոլորտը: Սովետական սոցիալիստական հանրապետությունում կային բազմաթիվ այլ պետական ինստիտուտներ, սակայն նվազ սուվերենության պայմաններում դրանք ամբողջովին չէին կարող արտահայտված լինել պետական ինստիտուտների առումով, որովհետև որոշ գործառույթներ տեղափոխված էին կենտրոն: Դրանցից մեկն արտաքին ոլորտն էր: 27 տարվա ընթացքում այս երկրում կառուցվել է արտաքին գերատեսչության, արտաքին ծառայության պետական ինստիտուտ՝ 27 տարի քարը քարին դնելով. շատ դժվար գործընթաց: Եվ ստեղծվել է ազգային հիշողություն, ազգային ռեսուրս. մարդկանց ենք կրթել, փորձ են ստացել: Առնվազն ես լավ հիշում եմ, 1991 թ.-ից լինելով ծառայության մեջ, որ մենք սկսել ենք շատ համեստ ռեսուրսով, որտեղ փորձ չունեինք և պետք է աշխատեինք և փորձ ձեռք բերեինք: Այսօր մենք ունենք դիվանագետներ, որ առնվազն երեք-չորս-հինգ տեղերում են աշխատել. դա ռեսուրսի կուտակում է: Հիմա քանդե՞նք դա: Սա պետական ծառայություն է: Նրանք քաղաքական գործիչներ չեն: Սա պետական ծառայություն է:

Հարց. Ձեր նկարագրածով մենք պետք է կատարյալ ինստիտուտ ունենայինք...

Զոհրաբ Մնացականյան: Այդ առումով ամենակարևոր բանն այն է, որ վարչապետի կողմից եղել է շատ հստակ դիրքորոշում, պետականամետ դիրքորոշում այն առումով, որ մեզ պետք է շարունակել ամրապնդել ինստիտուտի պրոֆեսիոնալիզացիան: Եվ այստեղ մենք գնացել ենք այդ ճանապարհով: Ամրապնդել մասնագիտացումը, քանի որ ես չեմ ուզում ժխտել ամբողջ այն աշխատանքը, որ արվել է նախկինում և արվել է նույն ծառայության աշխատակիցների կողմից՝ կառուցելու պետական պրոֆեսիոնալ ինստիտուտը: Տեսեք, նոր սերնդի դեսպաններ են ի հայտ եկել, որովհետև այս ժամանակահատվածում ծառայությունից դուրս որևէ նշանակում չի եղել:

Հարց. Իսկ դիվանագիտական կազմից դուրս անձինք ինչպե՞ս են հայտնվում դիվանագիտական կորպուսում: Դիվանագետի համարում չունեցող մարդիկ ինչպե՞ս են հայտնվել դեսպանատներում: Արդեն այսօրվա խոսակցություններին եմ ես վերադառնում, որ կառավարության նիստում, դուք ներկա եք եղել…

Զոհրաբ Մնացականյան. Այո, ես եմ ներկայացրել:

Հարց. Մենք ունենք դեսպանատներ, ուզում եմ հատուկ վարչապետի խոսքը ցիտել՝ դեսպանատներ, որոնք պահել են անհատ մարդիկ: Դա ի՞նչ է նշանակում, ինչպե՞ս են այդ մարդիկ հայտնվել դեսպանատներում:

Զոհրաբ Մնացականյան. Ես ձեզ այսպես ասեմ, 2018թ մայիսի հետո այս գործընթացը տարել է մեզ դեպի մասնագիտացում՝ նշանակելով պրոֆեսիոնալ դիվանագետներ: Դուք այսօրվա կառավարության որոշման մասին եք հարցնում. այո, մեզ անհրաժեշտ է եղել ֆինանսական ապահովումը տալ այդ դեսպանություններին, որպեսզի պետությունն իրականացնի գործառույթն արտաքին ոլորտում:

Հարց. Որը նախկինում իրականցրել են ինչ-որ անհատնե՞ր:

Զոհրաբ Մնացականյան. Դուք շատ լավ գիտեք. ցանկը բացեք և նայեք: Քաղաքական նշանակումներ նախկինում եղել են: Շատ լավ գիտեք:

Հարց. Բայց չհասկանա՞նք ինչու և ինչն է մղել:

Զոհրաբ Մնացականյան. Տարբեր մոտեցումներ են եղել: Այսինքն ես հիմա արդեն, իհարկե, այլ կարգավիճակով եմ, բայց դիվանագիտական ծառայության համար, դա ողջունելի բան չէ: Բայց կան երկրներ տարբեր մոտեցումներով: Կան երկրներ, ում մոտ քաղաքական նշանակումները, ավելի արտահայտված են, բայց դրանք տեղի են ունենում այն պայմաններում, երբ դիվանագիտական ծառայությունը բավարար ուժեղ է, որը զսպում է քաղաքական նշանակումների ազդեցությունը և ապահովում պրոֆեսիոնալ որակը: Ես չեմ ուզենա քննադատել ամենը, որովհետև մարդիկ աշխատել են, տարբեր արդյունքներ ունենք, և ոչ բոլոր դեպքերում՝ բացասական: Բայց ծառայության մասնագիտացման առումով սա խոչընդոտ էր, արգելակ ծառայության աճի համար: Հիմա մենք փորձում ենք ուժեղացնել այդ մասնագիտական աճը:

Հարց. Արգելակից բացի, եթե ես դիվանագիտական ծառայության վրա փող եմ ծախսում ես առանց շահույթի դա չեմ կարող անել: Խոցելի հատվածը սա է: Ես դա եմ ակնարկում: Մարդուն ի՞նչն է մղել դրան: Այստեղ փոխշահավետությունն ինչ օղակների հետ է կապված: Փաստորեն կառավարությունն այսօր Ձեզ մոտ 700000 դոլարի բյուջետային հատկացում է արել ճիշտ այդքան այդ մարդիկ են ծախսել ժամանակին, ենթադրում եմ: Հիմա նրանք արդեն դուրս են եկել: Այսինքն պետության մեջ պետական կարգավիճակ ունեցող մարդիկ որոնք կապ չեն ունեցել դիվանագիտության հետ: Ես այդ եզրերն եմ փնտրում:

Զոհրաբ Մնացականյան. Ես չեմ մեկնաբանի դա այն առումով, որ այս տարիների ընթացքում եղել է աշխատանք, ինչ պատճառներով են նման որոշում ընդունել և ինչ պատճառներով են մարդիկ ցանկացել իրականացնել գործառույթ, միգուցե տարբեր պատճառներով, որը իմ մեկնաբանության բանը չէ:

Հարց. Ադրբեջանը պատրաստվում է ԵՄ հետ համաձայնագրի ստորագրման: Մենք այստեղ ի՞նչ մտահոգություն ունենք:

Զոհրաբ Մնացականյան. ԵՄ հետ և որևէ գործընկեր երկրի հետ բանակցությունները վերաբերում են ԵՄ-ին և այդ գործընկեր երկրին: Բնականաբար, այստեղ ունենք մեր զգայունությունը: Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, դա իրենց բանակցությունն է: Ամենակարևոր հարցը տարածաշրջանային անվտանգության առումով կայուն դիրքորոշման պահպանումն է՝ մեր պայմանագիրը ԵՄ հետ, որը ՀԸԳՀ-ն է, որտեղ արտահայտված են մեր համատեղ դիրքորոշումները տարածաշրջանային հարցերի շուրջ, մասնավորապես ԼՂ խաղաղ կարգավորման շուրջ: ԵՄ-ն հստակորեն իր դիրքորոշումն արտահայտել է այդ պայմանագրի մեջ և բազմաթիվ այլ ձևաչափերով, և առնվազն տարօրինակ կլինի…

Հարց. Եթե դուրս մղվի դա…

Զոհրաբ Մնացականյան. Դուրս չմղվի: Ի վերջո կա մեր համաձայնագիրը:

Հարց։ Վերջին հարցը, որը կարող է մի փոքր հռետորական հնչել։ Կա՞ Մադրիդյան օրակարգ ընդհանրապես, տեսականորեն՝ արցախյան հակամարտության շուրջ ընթացող բանակցություններում։

Զոհրաբ Մնացականյան. Եթե խոսքը գնում է նրա մասին, որ կան երեք սկզբունքներ և որոշ էլեմենտներ, դա այն ձևակերպումն է, որ առաջադրվել է համանախագահների կողմից՝ միջնորդության շրջանակներում: Գիտենք, որ վարչապետի կողմից արտահայտվել է այն դիտարկումը, որ շատ էական է, թե ինչպես ենք այս ամենը մեկնաբանում։ Մեզ համար կա շատ էական սկզբունք, ինչպես որ ասեցինք, ստատուս և անվտանգություն։ Սրանք մեր գերակա կարևորագույն հարցերն են։ Երբ նորից դա տեղափոխում եք հստակ դաշտ, որ Լեռնային Ղարաբաղի հարցում ինչի՞ համար է մեզ այս ամենը... Հաշվի առնելով ամբողջ 70 տարին մինչև անկախացումը, հաշվի առնելով 1991-1994 թվականի պատերազմը, հիշելով՝ ինչպես էր իրավիճակը 1992-1993 թթ․, հիշելով, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության 40 տոկոսը ենթարկվել էր մաքրումների, և տարածքի 40 տոկոսը ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ էր, ունենալով մի իրավիճակ, երբ կարող էր լիներ իրավիճակ, որ այսօր ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի հարց չլիներ, որովհետև Լեռնային Ղարաբաղի հարցը այն ժամանակ ուժային եղանակով լուծված կլիներ։ Բայց Լեռնային Ղարաբաղը պաշտպանվել է, և Հայաստանի Հանրապետությունը եղել և մնում է երաշխավոր։ Դրանից հետո, 1994 թվից ի վեր, մենք հասել ենք զինադադարի, ապահովել ենք անվտանգությունը։ Այն ամենն, ինչ կապված է Լեռնային Ղարաբաղի հետ, անվտանգություն է, որը սեփական ուժերով ձևավորված է։ Դրանից հետո, երբ մենք ունեցել ենք իրավիճակ, երբ եղել են այդ այլատյացությունը և վտանգները, և խախտումները, և Սաֆարովի գործը, և այդ վերջին կուլմինացիան՝ 2016թ․-ի ապրիլը, բերում է մեզ նորից այս կիզակետին՝ անվտանգությունը։ Երբ ասում ենք անվտանգություն, դա ինչ-որ փիլիսոփայական հարց չի, շատ կոնկրետ հարց է։ Իրապես, երբ երբ ես Ստեփանակերտում եմ, այդ հարցը ինձ հանգիստ չի տալիս։ Գիտեք այն նկարը, որտեղ ես ուղղակի նկարվել եմ դպրոցականների հետ, այնքան թանկ է ինձ համար։ Նույն երեխաներն են, անկախ նրանից, թե նրանք Երևանում են, թե՛ Բաքվում, Մոսկվայում,՛ Վաշինգտոնում, թե՛ Փարիզում, այդ նույն երեխաներն են՝ իրենց հույսերով, կյանքի նպատակներով: Միակ տարբերությունն այն է, որ 15 կմ այն կողմ՝ շփման գիծ է։ Երբ որ մենք ասում ենք անվտանգություն, դա մեզ համար դատարկ խոսքեր չեն, դա զգում ենք. մեզ համար էքզիստենցիալ հարց է, և դրանից է գալիս ստատուսի խնդիրը։

Հարց։ Շատ կարևոր հարց է, և ենթահարցն է թվում դա անվտանգությունը որ՞ տարածքի վրա, ի՞նչ տարածքների վրա, և տարածքային ինչ միավորի վրա, որտեղ երբեմն ձեզ մեղադրում են, թե ինչու է տարածքային հարց առաջանում բանակցային պրոցեսում։

Զոհրաբ Մնացականյան. Տեսնում եք, ինչ հետաքրքիր հարց եք տալիս, որովհետև, երբ հարցը դրան է վերաբերում, արդեն նորից գալիս ենք նույն խնդրին․ ինչպես ենք մեկնաբանում։ Երբ մենք խոսում ենք զիջումներ մասին, ու՞մ զիջումների մասին, դա միակողմանի՞ ճանապարհ է։ Հայերեն լեզվում դա շատ ավելի լավ է արտահայտվում՝ փոխզիջում։ Այսինքն այդ ճանապարհը երկկողմ է գնում: Կան Մադրիդյան սկզբունքներ: Կան մեր սկզբունքները՝ ստատուս և անվտանգություն։ Դրանում արտահայտվու՞մ է այն, ինչ վերաբերում է երեք սկզբունքներին և վեց էլեմենտներին՝ մեկնաբանում եմ այդպես։ Խստորեն մեկնաբանում եմ այնպես, ինչպես վերաբերում են մեր մոտեցումներին, որոնք վերաբերում են անվտանգությանը և ստատուսին։ Ադրբեջանը այլ կերպ է ձևակերպում դա, այլ կերպ է մեկնաբանում: Այստեղ է գալիս վարչապետի այդ մեկնաբանությունը, որ շատ էական է, թե ինչպես ենք մենք այս ամենը ընկալում, որովհետև եթե մենք խոսում ենք փոխզիջումների մասին, դա երկկողմանի ճանապարհ է:

Մեր մանդատը երբևէ չի եղել գնալ զիջումների, և որևէ մեկը չի նստելու դռների ետևում և բանակցի որևէ բան, որ իր մանդատից դուրս է: Այստեղ է նաև այն հսկայական ներուժը, որ վերաբերում է ժողովրդավարությանը։ Ամենահետաքրքիրը հարցերից մեկը մեր հասարակության դիմակայելու կարողությունն է. ունենք մի հասարակություն, որտեղ ամեն ինչ քննարկվում է, որտեղ ես կարող եմ լինել քննադատության թիրախ և դա շատ նորմալ, բնական երևույթ է, որովհետև այդպիսին է մեր հասարակությունը, այսպես ենք մենք ուզում, որ մեր երկիրը լինի, որ այս հասարակությունը բաց է քննարկումների համար։ Դրանից այս հասարակությունը դառնում է ավելի քիչ հայրենասե՞ր․․․Ես կարծում եմ, որ ոչ։ Ավելի ուժեղ է այն և ավելի համախմբված, որովհետև ավելի բաց է քննարկումներ համար:

Հարց։ Համաձայն եմ և շնորհակալ, որ եկաք Առաջինի տաղավար։ Կարևորը պինդ եղեք։

Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալ եմ։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արտակարգ դեպք Լոռու մարզում. 60-ամյա տղամարդը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ գյուղապետը իրեն ծեծի է ենթարկել
01 Մայիսի 2019 - 00:03
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սպիտակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ ապրիլի 29-ին, ոստիկանության Սպիտակի բաժին դիմած Երևան քաղաքի բնակիչ, 60-ամյա Մարտին Սահակյանի դիմումի փաստով:
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
01 Մայիսի 2019 - 00:00
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպան Միխայիլ Բաբիչին և պաշտոնանկ է արել նրան: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Հաղորդավարը եթերում առանց թույլտվության համուբուրել է մի կնոջ և զայրացրել Շառլիզ Թերոնին (Տեսանյութ)
30 Ապրիլի 2019 - 23:57
Դերասանուհի Շառլիզ Թերոնը դատապարտել է ֆրանսիացի հեռուստահաղորդավար Սիրիլ Հանունայի պահվածքը, որը հանկարծակի համբուրել է ստուդիայում գտնվող կնոջը: Նրա բողոքներին միացել են Համացանցի շատ օգտատերեր։
Բերդում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրական սյանը
30 Ապրիլի 2019 - 23:55
Ապրիլի 30-ին, ժամը 22:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայ-լեհական դարավոր բարեկամությանը նվիրված Արամ Խաչատրյանի անվան տրիոյի համերգ՝ Վարշավայում
30 Ապրիլի 2019 - 23:51
Ապրիլի 29-ին Վարշավայի «Լաժենկի պուրակի թագավորական պալատի թատրոնի սրահում տեղի ունեցավ հայ-լեհական դարավոր բարեկամությանը և Լեհաստանի պետականության վերականգնման հարյուրամյակին նվիրված «Արամ Խաչատրյանի անվան տրիոյի» համերգը:
Վենեսուելայում բախումների հետևանքով 35 մարդ է տուժել. լրատվամիջոցներ
30 Ապրիլի 2019 - 23:49
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի Ալտամիրա ճանապարհային հանգույցի տարածքում ցուցարարների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով շուրջ 35 մարդ է տուժել, հաղորդում են լրատվամիջոցները:
Ջուր չի լինելու
30 Ապրիլի 2019 - 23:41
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված,ս.թ. մայիսի 2-ին ժամը 10:00-ից մինչև մայիսի 3-ը ժամը 10։00 կդադարեցվի`
Ինչո՞ւ չի կարելի վստահել հղիության սովորական թեստերին
30 Ապրիլի 2019 - 23:39
Հղիության թեստերի հանդեպ զգույշ վերաբերմունք պետք է ցուցաբերել, քանի որ 11 թեստից 9-ը հաճախ կարող է կեղծ բացասական արդյունք ցույց տալ. կինը կարող է հղիանալ, բայց թեստը դա կարող է ցույց չտալ։ Այս մասին նախազգուշացնում են Վաշինգտոնի համալսարանի աշխատակիցները։
Մեսին իմ տեսած լավագույն ֆուտբոլիստն է. Կլոպ
30 Ապրիլի 2019 - 23:37
Մեսին իմ տեսած լավագույն ֆուտբոլիստն է, ասել է անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման նախօրեին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 18195
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական