Facebook   Twitter
 
«Աթեիստ էին ինձ սարքել». Շահսուվարյան փողոցում անչափահաս տղան դանակի 23 հարվածով սպանել է «հալալ» ընկերոջը

«Աթեիստ էին ինձ սարքել». Շահսուվարյան փողոցում անչափահաս տղան դանակի 23 հարվածով սպանել է «հալալ» ընկերոջը

16 Ապրիլի 2018 - 22:01
Ինչպես տեղեկացնում է 1in.am -ը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ ավարտվել է Սուրեն Մ.-ի գործի դատական քննությունը:


1998 թվականի մայիսին ծնված Սուրենը դեպքի պահին անչափահաս էր՝ 17 տարեկան: Նրան մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հունվարի 6-ին՝ Սուրբ Ծնունդի օրը, ժամը 20-ն անց 30-ի սահմաններում Շահսուվարյան փողոցի բակերից մեկում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ Խաչիկ Ղ.-ին սպանելու դիտավորությամբ իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նրա մարմնի կենսական կարևոր նշանակություն ունեցող մասերին՝ պատճառելով հեմոպնևմոթորաքսով, հեմոպերիկարդով զուգորդված, ձախից՝ ութերորդ կողոսկրի կոտրվածքով պլևրալ խոռոչներ թափանցող, ձախ թոքի բազմաթիվ միջանցիկ ու կույր, սրտապարկի, սրտի ձախ փորոքի վնասումով, հեմոպերիտոնեումով զուգորդված, հետորովայնամզային տարածության արյունահավաքով ձախ գոտկային շրջան թափանցող ծակած-կտրած վերքեր:

Ստացած վնասվածքներից Խաչիկ Ղ.-ն գիտակցության չգալով՝ 2016 թվականի փետրվարի 9-ի վաղ առավոտյան՝ ժամը 6-ն անց 30-ի սահմաններում հիվանդանոցում մահացել է:

Սուրեն Մ.-ն դատարանում իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն և հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննական ցուցմունքում Սուրեն Մ.-ն հայտնել է, որ հաշվառված է համապատասխան կլինիկայում՝ վարքի և հույզերի խանգարման ախտորոշմամբ:

Շուրջ 9 տարի ճանաչել է տուժող Խաչիկին, եղել են մտերիմ ընկերներ, այցելել են միմյանց տներ: Ընկերություն է արել նաև Աբելի, Գառնիկի ու մի քանի ուրիշ տղաների հետ:

Դեպքից մոտ երկու ամիս առաջ իր, Խաչիկի ու մի քանի տղաների հարաբերությունները սկսել են բարդանալ: Խաչիկն ու Աբելը հաճախ իրենից գումարներ են պահանջել: Սկզբում ինքը գումարներ տվել է՝ նրանք գիտեին, որ ինքը իր նկարները վաճառում է, մոտը գումար է լինում: Նրանք իրեն պարտք էին մոտ 30 հազար դրամ:

Դեպքի օրը՝ 2016 թվականի հունվարի 6-ին առավոտից ինքը տանն է եղել, նկարել է, իսկ երեկոյան իրենց շան հետ դուրս է եկել զբոսնելու և տուն է գնացել:

Ժամը 12-ից մինչև 20-ը իր հեռախոսին զանգեր են եկել Գառնիկի հեռախոսից: Խոսել է Խաչիկը՝ նա պահանջել է, որ ինքն իջնի ու գումար տա: Ինքը չի ցանկացել իջնել: Նրանք բազմիցս զանգել են, սպառնացել են, ինքը հեռախոսը վերցրել և բակ է իջել:

Բակում տեսել է Խաչիկին, Աբելին, Գառնիկին: Խաչիկը սպառնալից տոնով հարցրել է՝ փողը բերել ե՞ս: Ինքն ասել է՝ փող չկա: Խաչիկն ու Աբելը սկսել են հայհոյել, անգամ՝ ծաղրել իրեն: Ինքն ուշադրություն չի դարձրել, արհամարհել է:

Իրենք քայլել են մինչև Գառնիկենց շենքի մուտքը: Նրանք շարունակում էին ու պահանջում էին, որ նրանց հետ ինքը գնա Վլադի ծնունդին: Ինքը չի համաձայնել: Նրանք պնդել են, ծաղրական ժեստեր են արել, «հայհոյել են այդ պահով»:

Խաչիկն ավելի ակտիվ է եղել, նա իրեն «մայր» է հայհոյել: Դրանից հետո ինքն այլևս իրեն չի տիրապետել, մոտեցել է Խաչիկին, նկատել է, որ նրա ձեռքին դանակ կա: Նա ցանկացել է խփել իրեն, այդ պահին ինքը դանակը խլել է նրանից:

Խաչիկը ձեռքով խփել է իր դեմքին: Ինքը դանակով հարվածել է նրան՝ քանի անգամ՝ չի կարող ասել, շոկի մեջ է եղել, չի գիտակցել իր գործողությունների հետևանքները:

Սուրեն Մ.-ն հայտնել է, թե նպատակ չի ունեցել սպանելու, սկզբից մինչև վերջին պահը ցանկացել է հարթել վեճը՝ նկատի ունենալով, որ իրենք մտերիմ ընկերներ են, նույնիսկ չի ցանկացել Խաչիկին մարմնական վնասվածք պատճառել:

Քանի որ առաջին անգամ էր նման իրավիճակում, վախեցել է անմիջապես ոստիկանություն ներկայանալ: Բայց հասկանալով, որ պետք է իր արարքի համար պատասխան տա, հոր ուղեկցությամբ 2016 թվականի մարտի 23-ին կամովին ներկայացել է քննչական բաժին:

Սուրեն Մ.-ն հայտնել է, թե զղջում ու ցավում է կատարվածի համար՝ մինչև օրս թվում է՝ դեպքը երազի մեջ է եղել, ու Խաչիկը մինչ օրս ողջ է:

Ըստ Սուրենի՝ հայհոյանքները հնչել են մյուս տղաների ներկայությամբ, իրեն անվանել են «գ…», ասել են՝ դու ի՞նչ տղա ես…

Սուրեն Մ.-ն նշել է, որ ինքը կնքված է, կնունքի խաչ ունի: Որոշ զրույցների ժամանակ ինքն ասել է, որ կյանքին պետք է «ռեալ նայել, քանի որ մարդկային գործոնն ավելի ռեալ է»…

Ըստ Սուրենի՝ «աթեիստի թեման շոշափելու ժամանակ՝ Գառնիկենց շենքի մուտքի մոտ, Խաչիկն ասել է. «Դու ոնց վերաբերվում ես համասեռամոլներին, էդպես էլ մենք վերաբերվում ենք քո նման ռեալ մտածող մարդկանց»:

Այդ խոսակցությունն իրեն շատ է հուզել, իր կարծիքով՝ նրանք ուզում էին «աթեիստի» պիտակ կպցնել իրեն, քանի որ ինքը նրանց ցանկությունը չէր կատարել՝ գումար չէր տվել, նվեր չէր գնել:

Նախաքննության ժամանակ քննիչը հարցրել է. «Ձեր կողմից հասցված շուրջ 23 մարմնական վնասվածքները… ավելի բնորոշ են վրեժխնդիր լինելուն, այլ ոչ թե պատահական հասցված մարմնական վնասվածքների»:

Սուրեն Մ.-ն պատասխանել է՝ չի կարող ասել՝ քանի անգամ է հարվածել Խաչիկին, քանի որ չի գիտակցել ու չի տիրապետել իրեն, «պահի տակ գտնվել է շոկի մեջ»:

Սուրեն Մ.-ն հայտնել է, թե դեպքից հետո դանակը գցել է աղբարկղը, ինքը մտել է իրենց ավտոտնակ, վատ է զգացել, այնտեղ քնել է, իսկ առավոտյան փախել է ավտոտնակից: Մեկ-երկու օր եղել է փողոցում, իր տեղը չի ասել…

Սուրեն Մ.-ն նաև հայտնել է, որ աղանդավոր կամ աթեիստ չէ, ինքը քրիստոնյա է…

Տուժողի իրավահաջորդը՝ Խաչիկ Ղ.-ի մայրը, հայտնել է, թե Խաչիկը հինգ տարեկանից սպորտով է զբաղվել, վերջին տարիներին թայլանդական բոքս է պարապել: Խաչիկն ու Սուրենը ընկերություն են արել:

Դեպքի օրն ինքը աշխատանքի է եղել: Երեկոյան տուն է վերադարձել, Խաչիկն ու Աբելն իրենց տանն էին: Ժամը 20-ի սահմաններում նրանք դուրս են եկել տանից: Խաչիկն ասել է, թե տասը րոպեից կվերադառնա: Ժամը 21-ին հարևանը եկել է, իրեն ասել է, որ հագնվի, գնան հիվանդանոց՝ Խաչիկը հիվանդանոցում է: Այնտեղ իմացել է, որ Խաչիկի վիճակը ծայրահեղ ծանր է: Աբելն իրեն պատմել է, որ Սուրենն է դանակահարել Խաչիկին, որովհետև նրան ասել են՝ պետք չի աթեիստ լինել, Սուրենն էլ պատասխանել է, որ այդ հարցով իրեն բան չասեն… Հետո Սուրենը դանակով հարվածներ է հասցրել Խաչիկին…

Տուժողի իրավահաջորդը նշել է, որ իր որդին «չափված-ձևած մարդ էր», նա որևէ մեկին չի վիրավորել, չէր կարող վիրավորել, նա այդպիսի դաստիարակություն չի ստացել… Խաչիկը մոտը դանակ չի պահել…

Սուրեն Մ.-ի հայրը հայտնել է, որ իր որդին, Խաչիկը, Աբելը «հալալ ընկերներ» են եղել: Դեպքի օրը Սուրենն իրենց շանը «ման է տվել», տուն է եկել, հետո ասել է, թե տասը-տասնհինգ րոպեով պիտի դուրս գա: Ասել է, թե ընկերների հետ է: Բայց նա գնացելև ուշացել է: Ինքը լուսամուտից նայել, նրան է սպասել: Հետո պատշգամբից տեսել է նրան, նա ասել է, թե դեպք է պատահել, իրեն չփնտրեն, ասել է, թե խնդիրը Խաչիկի հետ է կապված: Նա հեռախոսը գցել է ձյան մեջ ու փախել է: Ինքն իջել է, վերցրել է նրա հեռախոսը:

Ինքն ու կինը գնացել են Խաչիկենց տուն, նրա մոր հետ գնացել են հիվանդանոց: Սուրենն իրեն ասել է, թե երկու անգամ է հարվածել Խաչիկին: Բայց հիվանդանոցում պարզվել է՝ հարվածները շատ են եղել…

Սուրենի հայրն ասել է, թե որդին դեպքից հետո է իրեն պատմել, որ ընկերները նեղել են, անպատվել, գումար են ուզել, պահանջել են նվեր գնել: Նրա 10-12 տարվա ընկերները «ծնող, մայր» են հայհոյել, «ինչ ստոր հայհոյանք ասես՝ տվել են… խեղդել են՝ ասել են՝ էս բեր, էն բեր…»: Ինքը նույնիսկ ամաչում է նրանց տված հայհոյանքները կրկնել…

2016 թվականի հոկտեմբերի 20-ին անցկացված դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ՝ Սուրեն Մ.-ն ճանաչվել է մեղսունակ, դեպքի պահին նա չի գտնվել ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակում:

2017 թվականի դեկտեմբերի 9-ին անցկացված կրկնակի դատահոգեբանական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ՝ Սուրեն Մ.-ն հանցավոր արարքը կատարելու պահին գտնվել է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում:

Հակասական եզրակացությունների և փորձագետների հարցաքննությունների, գործով ձեռք բերված ապացույցների հետազոտման արդյունքում դատարանը եզրակացրել է, որ Սուրեն Մ.-ի արարքը պետք է վերաորակել՝ նրա կատարածը սպանություն է՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում:

Սուրեն Մ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի ոչ թե 104 հոդվածի 1-ին մասով, այլ՝ 105 հոդվածի 1-ին մասով: Սուրեն Մ.-ն դատապարտվել է 2 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2016 թվականի մարտի 23-ից:

Ամբաստանյալից հօգուտ տուժողի իրավահաջորդի՝ կբռնագանձվի 2 միլիոն 243 հազար դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում:
 
Նմանատիպ նորություններ
Լևոն Մնացականյանի պաշտոնանկությունը ձեզ հայնտնի հանգամանքների բերումով չեմ կարող մեկնաբանել. Փաշինյան
19 Դեկտեմբերի 2018 - 18:16
Լևոն Մնացականյանի պաշտոնանկությունը ձեզ հայնտնի հանգամանքների բերումով չեմ կարող մեկնաբանել. ինչ վերաբերում է մտավախություններին, թե այդ փոփոխությունը կարող է ազդել բանակի մարտունակության վրա, դա շատ վատ մեկնաբանություն է մեր բանակի հասցեին:
Փաշինյանը՝ Լուկաշենկոյի սկանդալային հայտարարությունների մասին
19 Դեկտեմբերի 2018 - 18:15
Պարոն Լուկաշենկոն հայտարարում է՝ ես այսպես ասացի, այնպես ասացի, բայց չի ասում, թե ես ինչ ասացի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Դիլիջանում, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի աղմկահարույց հայտարարություններին:
Հանրային ռադիոյի գործադիր տնօրենը հրաժարական է տվել
19 Դեկտեմբերի 2018 - 17:58
Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը հրաժարական է տվել: Այս մասին տեղեկացնում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը։
Մեծ է հավանականությունը, որ Սփյուռքի նախարարություն այլեւս չենք ունենա. Նիկոլ Փաշինյան
19 Դեկտեմբերի 2018 - 17:56
Մեծ է հավանականությունը, որ նոր կառավարության կառուցվածքում Սփյուռքի նախարարություն չենք ունենա։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, երիտասարդ ձեռներեցների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հավաստի է լուրը, որ Սփյուռքի նախարարությունը կրճատվելու է։
ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախումբը դիմել է պետքարտուղար Մայք Պոմպեոյին՝ ՀՀ հետ երկկողմ հարաբերությունների զարգացման կոչով
19 Դեկտեմբերի 2018 - 17:44
ԱՄՆ Կոնգրեսի՝ Հայկական հարցերով հանձնախումբը հանդես է եկել հայ-ամերիկյան հարաբերությունների ռազմավարական բարելավման կոչ պարունակող բաց նամակով:
Արցախի հարցում որևէ նոր բան չկա. Նիկոլ Փաշինյան
19 Դեկտեմբերի 2018 - 17:38
Արցախի հարցում որևէ նոր բան չկա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Դիլիջանում, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նախիջևանի ուղղությամբ դիրքային տեղաշարժերի 95 տոկոսը տեղի է ունեցել փետրվար-մայիս ամիսներին. Փաշինյան
19 Դեկտեմբերի 2018 - 17:32
Նախիջևանի ուղղությամբ դիրքային տեղաշարժերի 95 տոկոսը տեղի է ունեցել փետրվար-մայիս ամիսներին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Դիլիջանում, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությաունը, ըստ որի Նախիջևանի ուղղությամբ 11 հազար հեկտար տարածք իրենց վերահսկողության տակ են վերցրել:
Թեւակոխում ենք առավել ինտենսիվ եւ ընդարձակ ծրագրերի կազմման ու իմպլեմենտացման փուլ. Փաշինյանը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին
19 Դեկտեմբերի 2018 - 17:16
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին:
Կալանավորված և դատապարտված 8 անձի մեղադրանք է առաջադրվել՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից փախուստի փորձ կատարելու համար. քրգործն ուղարկվել է դատարան
19 Դեկտեմբերի 2018 - 16:47
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից օտարերկրացի կալանավորված և դատապարտված անձանց կողմից փախուստի փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 8 անձի։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14368
 
Լրահոս`